Ծրագրեր

«Աշխարհացույց». դարերով անցած ճամփորդություն
7-րդ դարում՝ շատ ավելի վաղ, քան հնարավոր էր արբանյակների միջոցով ճշգրիտ քարտեզագրել երկրագունդը կամ տվյալների տեղատարափը փոխանցել լույսի արագությամբ, ծնունդ առավ ժամանակին մարդկությանը հայտնի, այդ թվում՝ Հայաստանը ներառող աշխարհի առաջին գիտական պատկերումը։
«Աշխարհացույցը» միջնադարյան աշխարհագրական հանճարեղ աշխատություն է, որն ավանդաբար ասոցացվում է հայ բազմագետ, գիտնական ու փիլիսոփա Անանիա Շիրակացու անվան հետ։ Դրանում քարտեզագրված են մայրցամաքները, կան չափումներ, նկարագրություններ, որոնք պատկերագրում են տեղանքները։
Մագաղաթին թանաքով գրված «Աշխարհացույցը» մեր սերունդներին ծառայել է ոչ միայն որպես աշխարհագրական և քարտեզագրական արձանագրություն, այլև մեր նախնիների՝ աշխարհը բացահայտելու մղման փայլուն վկայություն։ Այսօր՝ ավելի քան մեկ հազարամյակ անց, մենք այդ նույն ջահը տեղափոխում ենք թվային աշխարհ։ Բայց մեր «Աշխարհացույցը» «կենդանի» քարտեզ է, որը, մեկտեղելով ժամանակը, տարածությունն ու բովանդակությունը, ստեղծում է ներգրավող եզակի միջավայր՝ աշակերտին և ուսուցչին հնարավորություն տալով ուսումնասիրել գիտելիքի ողջ շղթան։
Ինչպես պատմական «Աշխարհացույցը» մի ժամանակ Հայաստանը կապեց արտաքին աշխարհին, այնպես էլ մերօրյա «Աշխարհացույցը» կոչված է հայ երեխաների համար դռներ բացելու դեպի արդիական ու հարուստ գիտելիքի աշխարհ։
Աշխարհացույց
«Աշխարհացույցը» «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի կողմից մշակված նորարարական կրթական ծրագիր է, որի նպատակն է բարելավել Հայաստանի հանրակրթության մակարդակը։ Այն վերափոխում է դասավանդման և ուսումնառության փորձը՝
- ստեղծելով բարձրորակ կրթական ռեսուրսներ՝ ստեղծված նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ,
- հզորացնելով ուսուցիչներին՝ նրանց մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով, և
- բարելավելով հանրակրթական դպրոցների կրթական միջավայրը՝ տեխնիկական վերազինման միջոցով։
«Աշխարհացույց» ծրագրի բոլոր բաղադրիչները փոխկապակցված են և լրացնում են միմյանց՝ ապահովելով համախմբված, սիներգետիկ ազդեցություն և ապացուցելով, որ գումարը իր գումարելիներից շատ ավելի մեծ է։

Նորարարական կրթական ռեսուրսներ
Ստեղծում ենք որակյալ թվային կրթական շտեմարան, որը մշակված է այնպես, որ ներգրավի մերօրյա սովորողին, խթանի ընկալումը, խրախուսի քննադատական մտածողությունն ու ուսումնառությունը դարձնի երկկողմանի գործընթաց։

Ուսուցիչների հզորացում
Մենք ուսուցիչներին առաջարկում ենք շարունակական մասնագիտական զարգացման և համալիր աջակցության ծրագրեր՝ նրանց զինելով նոր կարողություններով, հմտություններով, արդի մեթոդներով ու ինքնավստահությամբ, որպեսզի հաջողեն դասարանում և ոգեշնչեն գալիք սերնդին։

Դպրոցների տեխնիկական վերազինում
Համադրելով ժամանակակից կրթական տեխնիկան դասավանդման առաջատար մեթոդաբանությունների հետ՝ մենք օգնում ենք դպրոցներին փոխակերպել դասարանային փորձառությունը, վերացնել տեխնոլոգիական անջրպետը և յուրաքանչյուր սովորողի համար ճանապարհ բացել դեպի 21-րդ դարի կրթություն։
«Աշխարհացույցը» նպաստում է աշակերտի՝
- ստեղծարար մտքի զարգացմանը,
- վերլուծական և քննադատական մտքի ձևավորմանը,
- համակարգային մտածողությանը,
- հիշողության մարզմանը,
- առաջադիմության բարձրացմանը և այլն։
«Աշխարհացույցը» նպաստում է ուսուցչի՝
- ընդլայնել թվային գրագիտությունն ու ՏՏ հմտությունները
- լիարժեք կիրառել ժամանակակից դասավանդման գործիքները
- բարձրացնելով դասավանդման որակն ու արդյունավետությունը
- ուժեղացնել մասնագիտական հեղինակությունը՝ նորարարական և աշակերտակենտրոն մեթոդաբանությունների կիրառման միջոցով
«Աշխարհացույցի» կրթական բովանդակությունը՝ թվային շտեմարան Հայաստանի դպրոցների համար
«Աշխարհացույցի» բովանդակությունը Հայաստանի առաջին թվային շտեմարանն է, որը բավարարում է ՀՀ դպրոցական ծրագրի բոլոր պահանջները։ Կրթության մասնագետների, հետազոտողների, գիտնականների, մեթոդաբանների, խմբագիրների և սրբագիրների մի ողջ նվիրված թիմ ամեն օր մանրազնին մշակում է յուրաքանչյուր հոդված, քարտեզ և մեդիանյութ հարթակի համար։ Այն արդեն ներառում է 4-12-րդ դասարանների 11 առարկաների շուրջ 4,448 փորձագիտական հոդված, մինչև 1,000 ինտերակտիվ պատմական և թեմատիկ քարտեզներ, ինչպես նաև հարուստ մուլտիմեդիա ռեսուրսներ։ Եզակի և հստակ ճարտարապետությամբ այս ոչ դյուրին գործընթացը, որով ստեղծվում է «Աշխարհացույցի» յուրաքանչյուր կրթական նյութը, ապահովում է բովանդակության՝ ճշգրիտ, ներգրավող, մանկավարժորեն հիմնավորված և ներառական բնույթը։


«Աշխարհացույցի» թվային քարտեզները
«Աշխարհացույցի» թվային քարտեզները թույլ են տալիս վերաիմաստավորել հայկական դպրոցներում պատմություն, աշխարհագրություն և այլ առարկաների դասավանդումը՝ զարգացնելով պատմական ու տարածական մտածողություն։ «Աշխարհացույցի» յուրաքանչյուր քարտեզ ստեղծելիս մեկտեղվում են ակադեմիական քարտեզագրությունը և ժամանակակից քարտեզագիտական տեխնոլոգիաները (օրինակ՝ Աշխարհագրական տեղեկատվական համակարգ), որի արդյունքում ստեղծվում են պատմական խորություն ունեցող, ճշգրիտ ու դինամիկ թվային քարտեզներ։ Դրանք ոչ միայն գունեղ են, հարուստ բովանդակությամբ ու ինտերակտիվ, այլև լիովին համահունչ են տվյալ կրթական նյութին՝ թեմային ու դասին։
«Աշխարհացույցի» քարտեզները մեզ համար պարզապես ֆիզիկական պատկերումներ չեն․ դրանք նախ և առաջ մեր պատմական ժառանգությունը թվային միջավայրում հասանելի դարձնելու, պահպանելու ու սերունդներին փոխանցելու կարևոր միջոց են։ Ամենայն մանրամասնությամբ ստեղծված ու ճշգրտված «Աշխարհացույցի»՝ Մեծ Հայքի առաջին ամբողջական թվային դպրոցական քարտեզը լավագույն օրինակներից է․ այն թույլ է տալիս հայ սովորողին իսկապես հասկանալ, ուսումնասիրել ու վերլուծել մեր հայրենիքի պատմական աշխարհագրությունը՝ հպարտությամբ և ճշգրիտ։
«Աշխարհացույցի» եռամսյա վերապատրաստման ծրագիր
Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր
Ուսուցիչների հզորացման առաջնային նախաձեռնություններից է «Աշխարհացույցի» Եռամսյա վերապատրաստման ծրագիրը։ Իրականացվելով հատուկ մշակված ուսումնական պլանով և առցանց ինտերակտիվ ձևաչափով՝ ծրագիրը ՀՀ բոլոր մարզերի ուսուցիչների համար դարձել է փոխակերպման մի ճանապարհ, որն ուղղորդում է դեպի «Աշխարհացույցի» հաջորդ՝ ավելի խորացված, թեմատիկ ու մենթորական վերապատրաստումներ։ Մինչ օրս Ծրագրի 5 շրջափուլին մասնակցել է 1000-ից ավելի ուսուցիչ, որոնցից 320-ը ստացել է Ծրագրի տիրապետման տարբեր մակարդակի հավաստագրեր։ Այս ծրագրում հավաստագիր ստանում են միայն նրանք, ովքեր սովորում, կիրառում ու իրենց դասարանային փորձով կիսվում են ծրագրի մասնակից մի քանի հարյուր գործընկերների հետ։ Երեք տարի՝ ամեն ուրբաթ, մեկ հարթակում սովորելու ու կիսվելու այս ներգրավող փորձառությունն ուսուցիչների մոտ խթանում է ոչ միայն շարունակական կրթության, նորարարություններն ընդունելու ու փորձարկելու նոր մշակույթ, այլև՝ ձևավորում շատ ավելի խոր՝ մասնագիտական պատկանելիության զգացում։


«Ուսուցչի մենթորության կրթաթոշակ» ծրագիր
«Աշխարհացույց» ծրագրի հասունացմանը զուգահեռ զարգացավ նաև առաջնորդական հատկանիշներ ունեցող մեր ուսուցիչներին հզորացնելու կարիքն ու պահանջը։ 2023 թ․ մեկնարկեց «Ուսուցչի մենթորության կրթաթոշակ» ծրագիրը, որի նպատակն է համալիր մասնագիտական և անձնային զարգացման միջոցով ստեղծել մենթորական հմտություններով ու գործիքակազմով զինված, մասնագիտական փորձն ու ոգեշնչումը գործընկերներին փոխանցելու պատրաստակամություն ու կարողություն ունեցող առաջնորդ-ուսուցիչներ, որոնք թե՛ որպես անհատ և թե՛ որպես համայնք զարկ կտան ՀՀ հանրակրթության որակի բարձրացմանը։ Իր տեսակով եզակի այս Ծրագիրը ՀՀ ուսուցիչներին առաջարկում է 6-ամսյա կրթաթոշակ և խորացված գործնական վերապատրաստում՝ կառուցված ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հաստատված 8 կարողունակությունների վրա՝ քննադատական մտածողություն, թվային գրագիտություն, քաղաքացիական կարողություններ, ինքնաճանաչում և այլն։
Մեկնարկից ի վեր «Ուսուցչի մենթորության կրթաթոշակ» ծրագիրը դարձել է չափելի փոփոխությունների հզոր խթան։ 2023 և 2024 թթ․ Ծրագիրը հաջողությամբ ավարտել է 53 գործող ուսուցիչ, որոնք ձևավորել են «Աշխարհացույցի» հավաստագրված մենթորների առաջին երկու խմբերը։ Նրանք միասին իրենց գիտելիքն ու փորձն են արդեն փոխանցել Հայաստանի 2000-ից ավելի ուսուցիչների։ Հիմնադրամի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն շրջանավարտների 100 %-ը դրական է գնահատել Ծրագիրը, 47 %-ը սկսել է աշխատել որպես վերապատրաստող ուսուցիչ և նրանցից շատերը ներգրավվել են տարբեր ծրագրերում՝ որպես փորձագետ-ուսուցիչ և շարունակում են մասնագիտական աճը տարատեսակ ծրագրերում։
ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ հիմնադրամը որակել է Ծրագիրը որպես համապարփակ ու կարևոր նախաձեռնություն՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման որակի բարելավմանը։
«Աշխարհացույցի» ճանաչման և գործածման մարզային սեմինաներ
«Վիզուալ Հայաստանում» մենք հավատում ենք, որ իրական վերափոխումը տեղի է ունենում ոչ միայն տեխնոլոգիայի, այլև մարդկային շփման միջոցով։ Ահա թե ինչու «Աշխարհացույցի» ճանաչման և գործածման մարզային վերապատրաստումները 2022 թ․ ի վեր դարձել են մեր գործունեության կենարար մասնիկը։ Վերջին երեք տարիների ընթացքում մեր թիմն այցելել է ՀՀ բոլոր մարզեր՝ մարզկենտրոններից մինչև հեռավոր գյուղեր՝ հանդիպելով հարյուրավոր ուսուցիչների ու կրթության շահառուների։ Բայց այս հանդիպումները մեզ համար շատ ավելին են․ դրանք ուշադիր լսելու, խնդիրներն ու հնարավորությունները տեղում ճանաչելու, վստահություն կառուցելու և հայկական դպրոցը հզորացնելու կարևոր աղբյուր են։ Եվ, այո՛, առաջադեմ թվային գործիքներն ու մանկավարժական մոտեցումներն ուղղակիորեն այս համայնքներ բերելը բացարձակ հրամայական է Հայաստանում 21-րդ դարի կրթության հավասար հասանելիություն ապահովելու համար։


«Վիզուալ Հայաստանը»՝ հավատարմագրված վերապատրաստող կառույց
Ազդեցության նոր մակարդակ
2024 թ․ օգոստոսին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորվեց որպես ուսուցիչների հերթական (պարտադիր) վերապատրաստում իրականացնող կառույց։ Այս ճանաչումն ամրապնդեց Հիմնադրամի դերը՝ որպես ՀՀ-ում ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման առաջատար կառույց և վստահելի ազգային գործընկեր։ «Բրեյնոգրաֆ» տեխնոլոգիայի կիրառմամբ իրականացվող մեր վերապատրաստումները լիարժեքորեն ինտեգրվեցին պետական պարտադիր վերապատրաստման փաթեթում՝ հնարավորություն տալով մասնակից ուսուցիչներին վաստակել կրթական կրեդիտներ։
Միայն 2024 թ. առաջին չորս՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 240 ուսուցիչ 270 ժամ վերապատրաստում անցավ «Վիզուալ Հայաստանում»։ Ծրագիրը կառուցվեց ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած 8 կարողունակությունների վրա, որի բոլոր փուլերը մանրազնին մշտադիտարկվեցին ԿԳՄՍՆ և ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից։ Այս նախնական արդյունքները վկայեցին Հիմնադրամի հանդեպ ուսուցչական համայնքի վստահության և մեր ծրագրերի արդյունավետության մասին։
«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ձեռնարկ
«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ուսումնամեթոդական ձեռնարկը ևս ստեղծվեց ի հասցեագրումն վերհանված կարիքի։ Տարիներ ի վեր հայ ուսուցիչները չեն ունեցել մասնագիտական կիրառական մի ռեսուրս, որը կարող էր ուղղորդել նրանց ամենօրյա դասավանդումը։ Կարիք, որ մեզ համար որպես խնդիր ձևակերպվեց 1000-ից ավելի ուսուցիչների հետ մեր աշխատանքի արդյունքում։ Ձեռնարկում հայ ուսուցչի համար հավաքվել, մշակվել ու տեղայնացվել է հանրակրթության ոլորտում աշխարհում այսօր գոյություն ունեցող առաջատար գիտելիքը՝ դասավանդման մեթոդաբանություններ, ռազմավարություններ ու հնարներ, որոնք «Աշխարհացույց» հարթակի միջոցով լիարժեք կիրառելի են դարձել։ Ձեռնարկը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից որպես ուսումնամեթոդական գրականություն, որում տեղ գտած բոլոր մեթոդներն ու հնարները փորձարկվել են «Աշխարհացույց» կրթական հարթակի վերապատրաստումներին մասնակից ուսուցիչների շրջանում։

«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագիր
«Ժամանակակից դասարաններում կրթաօժանդակ տեխնիկան ավելին է, քան պարզապես տեխնիկական միջոց․ այն մեր ժամանակների թուղթն ու գրիչն է, որի միջոցով սովորողն ուսումնասիրում ու հասկանում է աշխարհը»
«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագիրը ձևավորվեց հանրակրթական դպրոցներում «Բրեյնոգրաֆ» տեխնոլոգիայի ներդրման արդյունքում։ Երբ մեր թիմը ճամփորդում էր մարզից մարզ, դպրոցից դպրոց, ցավալիորեն պարզ դարձավ, որ շատ դասասենյակներ զուրկ էին անգամ «Աշխարհացույցով» դասավանդելու նվազագույն տեխնիկական հագեցվածությունից։ Շատ դեպքերում ուսուցիչներն իրենց հետ տնից համակարգիչ էին բերում կամ պրոյեկտորներ փոխառում հարևան դպրոցներից. նվիրումի արտակարգ դրսևորում, սակայն միևնույն ժամանակ այդ ամենում ընդգծվում էր ոչ միայն «Աշխարհացույցի» ներուժը, այլև՝ հանրակրթական դպրոցների տեխնիկական հագեցվածության մեծ բացը։ Ի պատասխան բացահայտված կարիքի՝ սկիզբ առավ մի ծրագիր, որի նպատակն էր հնարավորություն ընձեռնել հանրակրթական դպրոցներին սմարթ-էկրաններ վաստակել մասնակցելով մրցույթի, որն աշակերտների շրջանում կխթանի նախագծային ուսուցումը, համագործակցությունը, ստեղծագործ մոտեցումը և քննադատական մտածողությունը։
Մրցույթն իրականացվել է 2023 և 2024 թթ․։ Ընդհանուր առմամբ դիմել է 205 դպրոց ՀՀ բոլոր մարզերից, որոնք կատարել են տարբեր թեմաներով նախագծային աշխատանքներ, որի արդյունքում՝ 140 դպրոց վաստակել է սմարթ-էկրան։
Մեկ էկրանը մի ամբողջ միջավայր է փոխում։ Ժամանակի երեխաների գլխավոր զբաղմունքը, ցավոք, հեռախոսն է, և երբ դասարանում բացված է «Բրեյնոգրաֆը» մեծ «կրթական հեռախոսի» վրա, նրանց ուշադրությունը կենտրոնացնելը շատ ավելի հեշտ է։ Սմարթ-էկրաններն ավելի լայն կիրառում ունեն դպրոցներում․ դրանք ծառայում են բոլոր առարկաների ուսուցիչներին՝ փոխակերպելով դասարանները դինամիկ, համագործակցային միջավայրերի։

Նվիրաբերել

Registered before? Log in to use your saved details.
If you registered an account, please enter your details below to login. If this is your first time, proceed to the donation form.
 
				









 
  
  
 
