
Արագածոտնում «Աշխարհացույցի» վերապատրաստումներին մասնակցել է 459 ուսուցիչ՝ 28 խմբում։ Հաշվետու հանդիպմանը թվերի կողքին հայտնվեցին նրանց պատմությունները՝ սովորելու, միմյանց օգնելու և դպրոցում նոր բան փորձելու մասին։
Վերապատրաստվող խմբերից մեկում ամուսիններ էին։ Ամուսինը խնդրում էր գործիքների կիրառությունը նախ իրեն բացատրել, որպեսզի տանը կարողանա օգնել նաև կնոջը։
Մեկ այլ խմբում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցչուհի էր փորձում սովորել։ Նա ցանկանում էր «Աշխարհացույցի» գործիքներին տիրապետել մինչև դպրոց վերադառնալը՝ ավելի հետաքրքիր դասեր անցկացնելու համար։ Փոքրիկի խնամքը թույլ չէր տվել ավարտել վերապատրաստումը։ Նա նորից էր միացել՝ հաջորդ խմբին։
Այս պատմությունները հոկտեմբերի 24-ին Թալինի համայնքային մշակութային կենտրոնում ներկայացնում էր Արագածոտնի մարզի «Աշխարհացույցի» մենթոր-ուսուցիչ Մարգարիտ Կարապետյանը։ Դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները հավաքվել էին ամփոփելու ամիսների աշխատանքը։ Սակայն պատմությունները զրույցը թվերից տեղափոխում էին առօրյա՝ այնտեղ, որտեղ ուսուցիչը ժամանակ է գտնում սովորելու, օգնություն է խնդրում կամ իր իմացածը փոխանցում գործընկերոջը։
Արագածոտնում արևոտ աշնանային շաբաթ օր էր։ Դահլիճում աշխատում էր նաև աշակերտական կամավորների թիմը։ Ուսուցիչն ու սովորողը հանդիպել էին դասարանից դուրս՝ միասին կազմակերպելու մի միջոցառում, որի քննարկման առարկան իրենց դպրոցների ապագան էր։
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կազմակերպած «Աշխարհացույց․ Արագածոտնի փորձը» հանդիպումը մարզային վերապատրաստումների եռաստիճան ծրագրի երրորդ՝ կենտրոնացված հաշվետու փուլն էր։ Այն միավորում էր երկու հարց՝ ի՞նչ է արդեն արվել, և ի՞նչ է անհրաժեշտ հաջորդ քայլի համար։
Վերապատրաստումից մինչև դասարան
Արագածոտնի մարզում վերապատրաստումները մեկնարկել են 2026 թվականի մարտի 23-ին՝ ընդգրկելով հիմնականում Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջանների ուսուցիչներին։
Մասնակիցները ծանոթացել են «Աշխարհացույց» կրթահարթակի գործիքակազմին և «Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ուսումնամեթոդական ձեռնարկին։ Գործնական աշխատանքների ու տնային հանձնարարությունների ընթացքում ստեղծել են փիներ և ցուցադրություններ՝ փորձելով հասկանալ, թե թվային գործիքներն ինչպես կարող են ծառայել իրենց դասին։
Աշխատանքներն ընդգրկել են մայրենի, գրականություն, պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա, շախմատ և օտար լեզուներ։ Նույն հարթակն ուսուցիչները կիրառել են տարբեր նպատակներով՝ ըստ առարկայի և սովորողների կարիքների։
Մարգարիտի ներկայացրած պատմություններից մեկում անգլերենի ուսուցիչը հարթակն իր օգնականն էր համարում․ այնտեղի նյութերն աշակերտների հետ կարդում ու թարգմանում էին։ Իսկ իսկ մաթեմատիկայի ուսուցիչը գտել էր Աշխարհացույցի կիրառման հետաքրքիր լուծում։
Այս օրինակները ցույց են տալիս կիրառության տարբեր ճանապարհներ։ Դրանք դեռ չեն չափում աշակերտների ուսումնառության արդյունքների փոփոխությունը, բայց պատկերացում են տալիս, թե ուսուցիչներն ինչպես են հարթակը ներառում իրենց աշխատանքում։
Ի՞նչ են ուզում ուսուցիչները
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թալինի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի տեղակալ Ալլա Գասպարյանը և «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։
Այնուհետև քննարկման կենտրոնում մասնակիցների փորձն ու առաջարկներն էին։ «Կողմնացույց» մեթոդով կազմակերպված գործնական աշխատանքը հնարավորություն տվեց խոսելու համագործակցության սպասումներից և այն պայմաններից, որոնք անհրաժեշտ են առաջ շարժվելու համար։
Ուսուցիչների առաջարկներում հաճախ էր կրկնվում աշակերտներին ավելի լայն ներգրավելու ցանկությունը։ Նրանք առաջարկում էին զարգացնել դպրոցների միջև համագործակցությունը, իրականացնել համատեղ նախաձեռնություններ ու մրցույթներ։ Ցանկանում էին նաև ավելի հաճախ հանդիպել առկա ձևաչափով՝ փորձը քննարկելու և գործընկերների հետ կապը շարունակելու համար։
Թվային կրթության մասին զրույցն արագ հասնում էր գործնական հարցերին։ Աշակերտներին պլանշետներ են անհրաժեշտ։ Հարթակում պետք են նոր առարկաներ։ Հատկապես ընդգծվում էր բջջային հավելված ունենալու ցանկությունը՝ հեռախոսով «Աշխարհացույցից» ավելի հարմար օգտվելու համար։
Այս առաջարկները հստակեցնում էին հետագա աշխատանքի ուղղությունները՝ բովանդակության ընդլայնումից մինչև սարքերի հասանելիություն և օգտագործման հարմարավետություն։ Միաժամանակ դրանք ցույց էին տալիս, որ ուսուցիչները քննարկում են հարթակն իրենց առօրյայում ավելի լայն կիրառելու հնարավորությունները։
Երբ համայնքն ինքն է «տեր»
Թալինի հանդիպման ընթացքում նկատելի էր տեղական թիմի ինքնուրույնությունը։ Մենթորները, ուսուցիչներն ու աշակերտական կամավորները կազմակերպել էին ջերմ ընդունելություն և ապահովում էին միջոցառման սահուն ընթացքը։
Ծրագրի թիմի համար սա տարիների աշխատանքը գնահատելու ևս մեկ հնարավորություն էր։ Տեղում արդեն կային մարդիկ, որոնք կարողանում էին պատասխանատվություն ստանձնել, գործընկերներին համախմբել և ընդհանուր գործն առաջ տանել։ Ուսուցիչների մասնագիտական կապերը շարունակվում էին վերապատրաստման խմբերից դուրս, իսկ աշակերտները մասնակցում էին այդ համայնքի աշխատանքին։
Թալինից վերադարձի ճանապարհը խորհելու ու վերարժևորելու ժամանակ էր։ Օրվանից հիշվում էին փոքրիկ դրվագները՝ հաջորդ խմբին կրկին միացած ուսուցչուհին, տանը կնոջն օգնել ցանկացող ամուսինը, շաբաթ օրը կամավոր աշխատող աշակերտները։
Այդ դրվագներում ավելի տեսանելի էր դառնում, թե ինչ է տեղի ունենում վերապատրաստումների միջև՝ մարդիկ շարունակում են սովորել, իրար օգնել և իրենց դպրոցների համար հաջորդ քայլն առաջարկել։











































