ՍԷԱԴ2026․ ՀԱՅՏՆԻ ԵՆ 80 ՀԱՂԹՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԸ

226 դպրոցական թիմ, շուրջ 2260 մասնակից, տարբեր համայնքներ Հայաստանի բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից, հարյուրավոր գաղափարներ և մեկ մեծ նպատակ՝ գիտելիքով փոխել մեր շրջապատը։

Հայտնի են «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» (ՍԷԱԴ2026) նախագծային մրցույթ-ծրագրի 80 հաղթող դպրոցները, որոնք իրենց կատարած աշխատանքի շնորհիվ կստանան նոր սերնդի սմարթ-էկրաններ։

Սակայն այս տարվա ամենամեծ ձեռքբերումը միայն հաղթողների թիվը չէ։

ՍԷԱԴ2026-ը դարձավ կրթության շուրջ համայնքային լայն համախմբման և հանրօգուտ նախաձեռնությունների իրական հարթակ։

«Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ գլոբալ խնդիրներ, տեղային լուծումներ» խորագրով մրցույթը Հայաստանի տարբեր համայնքների աշակերտներին ու ուսուցիչներին դուրս բերեց դասասենյակներից՝ դեպի դաշտային հետազոտություններ, լաբորատոր փորձարկումներ, համայնքային քննարկումներ և իրական խնդիրների լուծումների որոնում։

Խնդիրների լուծում փնտրող երեխաների շուրջ համախմբվեցին ծնողներ, համայնքների բնակիչներ, գիտնականներ, ոլորտային փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների ներկայացուցիչներ։

Դպրոցը դարձավ համայնքային նախաձեռնությունների կենտրոն, իսկ աշակերտները՝ իրենց համայնքի խնդիրները բացահայտող և փոփոխություններ առաջարկող ակտիվ մասնակիցներ։

Հետազոտությունից՝ հանրօգուտ արդյունք

Այս տարի դպրոցական նախագծերը զարմացրին իրենց թեմատիկ բազմազանությամբ, հետազոտական խորությամբ, կիրառված մեթոդներով ու ստեղծարար լուծումներով։

Աշակերտները ուսումնասիրեցին գետերի աղտոտվածությունը, կենսաբազմազանության պահպանության խնդիրները, անտառների ապագան, թափոնների կառավարումը, կայուն գյուղատնտեսությունն ու իրենց համայնքների բնապահպանական մարտահրավերները։

Մի շարք թիմեր հետազոտություններից անցան գործնական քայլերի՝ կազմակերպելով մաքրման աշխատանքներ, ծառատունկ, ստեղծելով բնապահպանական արտադրանք, քարտեզներ, տեղեկատվական գործիքներ և պետական ու համայնքային կառույցներին ներկայացնելով հիմնավորված առաջարկություններ։

Միայն մի քանի օրինակ.

  • Սիսիանի թիվ 5 դպրոցի սովորողների առաջարկը նպաստեց Որոտան գետի մաքրման աշխատանքների իրականացմանը։
  • Նորաբացի դպրոցականները հայտնաբերեցին անհետացման եզրին հայտնված որդան կարմիրը և քարտեզագրեցին համապատասխան տարածքը՝ անդրադառնալով համապետական նշանակության բնապահպանական խնդրի։
  • Թաիրովի միջնակարգ դպրոցի նախագծի շուրջ համագործակցեցին համայնքի ինը դպրոցներ։
  • Մարցի դպրոցականները հետազոտեցին գետի աղտոտվածությունը և Թումանյան համայնքի համար մշակեցին բնապահպանական կանոնակարգի առաջարկ։
  • Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները համադրեցին ջրի լաբորատոր հետազոտությունները, թվային քարտեզագրումը, գետափի մաքրման աշխատանքներն ու համայնքային իրազեկումը։

Սրանք ընդամենը մի քանի օրինակ են այն մեծ աշխատանքի, որի իրական արժեքը շատ ավելի լայն է, քան մրցութային արդյունքը։

Որակական նոր աստիճան՝ մասնագետների գնահատմամբ

ՍԷԱԴ2026-ի գնահատող հանձնաժողովի անդամներն արձանագրել են նախագծերի հետազոտական խորության, սովորողների նախաձեռնողականության, միջառարկայական համագործակցության և համայնքային ներգրավվածության նկատելի աճ։

«Ներկայացված նախագծերի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ սովորողները հնարավորություն են ստացել դուրս գալու դասագրքային գիտելիքի սահմաններից և ուսումնառությունը կապելու իրական խնդիրների հետ»,- ընդգծում է գնահատող հանձնաժողովի անդամ, ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի առարկայական չափորոշիչների և առարկայական ծրագրերի մասնագետ Մարիամ Պետրոսյանը։

Մասնագիտական գնահատականներում առանձնացվել են նաև միջազգային փորձը Հայաստանի պայմաններում տեղայնացնելու նախաձեռնությունները, բնագիտական և հասարակագիտական գիտելիքների համադրումը, «Աշխարհացույց» հարթակի ստեղծարար կիրառությունը։

Որոշ նախագծեր ունեն նաև շարունակական զարգացման, սեփական արտադրանքի ստեղծման և անգամ ստարտափ նախաձեռնությունների վերածվելու ներուժ։

ՍԷԱԴ2026-ը՝ միջազգային հարթակում

Այս տարին առանձնացավ նաև մեկ այլ կարևոր ձեռքբերմամբ։

Դպրոցական նախագծերից մի քանիսը ներկայացվեցին COP17-ի շրջանակում ինչպես «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը, այնպես էլ առանձին ձևաչափերով և ցուցադրություններով։

Սա ՍԷԱԴ-ի միջազգային ներկայացման առաջին կարևոր փորձառություններից էր՝ հնարավորություն տալով Հայաստանի դպրոցականների հետազոտական աշխատանքներն ու տեղային բնապահպանական լուծումները դուրս բերել ազգային շրջանակներից և ներկայացնել միջազգային լսարանին։

Երբ դպրոցական գաղափարը հայտնվում է միջազգային քննարկումների հարթակում, դա արդեն նոր հնարավորություն է ոչ միայն աշակերտի, այլև հայկական կրթության համար։

80 հաղթող։ 226 թիմերի ընդհանուր ձեռքբերում։

Այսօր շնորհավորում ենք բոլոր 80 հաղթող դպրոցներին՝ իրենց վաստակած սմարթ-էկրանների առթիվ։

Անշուշտ, շնորհավորում ենք նաև բոլոր մասնակիցներին, որովհետև այս մրցույթի արդյունքում ստեղծվել են նոր գիտելիքներ, համագործակցություններ, հետազոտական փորձառություն, հանրօգուտ նախաձեռնություններ և ամենակարևորը՝ սեփական ուժերի նկատմամբ վստահություն։

ՍԷԱԴ-ը պարզապես սմարթ-էկրանների մրցույթ չէ։ Այն հնարավորություն է, որ սովորողները սեփական աշխատանքով նոր տեխնոլոգիական միջավայր ստեղծեն իրենց դպրոցների համար՝ միաժամանակ զարգացնելով հետազոտելու, համագործակցելու, ստեղծելու և համայնքի կյանքին մասնակցելու կարողությունները։

Շնորհակալություն բոլոր աշակերտներին, ուսուցիչներին, նախագծերի ղեկավարներին, ծնողներին, գիտնականներին, փորձագետներին, համայնքային և պետական գործընկերներին՝ այս մեծ կրթական նախաձեռնության մասնակիցը լինելու համար։

«Սմարթ էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել Մանուկյան Սիմոն հիմնադրամի նշանակալի աջակցության շնորհիվ, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնին։

📍 ՍԷԱԴ2026-ի 80 հաղթող դպրոցների ամբողջական ցանկը

Գիտելիքից՝ գործողություն, դպրոցից՝ համայնք, գաղափարից՝ փոփոխություն։