Տնօրենի տեսլականը 21-րդ դարի դպրոցի մասին

Արթուր Տաշչյան, Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն, Կոտայքի մարզ

2023 թ․ փետրվարին «Աշխարհացույց» ծրագիրը ներդրվեց Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում։ Տնօրեն Արթուր Տաշչյանի համար այն դարձավ ոչ միայն դպրոցում նոր կրթական նախաձեռնություն, այլև՝ շրջադարձային պահ։ Դպրոցը միացավ «Աշխարհացույցին» դեռ փորձնական փուլում, և այն, ինչ սկսվեց որպես խոստումնալից մեկնարկ, շուտով վերածվեց ամուր գործընկերության։

Հենց սկզբից դպրոցի ուսուցչական կազմը նկատելի ոգևորությամբ ընդունեց «Աշխարհացույցի» գործիքները, բովանդակությունն ու վերապատրաստումները։ Սակայն վերափոխումն իրապես տեսանելի և խորապես աշակերտակենտրոն դարձավ այն ժամանակ, երբ դպրոցը ստացավ իր առաջին սմարթ-էկրանը։

«Այդ դասասենյակը այլևս նույնը չէ,- նշում է Տաշչյանը։- Այն, ինչ նախկինում սովորական ուսումնական տարածք էր, արագորեն փոխակերպվեց դպրոցի ամենադինամիկ և ամենասիրված սենյակներից մեկի։ Տարբեր դասարանների աշակերտներ այն զբաղեցնում են օրական տասը ժամից ավելի։ Գրեթե 200 աշակերտ ամեն օր օգտվում է սմարթ-էկրանից ոչ միայն պատմության կամ աշխարհագրության, այլև բոլոր առարկաների շրջանակներում»։
«Այս վերափոխումը դուրս է ակադեմիական շրջանակից․ աշակերտները հատուկ խնամքով են վերաբերվում այս դասասենյակին ու տեխնիկային,- ասում է տնօրենը։- Դա ցույց է տալիս մի էական բան. մենք նրանց մեջ սեր ենք սերմանում դպրոցի, համայնքի, հայրենիքի և աշխարհի հանդեպ»։ Տաշչյանի համար վերաբերմունքի նման խորքային փոփոխությունը նույնքան կարևոր է, որքան ակադեմիական առաջընթացը։

Դպրոցի տնօրենը վստահ է, որ «Աշխարհացույցի» ազդեցությունը գերազանցում է մեկ էկրանի կամ դասապլանի սահմանները. այն հիմնարար կերպով փոխակերպում է կրթական մշակույթը՝ խթանում նոր սովորույթներ, բարձրացնում ակնկալիքները, բարելավում կատարողականը և սահմանում գերազանցության նոր չափանիշներ ինչպես աշակերտների, այնպես էլ մանկավարժների շրջանում։ «Մենք պարզապես չենք հետևել ստորագրված հուշագրի կետերին,- հավելում է նա։- Մենք կառուցել ենք իսկական գործընկերություն։ Չկա «Վիզուալ Հայաստանի» գործունեության մի ճյուղ, որում մենք ներգրավված չլինենք»։

Արթուր Տաշչյանն այժմ մարտահրավեր է նետում իր ուսուցիչներին՝ ուսումնական յուրաքանչյուր օր սկսել հետևյալ հարցադրումով. «Այսօր ես ինչ՞ կարող եմ փոխել դեպի լավը»։ Նա համոզված է, որ զգալի փոփոխություն կարող է բերել յուրաքանչյուր ուսուցիչ՝ ճիշտ մտածելակերպի և ճիշտ տեխնիկական միջոցների առկայության դեպքում։ Խոստովանում է․ ««Աշխարհացույցը» մեզ պարզապես ռեսուրսներ չբերեց. այն մեզ հավատ ներշնչեց»։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.