
Երեք օր, այցելուների անդադար հոսք, բազմաթիվ հարցեր և մեկ կարևոր ուղերձ․ Հայաստանում ստեղծված կրթական տեխնոլոգիան կարող է հետաքրքրել ոչ միայն հայկական դպրոցներին, այլև միջազգային կրթական համայնքին։
Նոյեմբերի 20-22-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մասնակցեց DigiTec 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ ներկայացնելով «Աշխարհացույց» կրթական հարթակն ու դրա հիմքում ընկած հայկական Brainograph տեխնոլոգիան։
Արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների շուրջ ծավալվող միջազգային քննարկումների համատեքստում հիմնադրամը ներկայացրեց ժամանակակից կրթության առանցքային մարտահրավերներից մեկի գործնական լուծումը․ ինչպե՞ս տեխնոլոգիան վերածել ուսուցման արդյունավետ գործիքի, որը խթանում է սովորողի հետաքրքրությունն ու ներգրավվածությունը, զարգացնում ինքնուրույն ուսումնասիրելու և հետազոտելու կարողությունները։
Երեք օր շարունակ տաղավարի այցելուները ոչ միայն ծանոթացան տեխնոլոգիային, այլև անձամբ փորձարկեցին դրա հնարավորությունները՝ մեծ էկրանին ուսումնասիրելով ուսումնական բովանդակությունը, քարտեզագրելով, որոնելով, հարցեր տալով և բացահայտելով գիտելիքի ներկայացման ու յուրացման նոր ձևեր։
Առանձնահատուկ էր միջազգային հետաքրքրությունը։ Դիվանագիտական ներկայացուցիչների, օտարերկրյա գործընկերների և կրթության ոլորտի մասնագետների հետ հանդիպումները դուրս էին գալիս սովորական ցուցադրության սահմաններից՝ վերածվելով տեխնոլոգիայի կիրառման, նոր կրթական բովանդակության ստեղծման և հնարավոր համագործակցությունների շուրջ առարկայական քննարկումների։
DigiTec 2026-ը «Վիզուալ Հայաստանի» համար դարձավ նոր կապերի հաստատման, միջազգային երկխոսության և համագործակցության հեռանկարների բացահայտման հարթակ։ Այն նաև ամրապնդեց մեր համոզմունքը, որ Հայաստանը կարող է ոչ միայն կիրառել աշխարհում ստեղծվող կրթական տեխնոլոգիաները, այլև սեփական լուծումներն առաջարկել դպրոցական կրթության համաշխարհային մարտահրավերներին։
Սովորողների հետաքրքրության ու ներգրավվածության բարձրացում, աշակերտակենտրոն ուսուցման զարգացում, կրթության որակի և հասանելիության ապահովում․ սրանք մարտահրավերներ են, որոնց լուծումները փնտրում են աշխարհի տարբեր կրթական համակարգերում։ Մենք հավատում ենք, որ Հայաստանում ստեղծված «Աշխարհացույցը» (Brainograph.ai) կարող է դառնալ այդ լուծումներից մեկը՝ հայկական կրթական նորարարությունը ներկայացնելով միջազգային կրթական համայնքին։
Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԱՏՁՄ), մտքերի, մարդկանց և հնարավորությունների հանդիպման ու համագործակցության նման հարթակ ստեղծելու համար։























