Մեր նոր բրենդային ինքնությունն էլ սկսվում է երկու ակունքների հանդիպումից՝ հազարամյակների խորքից եկող հայկական մշակութային հիշողությունից և մեր ժամանակներում ծնված կրթական նորարարությունից։
Այդ պատմության առաջին ակունքը մեզ տարավ դեպի Սիսիանի շրջանից հայտնի բրոնզի դարյան կավե սափորը։ Նրա կարմիր մակերեսին պահպանված ալիքաձև և խաչվող գծերը մեզ համար դարձան ոչ թե պարզապես հնագույն զարդանախշ, այլ շարժման, հոսքի, կապի և շարունակականության տեսողական լեզու։ Ալիքները հիշեցնում են ջուր՝ ակունքից ծնվող և իր ճանապարհը գտնող հոսք։
Մեր ժամանակների ակունքը «Բրեյնոգրաֆ» կրթական տեխնոլոգիան էր։
Այն ստեղծվեց մեկ գաղափարից՝ գիտելիքը Հայաստանի դպրոցներում դարձնել տեսանելի, կենդանի, փոխկապակցված և դինամիկ։ Սկսելով Հայոց պատմությունից՝ այն 2021 թվականից մտավ դպրոցներ և աստիճանաբար դարձավ շատ ավելի մեծ կրթական շարժման սկզբնակետ։
Ինչպես փոքր ակունքից ծնված գետը ճանապարհին լայնանում է, ճյուղավորվում և նոր հոսքեր է ստեղծում, այնպես էլ նորարարության շուրջ ձևավորվեց «Աշխարհացույց» կրթական էկոհամակարգը։
Ակունքից ծնվեցին նոր հուներ՝ կրթական ռեսուրսներ, ուսուցիչների մասնագիտական հզորացում, դպրոցների տեխնիկական զարգացում, սովորողների և դպրոցական համայնքների ներգրավում։ Մեկ ակունքը դարձավ փոխկապակցված հոսքերի ամբողջական համակարգ։
Այս պատմությունն այսօր ապրում է մեր նոր լոգոյի յուրաքանչյուր գծի մեջ։
🔸 Շեղանկյունը՝ ակունքն է, սերմը, սկզբնակետը։
〰️ Հոսող գծերը՝ գիտելիքի շարժումն ու զարգացումը։
🔗 Միացող ուղղությունները՝ մարդկանց, գաղափարների, դպրոցների ու համայնքների կապը։
🪽 Վեր բարձրացող կառուցվածքը՝ ապագան է, որը թևեր է առնում։
Եվ այդ ամենի ներսում ձևավորվում են V և A տառերը՝ Visual Armenia։
Մեր նոր նշանը, հետևաբար, պարզապես նոր պատկեր չէ։
Այն պատմում է մեր անցած ճանապարհը։
Ակունքից՝ դեպի հոսք։
Հոսքից՝ դեպի կրթական էկոհամակարգ։
Կրթական էկոհամակարգից՝ դեպի Հայաստանի կրթության ապագա։
ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ․ Կառուցելով Հայաստանի կրթության ապագան․․․