Տեսնելով ձայներից անդին. «Աշխարհացույցը» ծառայում է հատուկ կրթությանը

Արմինե Բաբայան, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրենը՝ Արմինե Բաբայանը, համոզված է, որ յուրաքանչյուր երեխա արժանի է և պետք է մոտիվացնող, ներգրավող ուսումնական միջավայրի լիարժեք մասնակիցը լինի, որտեղ կրթությունը կկազմակերպվի` հենվելով և շեշտադրելով սովորողի ուժեղ կողմերն ու յուրահատկությունները և ոչ երբեք դժվարություններն ու թույլ կողմերը։ Այն աշակերտների համար, որոնց աշխարհում ձայնը հաճախ բացակայում է, դա նշանակում է հաղորդակցության բացերը կամրջող ու տեսական գիտելիքը վիզուալիզացնող նորարարական կրթական ուղիներ։ Ավանդական գրատախտակներն ու թերի բովանդակությունը պարզապես բավարար չեն նման սովորողներին ներգրավելու համար։

«Ես ծանոթ էի «Աշխարհացույց» կրթական հարթակին դեռ նախկին աշխատավայրից և պետք է ամեն հնարավոր տարբերակ գտնեի, որ այստեղ ևս լիներ «Աշխարհացույց»։ Այսօր երեխաներին գրավել, բերել, կենտրոնացնել դասապրոցեսի վրա բավականին բարդ է։ Տեսողական անալիզատորի դերը չափազանց կարևոր է նրանց ուշադրությունը կենտրոնացնելու և դասը հետաքրքիր դարձնելու համար։ Առավել ևս այս խնդիրն ակտուալ է լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար։ Ինչո՞ւ։ Որովհետև մեկ անալիզատորի բացակայությունն, այսպես ասած, բերում է նրան, որ մյուս անալիզատորն ավելի ակտիվ է գործում։ Սա առաջին պատճառն էր, որ ինձ դրդեց կապ հաստատել «Աշխարհացույց» հարթակի հետ։

2024 թ․ Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը մասնակցեց «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագրին և մյուս դպրոցների հետ հավասարապես մրցակցության մեջ մտնելով՝ սմարթ-էկրան վաստակեց։ Արդյունքը երկար սպասել չտվեց։ «Աշխարհացույցը» և սմարթ-էկրանը հիմնարար կերպով վերափոխեցին դասի որակը։

Ուսուցիչներն ասում են, որ հիմա իրենց գործը շատ ավելի հետաքրքիր է դարձել, ավելի շատ են ոգևորվում դաս անցկացնելիս, որովհետև տեսնում են բալիկների աչուկները։ Օրինակ՝ անցնում են աշխարհագրական գոտիներ։ Բարդ թեմա է, երեխաները դժվար են պատկերացնում, իսկ «Աշխարհացույցի» միջոցով այն դառնում է, կարծես, պատկերազարդ հանրագիտարան, որը բացում ես, ու նկարները սկսում են շարժվել քեզ համար։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան հետաքրքիր է։ Բնականաբար ցածր առաջադիմությամբ աշակերտները ևս ավելի ուշադիր են սկսում դառնալ։ Մեկ, երկու, երեք․․․ սովորելու ցանկությունն ու մոտիվացիան կտրուկ բարձրանում է։ Բացի այդ, մի բան է երբ լսում են, այլ բան, երբ տեսնում են․ օրինակ՝ բառերն էկրանին հատ առ հատ։ Երբ գրված բառը ժեստով ընկալեց, տեսողական հիշեց, վերջ, այլևս սխալ չի անի։ «Աշխարհացույց»-ը հենց մեզ համար է»։

Արմինե Բադալյանը երազում է այն մասին, որ բոլոր առարկաները ներառվեն հարթակում։ «Աշխարհացույցն» ավելին է, քան պարզապես կրթական գործիք․ այն պատուհան է դեպի համակողմանի ընկալում, որը թույլ է տալիս լսողություն ունեցող երեխաներին ընկալել գիտելիքն այնպես, ինչպես երբևէ անհնարին է եղել պատկերացնել։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.