Աշխարհացույցը 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայող ու արձագանքող ծրագիր է, ուզում եմ, որ այն ունենա պետական աջակցություն և պարտադիր լինի դպրոցներում․ զրույց Աշխարհացույցի մենթոր-ուսուցիչ Քրիստինե Ավետիսյանի հետ

«Մենթորության ծրագիրն ուսուցչին հզորացնող ծրագիր է, վերապատրաստման նոր մշակույթ մեր հանրապետությունում»։

««Աշխարհացույցի» մենթորության կրթաթոշակ» ծրագրի շրջանավարտ Քրիստինե Ավետիսյանն ամռանն է վերադարձել Միացյալ Նահանգներից։ Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած ուսուցիչների հետ նա մասնակցում էր կրթական 5-շաբաթյա վերապատրաստման ծրագրի։ Հենց այնտեղ էլ հասկացավ, որ Հայաստանը մանկավարժական մեթոդների տիրապետման մակարդակով հետ չի մնում առաջադեմ աշխարհից։ Միացյալ Նահանգներում նրան տալիս էին այն, ինչն արդեն սովորել էր «Աշխարհացույցի» մենթորության ծրագրով։

«Ես շատ գոհ եմ վերադարձել, բայց դրա համար «Աշխարհացույցին» եմ երախտապարտ։ Այն, ինչ տեսա այնտեղ, ժպիտ էր բերում դեմքիս, ասում էի. «Սա Սեդան (խմբ․՝ «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագրի գլխավոր դասընթացավար) ասել է, սա գիտեմ, սա էլ»։ Մեթոդները, որոնցով փորձում էին զարմացնել մեզ, ես արդեն գիտեի մենթորականից, ավելին՝ արդեն կիրառում էի դրանք ու շատ վստահ էի զգում ինձ։ Եվ երբ պետք է աշխատանք ներկայացնեինք, ես որպես թեմա վերցրի էմիգրացիան ու հենց «Աշխարհացույց» հարթակից էլ օգտվեցի։ Այն, ինչ «Վիզուալը» հիմա ներդնում է մեր երկրում, այնտեղ (խմբ․՝ ԱՄՆ-ում) տարիներ շարունակ կիրառում են։ Մենք չենք զիջում մտքով, միայն՝ տեխնիկապես»,- նկատում է ուսուցչուհի Ավետիսյանը։

Ուրախ է, որ ժամանակին հետևել է ընկերուհու խորհրդին ու մասնակցել «Աշխարհացույցի» մենթորական ծրագրին։ Մինչ այդ Քրիստինե Ավետիսյանը վաղուց արդեն գիտեր «Աշխարհացույց» հարթակի մասին՝ դեռ սաղմնավորման փուլից, ու առաջիններից էր, որ կիրառեց այն։ Այսօրվա պես հիշում է՝ ինչպես տարիներ առաջ իր դպրոցի տնօրենն առաջարկեց ծանոթանալ «Աշխարհացույցին», ինչպես ինքն առաջին անգամ այցելեց «Վիզուալ Հայաստանի» գրասենյակ ու խանդավառվեց «Աշխարհացույցի» գաղափարով։

«Ես, կարծես, ճիշտ պահին հայտնվեցի ճիշտ տեղում։ Գնացի, տեսա ու սիրահարվեցի «Աշխարհացույցին»,- Քրիստինե Ավետիսյանը հիշում է՝ ինչպես սկսեց հարթակն ազդել իր դասերի վրա, ու ինչպես էր այն տրամադրություն փոխում դասարանում: «Առաջին դասին քարտեզի վրա ցուցադրեցի, թե ինչպես է Տրդատը մեկնում Հռոմ, ու ինչպես է Ներոնը թագադրում նրան։ Երեխաները ոգևորվեցին։ Ես սիրում եմ, որ իմ դասը լինի ներգրավող, ամենաչհետաքրքրված աշակերտն էլ մի հյուլե տանի դասից։ Դա համարում եմ իմ հաղթանակը։ Այդ դասից հետո գրավոր աշխատանք տվեցի։ Բոլորը ճիշտ էին պատասխանել այն հարցին, թե ով է թագադրել Տրդատ արքային։ Նրանք ամեն օր հեռախոսների մեջ են, հիմա մենք այն դարձնում ենք գործիք՝ իրենց կրթելու համար»։

Քրիստինե Ավետիսյանը նախ՝ ծանոթացավ «Աշխարհացույց» հարթակին, հետո՝ աշակերտների հետ հաղթեց սմարթ-էկրաննների մրցույթում, ապա՝ մասնակցեց մենթորության ծրագրին։ Այս ամենն ամբողջապես փոխեց նրա մոտեցումը դասերին ու աշակերտներին, արդյունքում փոխվեցին ինքն ու իր դասերի որակը։

«Մենթորության ծրագիրն ամեն օր ու ժամ զինում էր նոր գաղափարներով ու մեթոդներով և փոխում մեր տեսակը,— պատմում է ուսուցչուհին, որը ծրագրին մասնակցել է 2024-ին ու եղել է երեսուն ընտրյալներից մեկը։ — Ես ավագ դպրոցում եմ աշխատում՝ դեռահասների հետ։ Պետք է միշտ լինել նոր ու ստեղծագործ, որ քեզնից սովորելու բան ունենան։ Ու ես բախտավոր եմ, որ մասնակցել եմ մենթորության ծրագրին։ Այն ուսուցչին հզորացնող ծրագիր է, վերապատրաստման նոր մշակույթ մեր հանրապետությունում։ Հետադարձ կապի մշակույթը ծրագրի ընթացքում ուղղակի հիացնում էր։ Սեդայի արձագանքն ու դիտարկումները ոգևորում էին ու մոտիվացնում։ Ես ինքս մոտ 50 ուսուցչի եմ վերապատրաստել։ Թեկուզ 1-2 հոգու էլ ոգևորած լինեմ, արդեն հաջողություն է։ Ես սիրում եմ փոքր քայլերի արվեստը։ Կրթությունը պիտի ցանես, սպասես, որ տեսնես արդյունքը»։

Փոքր, բայց հաստատուն քայլերով ուսուցչուհի Ավետիսյանը գնում է առաջ ու իր հետևից տանում աշակերտներին ու գործընկերներին։ Ասում է, որ նույնիսկ ամենադժվար աշակերտներին է կարողանում մասնակից դարձնել դասերին, ու դա «Աշխարհացույցի», մենթորության ծրագրով թարմացրած իր մեթոդական զինանոցի ու սմարթ-էկրանի շնորհիվ է։

«Աշխարհացույցը» 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայող ու արձագանքող ծրագիր է։ Ուզում եմ, որ այն ունենա պետական աջակցություն և պարտադիր լինի դպրոցներում։ Ուզում եմ, որ մենթորության կրթաթոշակային ծրագիրը լինի շարունակական՝ թեկուզ առանց կրթաթոշակի։ Եթե լինի հնարավորություն, ես նորից կմասնակցեմ։ Այսօր մրցունակ է անընդհատ կրթվող ու սովորող ուսուցիչը»։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.