
Վանաձորի հանդիպման ընթացքում հնչած առաջարկներից մեկը հատկապես մտածելու տեղիք էր տալիս․ ուսուցիչներն առաջարկում էին «Աշխարհացույցի» վերապատրաստումները դարձնել պարտադիր։ Կրթական փոփոխությունների մասին քննարկումներում սովորաբար խոսվում է այն մասին, թե ուսուցիչն ինչ պիտի սովորի։ Այս անգամ անհրաժեշտության մասին խոսում էին հենց նրանք, ովքեր արդեն անցել էին այդ ճանապարհը և ցանկանում էին, որ նույն հնարավորությունն ունենան նաև իրենց գործընկերները։
Հոկտեմբերի 29-ին, չնայած ցրտին ու անձրևին, Վանաձորի տիկնիկային թատրոն էր եկել ավելի քան հարյուր մասնակից՝ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և ծնողական համայնքի ներկայացուցիչներ։ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի՝ «Աշխարհացույց․ Լոռու փորձը» հաշվետու հանդիպմանը նրանք բերել էին դասարանում կուտակված փորձը, նոր գործիքների մասին հարցերն ու դպրոցների կարիքները։ Զրույցի ընթացքում ավելի հստակ էր դառնում՝ վերապատրաստման արժեքը երևում է նաև դրանից հետո, երբ ուսուցիչը վերադառնում է իր դասարան և փորձում սովորածը գործածել։
Լոռու մարզում այս աշխատանքը մեկնարկել է մարտի 23-ին։ Առկա և հեռավար վերապատրաստումներին մասնակցել է 85 դպրոցի 545 ուսուցիչ՝ 21 խմբում, որոնցից 540-ն արդեն ստացել է հավաստագիր։ Վերապատրաստումները շարունակվում են։ Այս թվերի հետևում ուսուցիչների ստեղծած բովանդակությունն է, տարբեր առարկաներից պլանավորված դասերն ու միմյանցից սովորելու փորձը՝ պատմությունից և լեզուներից մինչև ֆիզիկա, շախմատ ու «Ես և շրջակա աշխարհը»։
Մարզի մենթոր-ուսուցիչ Նաիրա Սարգսյանը ներկայացրեց անցած ճանապարհի արդյունքները՝ ուսուցիչների ներգրավվածությունը, նոր գործիքներ փորձելու ոգևորությունն ու ձևավորվող մասնագիտական համայնքը։ Հանդիպումը վարում էր մարզային վերապատրաստումների ծրագրի համակարգող Հայկանուշ Ղևոնդյանը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանի և թիմի հետ անմիջական զրույցն ուղեկցվում էր բազմաթիվ հարցերով ու պատասխաններով՝ հարթակի կիրառությունից ու զարգացումից մինչև հիմնադրամի մյուս ծրագրերին միանալու հնարավորությունները։
Դեռ հանդիպումից առաջ՝ մասնակցության հայտերում, ուսուցիչներն արդեն ձևակերպել էին համագործակցության իրենց պատկերացումը։ «Հնարավո՞ր է մարզում ունենալ կենտրոն, թիմ, որը կմիավորի «Աշխարհացույցի» ուսուցիչներին»,- հարցնում էր նրանցից մեկը։ Մյուսներին հետաքրքրում էր՝ ինչպես կարող են իրենք ներգրավվել հարթակի մասնագիտական բովանդակության ստեղծմանը։ Այս հարցերում սեփական փորձն ու գիտելիքը ներդնելու պատրաստակամություն կար․ ուսուցիչները ցանկանում էին մասնակցել այն միջավայրի զարգացմանը, որից օգտվում են։
Հարցերը վերաբերում էին նաև դասարանում յուրաքանչյուր երեխայի մասնակցությունն ապահովելուն։ Ինչպե՞ս զարգացնել հարթակը տարբեր առաջադիմություն և ուսումնառության առանձնահատկություններ ունեցող աշակերտների համար։ Այս հարցի հիմքում ուսուցչին ծանոթ ամենօրյա խնդիրն է՝ նույն դասարանում սովորում են տարբեր պատրաստվածություն, սովորելու տեմպ ու կրթական կարիքներ ունեցող երեխաներ։ Հարթակի հնարավորություններն այստեղ գնահատվում են նրանով, թե որքանով են օգնում յուրաքանչյուր աշակերտի հասկանալ նյութը, մասնակցել դասին և առաջադիմել իր մեկնակետից։
Սովորածը կիրառելու համար անհրաժեշտ աջակցության մասին հարցերը հանդիպման ընթացքում ստանում էին նաև շատ գործնական ձևակերպում՝ սմարթ-էկրան ունենալու ցանկություն։ Դպրոցներում դրա կարիքը մեծ է․ ուսուցիչներն ուզում են դասարանում կիրառել այն գործիքները, որոնց արդեն ծանոթացել են վերապատրաստումների ընթացքում։ Նոր հմտությունների կողքին անհրաժեշտ են նաև պայմաններ՝ դրանք ամենօրյա աշխատանքի մաս դարձնելու համար։
Ուսուցիչների ակնկալիքներում կարևոր տեղ ունեին նաև գյուղական դպրոցներ այցելություններն ու վերապատրաստումից հետո շարունակվող համագործակցությունը։ Իսկ երկու հայտում նույն կարճ պատասխանն էր՝ «Կարևորում եմ մարդկային շփումը»։ Թվային հարթակի շուրջ ձևավորվող համայնքում ուսուցիչների համար կարևոր էր նաև հանդիպելու, հարցնելու և իրենց փորձը միմյանց փոխանցելու հնարավորությունը։
Այդ զրույցը շարունակվեց «Եթե Աշխարհացույցին միանանք, մեր դպրոցը․․․» խմբային աշխատանքի ընթացքում։ Մասնակիցները ձևակերպում էին իրենց սպասելիքներն ու պատկերացումները։ Նրանց պատասխաններն ու առաջարկները մեր թիմին օգնում էին ավելի լավ հասկանալ, թե ինչ աջակցություն է այսօր անհրաժեշտ Լոռու դպրոցներին և ինչպես շարունակել համատեղ աշխատանքը։
Հանդիպման կազմակերպմանը միացել էին նաև կամավորները։ Նրանց աջակցությունը, ուսուցիչների բաց խոսքն ու մասնակցելու պատրաստակամությունը օրվա այն մանրամասներից էին, որոնց մեջ տեսանելի էր դառնում ձևավորվող համայնքը։
Վանաձորից վերադառնում էինք ուսուցիչների հարցերով, առաջարկներով ու ակնկալիքներով։ Վերապատրաստումները շարունակելու, բովանդակության ստեղծմանը մասնակցելու և դպրոցները տեխնիկապես հագեցնելու ցանկությունների մեջ ընդհանուր մի նպատակ կար՝ սովորածը հասցնել դասարան և դրա միջոցով ավելի լավ արձագանքել երեխաների կարիքներին։ Այդ օրը հետագա համատեղ աշխատանքի օրակարգը ձևակերպում էին հենց ուսուցիչները։










































