Յուրաքանչյուր երեխայի հասանելի աշխարհ
«Աշխարհացույցը»՝ որպես համընդհանուր ներառականությանը նպաստող կրթական միջավայր

Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունը, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա ոչ միայն ներկա լինել, այլև մասնակցել, ինքնարտահայտվել, զարգանալ և իրեն գործընթացի լիարժեք մաս զգալ։
Այս հարցի շուրջ էր հունիսի 10-ին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամում կայացած «Աշխարհացույցը՝ որպես համընդհանուր ներառականությանը նպաստող գործիք» թեմայով մասնագիտական հանդիպումը, որը համախմբել էր շուրջ 50 ուսուցիչների, ծնողների, հոգեբան-մանկավարժների, հատուկ կրթության մասնագետների ողջ Հայաստանից։
Մասնակիցների բազմազանությունը պատահական չէր․ ներառական կրթությունը հնարավոր չէ կառուցել միայն ուսուցչի, ծնողի կամ մասնագետի ջանքերով։ Յուրաքանչյուր կողմ տեսնում է երեխայի փորձառության մի հատվածը, և միայն այդ դիտակետերը համադրելով է հնարավոր ձևավորել միջավայրեր, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է լիարժեք մասնակցել կրթական գործընթացին։
Հանդիպման նպատակներից էր հասկանալ, թե ինչպիսի դեր կարող է ունենալ «Աշխարհացույցը» համընդհանուր ներառականության առաջմղման գործում, քանի որ դա կրթության որակի կարևոր չափանիշ է։
Հանդիպման հյուր-բանախոս, ներառական կրթության մասնագետ, մանկավարժ-հոգեբան և դպրոցական ծրագրերի համակարգող Լիլիթ Սեյրանյանը ներկայացրեց մանկավարժական դիտարկումներ և երեխաների պատմություններ, որոնք թեման տեղափոխեցին տեսությունից դեպի իրական կյանք։ Քննարկման առանցքային մտքերից մեկը հետևյալն էր․ «Երեխան չէ, որ պետք է հարմարվի միջավայրին։ Միջավայրն է, որ պետք է հարմար լինի երեխային»։
Հենց այս տեսանկյունից էլ մասնակիցները դիտարկեցին «Աշխարհացույցը»՝ որպես ուսուցման, հաղորդակցման, բացահայտման և մասնակցության նոր հնարավորություններ ստեղծող միջավայր։
Քննարկման ընթացքում բազմիցս ընդգծվեց, որ երեխաները տարբեր կերպ են ճանաչում և ընկալում աշխարհը։ Ոմանց համար հատկապես կարևոր են տեսողական լուծումները՝ քարտեզները, պատկերակները, լուսանկարներն ու մեդիանյութերը, իսկ մյուսների համար՝ միջավայրի հետ անմիջական փոխազդեցությունը, ուսումնասիրելու, համեմատելու և ինքնուրույն բացահայտելու հնարավորությունը։ Մասնակիցների դիտարկմամբ՝ հենց այս բազմազան մուտքերն են «Աշխարհացույցը» դարձնում գրավիչ տարբեր կրթական կարիքներ ունեցող սովորողների համար։ Քարտեզները, գլոբուսը, չափման գործիքները, տեսողական հարուստ բովանդակությունը և տառաչափերի փոփոխման հնարավորությունը մի շարք դեպքերում նպաստում են ոչ միայն ուսումնական նյութի ավելի հասանելի ընկալմանը, այլև ուշադրության պահպանմանն ու սովորողների ակտիվ ներգրավմանը։
Մասնակիցներից մեկի ձևակերպմամբ էլ՝ «Աշխարհացույցը մի հատկություն ունի՝ թեև այն բարձր տեխնոլոգիա է, այն մարդուն մարդուց չի հեռացնում»։
Ուսուցիչներից մեկը պատմեց Դավիթի մասին, որը թեև ունի անհատական մոտեցման կարիք, բայց խորապես ներգրավվել է «Աշխարհացույցում»։ Դասերի ընթացքում հենց Դավիթն է հաճախ ուսուցչի ձեռքը բռնում ու տանում դեպի էկրանը՝ քարտեզների և ինտերակտիվ գործիքների կողմը։ Բայց այստեղ դերերը հաճախ փոխվում են։ Տեսնելով Դավիթի հետաքրքրվածությունը՝ մյուս երեխաներն էլ են մոտենում, հարցեր տալիս և ներգրավվում քննարկման մեջ։ Այդ պահին Դավիթը դառնում է ոչ թե աջակցություն ստացող, այլ ներգրավվածության նախաձեռնող։
Այլ է Ալիսի օրինակը, որն ամենից շատ սիրում է նկարել։ Մեդիաֆայլերի վրա նկարելու և նշումներ կատարելու նոր հնարավորությունը նրա ուսուցչի համար դարձավ գաղափար, թե ինչպես կարելի է Ալիսի սիրած զբաղմունքը վերածել ուսումնառության ձևի։ «Սեպտեմբերից անպայման փորձելու եմ աշխատել այս ձևաչափով, որպեսզի իրեն էլ ավելի ակտիվ ներգրավեմ դասերին»,-նշեց ուսուցիչը։
Հնչեցին նաև պատմություններ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես կարող են երեխաները երբեմն անսպասելի ձևով բացահայտել իրենց ուժեղ կողմերը։ Վանաձորի ուսուցիչներից մեկը պատմեց սովորողի մասին, որի մեծագույն հետաքրքրությունը տեխնոլոգիաներն են․ «Աշխարհացույցի» հետ աշխատելիս նա արագորեն դարձել էր դասարանի ամենաակտիվ սովորողներից մեկը։ Աստիճանաբար դասարանն էր սկսում հետևել իրեն։
Քննարկմանը միացած հոգեբան-մանկավարժ Արփինե Այվազյանը քննարկմանը բերեց ծնողի կարևոր տեսանկյունը՝ հիշեցնելով, որ ներառականությունը նախևառաջ վերաբերմունքի և պատկանելիության հարց է․ «Միայն սիրելը բավարար չէ։ Ներառականությունը յուրաքանչյուր երեխայի ուժեղ կողմերը տեսնելու, դրանք բացահայտելու մասին է։ Իմ երեխան էլ պետք է իրեն զգա գործընթացի լիարժեք մաս, ընկերներ ունենա, դժվարություններ հաղթահարի․․․»
Հանդիպման ավարտին մասնակիցների հետ Վիզուալի թիմն իրականացրեց SWOT վերլուծություն հասկանալու համար, թե ինչ է անհրաժեշտ «Աշխարհացույցը» համընդհանուր ներառականության սկզբունքներին առավել համապատասխանեցնելու համար։
«Աշխարհացույցի» համար սա ոչ թե ավարտված քննարկում էր, այլ զարգացման նոր մեկնարկ։ Քանի որ համընդհանուր ներառականությունը նպատակ չէ, որին կարելի է պարզապես հասնել։ Այն շարունակական գործընթաց է, որի ընթացքում կրթական միջավայրը մշտապես հարմարվում է սովորողին, սովորում նրանից և զարգանում նրա հետ միասին։
Եվ որքան ավելի բազմազան են երեխաները, այնքան ավելի ճկուն պետք է լինի կրթությունը։
Իսկ տեխնոլոգիան իր իրական արժեքը ձեռք է բերում այն ժամանակ, երբ օգնում է ոչ թե առանձնացնել, այլ յուրաքանչյուր երեխայի տալ մասնակցելու, բացահայտելու, սովորելու և իրեն կարևոր զգալու հնարավորություն։
Որովհետև յուրաքանչյուր երեխա արժանի է իրեն հասանելի աշխարհի։










































