Երբ դասական երաժշտությունն ու նորարարական կրթական հարթակը համադրվում են, ծնվում է կրթելու նոր «լեզու»
Uncategorized

Երբ դասական երաժշտությունն ու նորարարական կրթական հարթակը համադրվում են, ծնվում է կրթելու նոր «լեզու»

«Սիմֆոնիկ ԴասA»-ն «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ և «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի հետ ռազմավարական գործընկերությամբ, այս շաբաթ Գյումրիի դպրոցներում էր։ «Սիմֆոնիկ ԴասA» ծրագիրը դասական երաժշտությունը հասանելի է դարձնում հայկական դպրոցներում ոչ թե որպես մեկանգամյա ներկայացում, այլ որպես հանրակրթության կենսունակ բաղադրիչ։

Գյումրու ծրագրի շրջանակներում «Սիմֆոնիկ ԴասA»-ն պատիվ ունեցավ հյուրընկալելու «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի ռազմավարական գործընկեր Քրիստին Սիմոնին, «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանին և թիմերի անդամներին։ Նրանք մասնակցեցին երաժշտության երկու ինտերակտիվ դասերի Գյումրու Տնտեսագիտական և Ֆոտոն վարժարաններում, որոնց ընթացքում դպրոցների 12-18 տարեկան աշակերտները երաժշտական խաղերի միջոցով ուսումնասիրեցին ռիթմի, ակորդների և կոմպոզիցիայի սկզբունքները։ Տիկին Սիմոնի ջերմ ներկայությունն ու անմիջական մասնակցությունը դասերին դրանք դարձրեցին առավել հիշարժան և ոգեշնչող բոլորի համար։

Ծրագրի կարևորագույն նորույթն այն է, որ «Սիմֆոնիկ ԴասA»-ն այժմ հասանելի է «Աշխարհացույց» կրթական հարթակի 9 առարկաների կողքին՝ որպես հատուկ առարկա՝ հիմնականում ավագ դպրոցի աշակերտների համար, բայց մատչելի ու ընկալելի նաև այլ տարիքային խմբերին։ Դասընթացը կառուցված է «Ուղևորություն դեպի դասական երաժշտության աշխարհ» խորագրի տակ՝ երկու ընդլայնված դասով՝ «Նվագախմբի գաղտնիքները» (ծանոթություն սիմֆոնիկ նվագախմբին) և «Հարմոնիայի լեզուն» (զգացմունքներ, ռիթմ, կոմպոզիտորներ)։

Միայն այս երկու դասերի շրջանակում ստեղծվել է շուրջ 30 հոդված, որոնք ընդգրկում են թե տեսական, թե գործնական բաղադրիչներ։ Ստեղծվել է նաև «Նոտա» նոր կատեգորիան՝ նշանավորելով երաժշտության հիմքը. այս կատեգորիան ներառում է գործիքների, դիրիժորների, երաժշտական ուղղությունների ներկայացումներ։ Հոդվածները մշակվել են նեղ մասնագետների և մանկավարժների կողմից, և զետեղված են բազմալեզու աղբյուրներից՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Բովանդակությունը հագեցած է մեդիա նյութերով, տեսանյութերով և պատկերակներով, որոնց միջոցով ուսուցումն ավելի պատկերավոր և մատչելի է դառնում։

Դպրոցներում տիկին Սիմոնը սպասված հյուր ու բարեկամ է, նրա աջակցությամբ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» ծրագրի շրջանակներում երկու դպրոցն էլ վաստակել են նոր սերնդի սմարթ-էկրաններ։ Դպրոցների և մանկավարժական, և աշակերտական համայնքը մեծ խանդավառությամբ և գյումրեցուն հատուկ հյուրընկալությամբ դիմավորեցին հյուրերին։ Օրը նշանավորվեց ինչպես աշակերտական երգչախմբի ջերմագին կատարումներով, այնպես էլ Քրիստին Սիմոնի հարգարժան ընտանիքի, Գյումրու հին բարեկամներ Ալեք Մանուկյանի և Լուիզ Մանուկյան Սիմոնի մասին պատմական ակնարկ-ցուցադրությամբ։

Հիշեցնենք, որ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ինտերակտիվ դասեր են անցկացնում գյումրեցի պատանիների համար: Կրթական ինտերակտիվ դասերը ամփոփվում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեծ սիմֆոնիկ կազմով գալա համերգներով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում՝ ներկայացնելով դասական երաժշտության գլուխգործոցները։

Ի գիտություն․ Երաժշտություն առարկան ՀՀ հանրակրթության հիմնական առարկաներից է, որը դասավանդվում է գրեթե բոլոր դասարաններում։ Սակայն, երաժշտությունը պրակտիկայում ամենաթերագնահատված առարկաներից է, որը հաճախ ընկալվում է որպես երկրորդական կարևորության առարկա, այլ ոչ թե մտավոր և զգայական զարգացման կարևոր միջոց։ Այնինչ, բոլոր հետազոտությունները վկայում են, որ երաժշտական կրթությունը բարելավում է հիշողությունը, կենտրոնացումը, խոսքը, խնդիրները լուծելու կարողությունը՝ միաժամանակ նպաստելով ստեծարարության, ապրումակցաման և էմոցիանալ ինտելեկտի զարգացմանը։ Առարկայի ներուժի բացահայտման համար անհրաժեշտ են համապատասխան կրթական ռեսուրսներ, վերապատրաստված ուսուցիչներ և միջավայր, որը փորձում են իրագործել «Սիմֆոնիկ ԴասA»-ի և «Վիզուալ Հայաստան»-ի թիմերը։