
Հոկտեմբերի 20-ին Երևանի COP17-ի Կանաչ գոտում «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ներկայացրեց մի կրթական մոտեցում, որի հիմքում պարզ, բայց կարևոր միտք է․ բնության մասին գիտելիքը կարող է պահպանության հիմք դառնալ, երբ սովորողը կապում է այն իր շրջակա միջավայրի հետ, ինքնուրույն ուսումնասիրում խնդիրները և իր բացահայտումները կիսում համայնքի ու մասնագետների հետ։
Աշակերտները COP17-ի բեմում խոսում էին ոչ թե բնության մասին ընդհանուր պատկերացումներով, այլ իրենց համայնքներում կատարած աշխատանքից՝ դիտարկումներից, քարտեզներից, հարցերից ու բացահայտումներից։ Նրանց ներկայացրած փորձը ցույց տվեց, թե ինչ կարող է փոխվել, երբ սովորողը դառնում է ոչ միայն գիտելիքի ստացող, այլև հետազոտող ու սեփական ուսումնառության ակտիվ մասնակից։
«Վիզուալ Հայաստանի» գլխավոր ելույթի և երեք պանելային քննարկումների առանցքում ՍԷԱԴ2026-ի փորձն էր։ «Աշխարհացույց» ծրագրի «Սմարթ-էկրաններ՝ Աշխարհացույցի դպրոցներին» նախագծային մրցույթ-ծրագրի շրջանակում 226 դպրոցական թիմ՝ 2260 սովորող ու ուսուցիչ, աշխատել է այս տարվա՝ «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան… գլոբալ խնդիրներ, տեղային լուծումներ» խորագրի շուրջ։
ՍԷԱԴ-ի մոտեցումը միավորում է ուսուցիչների և սովորողների խորքային ուսուցումը, նախագծային աշխատանքը, թվային միջավայրն ու համայնքային և մասնագիտական համագործակցությունը։ Թիմերն ուսումնասիրում են իրենց շրջապատի բնական արժեքներն ու բնապահպանական խնդիրները, իսկ նախագծային աշխատանքի արդյունքում հնարավորություն են ստանում իրենց դպրոցի համար ինտերակտիվ սմարթ-էկրան վաստակելու։ COP17-ում ներկայացված հարցն այն էր, թե ինչպես կարող է այս փորձը նպաստել կենսաբազմազանության մասին կրթությանը և դպրոցներում շարունակական ուսումնառության ձևավորմանը։
Գիտելիքից՝ դեպի իրական միջավայր
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի գլխավոր ելույթը՝ «Գիտելիքից դեպի գործողություն․ կրթությունը՝ կենսաբազմազանության պահպանության հիմք», անդրադարձավ կրթության դերին բնության նկատմամբ երկարաժամկետ վերաբերմունք ձևավորելու գործում։ Երբ սովորողը ուսումնասիրում է իր անմիջական միջավայրը, նա հարցադրում է կատարում, խնդիրներ է վեր հանում, հավաքում ու վերլուծում տվյալներ, փաստագրում և քարտեզագրում, համագործակցում մասնագետների հետ և մտածում հնարավոր լուծումների մասին։
Այդ ճանապարհին գիտելիքը դառնում է մեկնարկային կետ՝ բնության արժեքը հասկանալու, դրա նկատմամբ հոգատարություն զարգացնելու և պատասխանատվությամբ գործելու համար։ Ելույթի և պանելների միջով անցնող հիմնարար հարցը սա էր․ եթե վաղվա մասնագետը, քաղաքացին և որոշում կայացնողն այսօր դպրոցական է, ապա ի՞նչ հարաբերություն ենք մենք այսօր ձևավորում նրա և բնության միջև։
Երեք պանել՝ սովորողի բացահայտումներից մինչև երկարաժամկետ ազդեցություն
Քննարկման առաջին հատվածը՝ «Աշակերտի ձայնը․ հետազոտությունից դեպի բացահայտում», կենտրոնացավ սովորողների փորձառության վրա։ Նրանք պատմեցին ոչ միայն իրենց նախագծերի արդյունքների, այլև աշխատանքի ընթացքի մասին՝ ինչ հարցից են սկսել, ինչ աղբյուրներ ու թվային գործիքներ են օգտագործել, ում հետ են համագործակցել և ինչ են բացահայտել իրենց համայնքի ու շրջակա միջավայրի մասին։
Կապսի միջնակարգ դպրոցի սովորող Մերի Համբոյանը ներկայացրեց «Հիրիկի գաղտնի ճանապարհը՝ բացահայտումից դեպի պահպանություն» նախագիծը։ Թիմն ուսումնասիրել է հիրիկի հազվագյուտ տեսակների տարածվածությունը, կատարել դաշտային դիտարկումներ և քարտեզագրել բույսերի բնակավայրերը «Աշխարհացույց» հարթակում։ Աշխատանքի ընթացքում սովորողները նաև պատրաստել են իրազեկման նյութեր և ցուցադրություն՝ իրենց բացահայտումները դպրոցի ու համայնքի հետ կիսելու համար։
Երկրորդ պանելը՝ «Համայնքի ձայնը․ երբ սովորողը ստեղծում է հանրային արժեք», դպրոցական հետազոտությունը տեղափոխեց համայնքի և հաստատությունների հետ համագործակցության դաշտ։ Մասիս համայնքի Նորաբացի Միսակ Ապելյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը ուսումնասիրել է որդանախոտն ու Արարատյան որդան կարմիրը։ Սիսի տարածքում դրա առկայությունը փաստագրելուց հետո սովորողները տվյալներն ու հայտնաբերման վայրի կոորդինատները փոխանցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։ Նախարարության մասնագետներն ուսումնասիրել են տարածքը և հայտնել, որ հաջորդ տարի կշարունակեն դիտարկումները՝ հաշվի առնելով տեսակի կենսաբանական առանձնահատկությունները։
Այս օրինակը ցույց տվեց, թե ինչպես կարող է դպրոցական նախագիծը կապել սովորողին, ուսուցչին, համայնքին և մասնագիտական կառույցին մեկ իրական հարցի շուրջ։ Սովորողը բարձրացնում է հարցը, ուսուցիչն օգնում է կառուցել հետազոտությունը, մասնագետը՝ ստուգել ու հասկանալ տվյալները, իսկ համապատասխան կառույցը կարող է դրանք դիտարկել հետագա աշխատանքի համատեքստում։
Երրորդ և եզրափակիչ պանելը՝ «Փորձագետների և կրթության մասնագետների ձայնը․ կրթությունը՝ որպես երկարաժամկետ ներդրում», քննարկեց, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի առանձին նախագծերը վերածվեն շարունակական կրթական պրակտիկայի։ Գիտության, կրթության և մասնավոր հատվածի ներկայացուցիչները դիտարկեցին ուսուցիչների աջակցության, դպրոցների հետ աշխատանքի, մասնագիտական կապերի և տեխնոլոգիական հնարավորությունների դերը։
Զրույցի առանցքում կրթությունը դիտարկվեց որպես երկարաժամկետ ներդրում․ այն կարող է նպաստել բնապահպանական գրագիտության, քաղաքացիական ներգրավվածության և ապագա մասնագետների ձևավորմանը։ Միաժամանակ քննարկումը բաց պահեց կարևոր հարցը՝ ինչպե՞ս ստեղծել այնպիսի համագործակցություններ, որոնք հաջողված կրթական փորձը հասանելի կդարձնեն ավելի շատ դպրոցների։
COP17-ում ներկայացված փորձը մեկ ծրագրի շրջանակից դուրս եկող հարց է առաջադրում․ ինչպիսի՞ կրթություն է պետք, որպեսզի բնության մասին գիտելիքը կապվի իրական փորձառության, համայնքի և պատասխանատու գործողության հետ։ Սովորողների պատմությունները ցույց տվեցին, որ այդ ճանապարհը կարող է սկսվել դպրոցում՝ մեկ հարցից, մեկ դիտարկումից կամ իրենց միջավայրի հանդեպ նոր հետաքրքրությունից։ Իսկ դրա շարունակությունը կախված է նրանից, թե որքանով ենք պատրաստ լսել այդ հարցերը և սովորողներին տրամադրել հետազոտելու, համագործակցելու ու գործելու հնարավորություններ։






































