Վախից դեպի առաջնորդություն. «Աշխարհացույցի» մենթորության ծրագրի երրորդ հոսքի պատմությունը
Uncategorized

Վախից դեպի առաջնորդություն. «Աշխարհացույցի» մենթորության ծրագրի երրորդ հոսքի պատմությունը

Ի՞նչ է փոխվում, երբ ուսուցիչն այլևս չի վախենում տեսախցիկից, հետադարձ կապից, սխալվելուց, նոր մեթոդ փորձարկելուց կամ գործընկերների առջև խոսելուց։

Այս հարցի ամենաանկեղծ պատասխանները հնչեցին հունիսի 29-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամում կայացած «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026» ծրագրի ավարտական միջոցառման և կլոր սեղան-քննարկման ընթացքում։

Հինգ ամիս նույն ճանապարհն անցած ուսուցիչները պատմեցին ոչ միայն այն մասին, թե ինչ են սովորել, այլև այն մասին, թե ինչ են հաղթահարել իրենց մեջ։ Հենց այդ պատմություններն էլ դարձան օրվա ամենակարևոր բացահայտումը։

Մասնագիտական վերապատրաստումից դեպի առաջնորդություն

«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակը» ուսուցչի կարողությունների հզորացման ծրագիր է, որի նպատակն է ձևավորել ոչ միայն ավելի հմուտ, այլև առաջնորդող, համագործակցող և մենթորական մտածողություն ունեցող ուսուցիչների համայնք։

Ծրագրի շրջանակում մրցութային կարգով ընտրված ուսուցիչները ամիսներ շարունակ մասնակցել են խորացված վերապատրաստման, աշխատել իրենց դասավանդման մոտեցումների, մեթոդական հմտությունների, հետադարձ կապի մշակույթի և առաջնորդական կարողությունների զարգացման վրա։

Միջոցառմանը մասնակցում էին ծրագրի շրջանավարտները, մարզային վերապատրաստող ուսուցիչները, հիմնադրամի գործընկերները և կրթության ոլորտի մասնագետներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը՝ ընդգծելով, որ կրթական ամենակայուն փոփոխությունները սկսվում են այն ուսուցչից, ով պատրաստ է շարունակել սովորել և իր փորձը կիսել ուրիշների հետ։

Այնուհետև կրթության միջազգային փորձագետ և ծրագրի ավագ դասընթացավար Սեդա Քոչարյանը ներկայացրեց ծրագրի գաղափարախոսությունը՝ անդրադառնալով մենթորության իրական նշանակությանը։

Իր խոսքում նա հիշեցրեց ամերիկացի մաթեմատիկոս Ջորջ Դանցիգի հայտնի պատմությունը։ Դանցիգը լուծել էր երկու խնդիր, որոնք համարվում էին անլուծելի պարզապես այն պատճառով, որ չգիտեր՝ դրանք «անհնար» են։ Այս պատմության ուղերձը դարձավ օրվա կարևոր շեշտադրումներից մեկը․ շատ հաճախ մեր ամենամեծ սահմանափակումը ոչ թե կարողությունների, այլ վախերի մեջ է։

«Այս ծրագիրը վախերից ազատվելու մասին էր»

Այս միտքը տարբեր ձևակերպումներով հնչեց գրեթե բոլոր ուսուցիչների խոսքում։

Մեկը պատմում էր տեսախցիկից ունեցած վախի մասին։ Մյուսը՝ սխալվելու։ Երրորդը՝ սեփական դասը հանրայնացնելու։ Չորրորդը՝ դպրոցը թողնելու մտքի։ Պատմությունները տարբեր էին, բայց եզրակացությունը՝ նույնը. մասնագիտական աճը սկսվել էր այն պահին, երբ ուսուցիչները դադարել էին վախենալ։

Այդ պատճառով էլ քննարկման ընթացքում ամենահաճախ կրկնվող բառերն էին վստահություն, աջակցություն, համայնք և հավատ։

«Դուք ստեղծել եք մի միջավայր…»

Քննարկման ընթացքում հնչած յուրաքանչյուր պատմություն յուրովի էր, բայց բոլորն ունեին մեկ ընդհանուր առանցք՝ մասնագիտական աճի համար անվտանգ, վստահելի և պահանջկոտ միջավայրի կարևորությունը։

«Դուք ստեղծել եք մի միջավայր, առանց որի ոչ թե դժվար է, այլ արդեն անհնար է պատկերացնել մեր մասնագիտական զարգացումը»,- ասում է Արարատի մարզի Փոքր Վեդու Մ․ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անուշ Հովսեփյանը։

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Ռուզաննա Հունանյանի համար ծրագիրը դարձավ կրթական փոփոխությունների ամենաբարդ փուլերից մեկը հաղթահարելու հենարան։

«Ես էլ եմ անդադար սովորում, իմ ուսուցիչն էլ (խմբ․՝ դասընթացի մենթորը) ինձ է ուղղում, ես էլ եմ սխալվում, շտկում, նորից առաջ գնում։ Էս ՀՊՉ-ն, որ մտավ դպրոց, եթե դուք չլինեիք, մենք չէինք հաղթահարելու էս փորձառությունը»,- ասում է նա։

Վանաձորի Եղիշե Չարենցի անվան թիվ 12 հիմնական դպրոցի հասարակագիտության ուսուցիչ Տաթևիկ Ստեփանյանը ծրագրի ազդեցությունը տեսնում է ամենօրյա դասարանում՝ իր աշակերտների վերաբերմունքում։

«Բարև ձեզ, ամենալավ առարկայի ամենալավ ուսուցիչ։ Այսպես են այսօր ինձ դիմավորում իմ աշակերտները։ Սա «Աշխարհացույցի» շնորհիվ ձեռք բերած ամենաթանկ գնահատականներից մեկն է»,- պատմում է նա։

«Ես պատրաստվում էի հեռանալ դպրոցից…»

Թերևս ամենահուզիչ պատմություններից մեկը Սյունիքի մարզի Գորիսի Ա․ Բակունցի անվան համար 1 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Գոհարիկ Մկրտչյանինն էր։

Նա պատմեց, որ դեռ երկու տարի առաջ որոշել էր թողնել դպրոցը։ Հոգնել էր, սպառվել, չէր պատկերացնում, որ կարող է նորից ոգևորվել իր աշխատանքով։ Բայց հետո եկավ «ՍԷԱԴ»-ը, ապա՝ մենթորության կրթաթոշակը։

«Ես վախեր ունեի, հատկապես՝ դասս նկարելուց, տեսախցիկից։ Բայց դուք աշխարհը բերեցիք մեր դասարաններ։ Շուտով 62 տարեկան եմ դառնալու, բայց կանգ չեմ առնելու, շատ բան ունեմ տալու, անելու։ Շնորհակալ եմ»,- ասում է նա։

Երբեմն մեկ կրթական ծրագիրը կարող է մարդուն վերադարձնել իր մասնագիտությանը։ Այս պատմությունը հենց դրա մասին էր։

«Աշխարհացույցը նախ մարդու մասին է…»

Կոտայքի մարզի Զորավանի միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ Հենրիետա Հովհաննիսյանի խոսքերն ասես ամփոփեցին ամբողջ օրվա տրամադրությունը։

«Աշխարհացույցը նախ մարդու մասին է, բարության, հետո՝ գիտելիքների ու հմտությունների։ Անվախության մասին, վախերից ձերբազատվելու մասին էր այս դասընթացը»։

Իսկ Գեղարքունիքի մարզի Գավառի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Սուսաննա Զիրոյանի խոսքը ծրագրի ազդեցությունը տեղափոխեց անձնականից դեպի հավաքական դաշտ։

«Աշխարհացույցը լույս է, ու դու վարակվում ես այդ լույսով։ Կանգ առած կրթական համակարգում դուք մեզ նոր հույս ու հավատ տվեցիք, իսկ հիմա այդ լույսն արդեն մերն է, մենք ենք այն տարածելու»։

Ծրագիր, որն արդեն դարձել է համայնք

Այս տարի ավարտվեց «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագրի արդեն երրորդ հոսքը։

Եվս 31 ուսուցիչ՝ Հայաստանի բոլոր մարզերից, ստացավ «Աշխարհացույց» կրթական ծրագրի մենթոր ուսուցչի որակավորում։ Այսպիսով, ծրագրի երեք տարիների ընթացքում ձևավորվել է արդեն 84 հավաստագրված մենթորների համայնք։

Այս տարվա ավարտական միջոցառումն ուներ ևս մեկ կարևոր խորհուրդ։ Դահլիճում ներկա էին նաև «Աշխարհացույցի» մարզային վերապատրաստող ուսուցիչները՝ մարդիկ, ովքեր դեռ մեկ կամ երկու տարի առաջ իրենք էին այս ծրագրի մենթիները, իսկ այսօր արդեն վերապատրաստում են իրենց գործընկերներին Հայաստանի տարբեր բնակավայրերում։

Այսպիսով, մենթորությունը դադարել է լինել միայն դասընթաց։ Այն դարձել է ուսուցիչների համայնք, որը շարունակում է ապրել նաև ծրագրի ավարտից հետո։

Վերջաբանի փոխարեն

Օրվա ընթացքում շատ խոսվեց ծրագրի ապագայի մասին։ Հնչեցին առաջարկներ՝ ֆոկուս խմբերի ընդլայնման, մենթորության նոր ձևաչափերի, ծրագրի ակադեմիական շարունակականության ապահովման վերաբերյալ։

«Այբ» դպրոցի պատմության ուսուցիչ Դավիթ Կարապետյանը նույնիսկ առաջարկեց ապագայում ծրագրի հիման վրա ստեղծել մագիստրոսական կրթական ուղղություն։

Բայց օրվա ավարտին կար մի ավելի խոր ընկալում․ ամենակարևոր որոշումն արդեն կայացվել էր ոչ թե սլայդների վրա, այլ մարդկանց մեջ։

Այս ուսուցիչները ցանկանում են շարունակել սովորել։ Շարունակել կիսվել։ Շարունակել առաջնորդել։ Եվ մեզանից պահանջում էին նորից լցնել իրենց «մենթորական երեքշաբթիները»։

Եվ ամենակարևորը՝ օգնել մյուս ուսուցիչներին նույնպես հաղթահարել այն վախերը, որոնցից իրենք արդեն ազատվել են։

Թերևս հենց այստեղից էլ սկսվում է մենթորությունը։