Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր․ ավարտվեց «Աշխարհացույցի» Եռամսյա վերապատրաստումների ամենամասշտաբային՝ 7-րդ շրջափուլը

Երբ վերապատրաստումն ավարտվում է, իսկ փոփոխությունը՝ շարունակվում
Երեք ամիս շարունակ, շաբաթը երկու անգամ՝ նույն ժամերին, Հայաստանի բոլոր մարզերից և Սփյուռքից հարյուրավոր ուսուցիչներ միավորվում էին մեկ ընդհանուր կրթական միջավայրում։ Նրանք գալիս էին նոր գիտելիքներ և գործիքներ ձեռք բերելու, սակայն երեք ամիս անց իրենց հետ տարան շատ ավելին՝ նոր գաղափարներ, նոր գործընկերներ, նոր մոտեցումներ և ամենակարևորը՝ դասավանդման նոր փորձառություն։
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման եռամսյա վերապատրաստումների 7-րդ շրջափուլն ավարտվեց՝ հերթական անգամ ապացուցելով, որ այն վաղուց դուրս է եկել սովորական վերապատրաստման ձևաչափից և դարձել է ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման, համագործակցության և փորձի փոխանակման կայացած հարթակ։
Ամենամասշտաբային շրջափուլը
Այս տարի ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը գերազանցեց բոլոր նախորդ ցուցանիշները։
- 1623 ուսուցիչ նախապես գրանցվեց ծրագրին,
- վերապատրաստումների ընթացքում միացավ ևս 253 նոր մասնակից,
- ընդհանուր ներգրավվածությունը հասավ 1876 ուսուցչի։
Եռամսյա ծրագիրն իրականացվեց 27 հանդիպմամբ (54 ակադեմիական ժամ)՝ սկսնակ և փորձառու ուսուցիչների համար ձևավորված առանձին խմբերով։ Յուրաքանչյուր ընդհանուր հանդիպմանը միջինում մասնակցում էր շուրջ 900 ուսուցիչ, ինչը ևս մեկ անգամ վկայում է ծրագրի նկատմամբ ձևավորված վստահության և պահանջարկի մասին։
Յոթերորդ շրջափուլի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ մասնակիցների աննախադեպ առարկայական ընդգրկվածությունն էր։ Եթե ծրագրի առաջին տարիներին այն հիմնականում միավորում էր պատմության և աշխարհագրության ուսուցիչներին, ապա այսօր այն դարձել է իրական միջառարկայական մասնագիտական հարթակ։ Վերապատրաստումներին մասնակցեցին հումանիտար, բնագիտամաթեմատիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, արվեստի և սպորտի ուղղությունների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դասարանների ուսուցիչներ, ուսուցչի օգնականներ, հոգեբաններ և կրթության կազմակերպման պատասխանատուներ։
Այս բազմազանությունը փաստում է, որ «Աշխարհացույցի» եռամսյա վերապատրաստումները վաղուց դարձել են ոչ թե մեկ առարկայի ուսուցիչների, այլ ժամանակակից կրթական մշակույթ ձևավորող ծրագիր։
Իսկ ի՞նչ գնահատական տվեցին հենց ուսուցիչները
Ծրագրի ավարտից հետո հավաքագրված հարյուրավոր արձագանքներն ունեն մեկ ընդհանրություն․ ուսուցիչները գրեթե չեն խոսում միայն հարթակի գործիքների մասին։ Նրանք խոսում են իրենց փոխված աշխատանքի, նոր մտածողության և դասարանում տեսած իրական փոփոխությունների մասին։
Մասնակիցների մեծ մասը նշում է, որ վերապատրաստումներից հետո դասերն ավելի պատկերավոր, հետազոտական և աշակերտակենտրոն են դարձել, իսկ սովորողների հետաքրքրվածությունն ու մասնակցությունն ակնհայտորեն աճել են։ Շատերն ընդգծում են, որ յուրաքանչյուր նոր շրջափուլ իրենց համար նոր գաղափարների, նոր մեթոդների և մասնագիտական վերալիցքավորման հնարավորություն է։
Արդեն յոթերորդ անգամ ծրագրին մասնակցող Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Անահիտ Առաքելյանը նշում է. «Ամեն անգամ ինձ համար նոր բան եմ բացահայտում, նոր մեթոդ եմ սովորում, որն ավելի է մոտիվացնում։ Փաստ է, որ փոխվել է դասերի որակը, փոխվել է նաև երեխաների հետաքրքրվածությունը, իսկ մեր աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել»։
Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Աննա Խաչատրյանը հավելում է. «Երեխաները մեծ սիրով են մասնակցում դասերին։ Նրանց հետաքրքրությունն անչափ մեծ է»։
Թերևս ամենահաճախ կրկնվող միտքը մեկն էր՝ «այս վերապատրաստումներն ամեն անգամ նոր բան են տալիս»։ Նույնիսկ այն ուսուցիչները, ովքեր ծրագրին միացել էին երկրորդ, երրորդ և նույնիսկ յոթերորդ անգամ, նշում էին, որ յուրաքանչյուր նոր շրջափուլ իրենց համար նոր բացահայտումների և մասնագիտական աճի հնարավորություն է։
Ծրագիր, որը շարունակում է զարգանալ
Յոթերորդ շրջափուլը դարձավ նաև ծրագրային կարևոր փոփոխությունների տարի։
2026 թվականին ամբողջությամբ վերամշակվեց վերապատրաստումների կառուցվածքը՝ այն համապատասխանեցնելով ուսուցիչների տարակարգի պահանջներին և հանրակրթության արդիականացման տրամաբանությանը։ Նորացվեց հավաստագրման համակարգը, ներդրվեցին ուսուցման երկու մակարդակներ, ընդլայնվեց գործնական բաղադրիչը, իսկ ուսուցիչների աշխատանքներն առավել սերտ կապվեցին դասարանային իրական փորձի հետ։
Շրջափուլի ընթացքում ներկայացվեց 367 ուսուցչական բանախոսություն, իսկ 584 ուսուցիչ արժանացավ «Աշխարհացույցի» գիտակ, հմուտ կամ հետազոտող ուսուցչի հավաստագրերի։ Հատկանշական է նաև, որ մի շարք մասնակիցներ հերթական անգամ էին ստանում հավաստագիր՝ փաստելով, որ ծրագրին վերադառնում են ոչ թե անհրաժեշտությունից, այլ դրա արժեքը գիտակցելով և սեփական մասնագիտական աճը շարունակելու նպատակով։
Կարևոր ձեռքբերում էր նաև այն, որ 2026 թվականին «Աշխարհացույցի» Եռամսյա վերապատրաստումների ծրագիրը երաշխավորվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, ինչը ևս մեկ անգամ հաստատեց ծրագրի համապատասխանությունը հանրակրթության բարեփոխումների առաջնահերթություններին։
Ուսուցիչների ձայնը
Հարյուրավոր արձագանքներում տարբեր ձևակերպումներ կային, սակայն դրանց բոլորի հիմքում նույն գաղափարն էր՝ վերապատրաստումները փոխել են ոչ միայն դասի կազմակերպման ձևը, այլև ուսուցչի մասնագիտական մտածողությունը։
ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետ Մարիամ Պետրոսյանը, որը երկու տարի շարունակ հետևել է ծրագրին, պատմում է. «Գրեթե բոլոր ուսուցիչները, որոնց հետ աշխատում էի, ասում էին՝ հիմա «Աշխարհացույցի» հանդիպման ենք, հետո կմիանանք։ Այդ հետաքրքրությունն ինձ ստիպեց ինքս մասնակցել դասերին։ Պիտի ազնվորեն խոստովանեմ, որ բարեխղճորեն երկու տարի շարունակ միացել եմ դասերին, հետևել եմ ամբողջ ընթացքին ու հասկացա, որ գործ ունեմ իրական հրաշքի հետ, որի համար շատ շնորհակալ եմ: Ինքս դասավանդում եմ Արվեստ առարկան ու շատ հետաքրքիր է այն ներկայացված հարթակում»։
Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցի բնագիտության ուսուցիչ Լիլիթ Դավթյանը կարևորում է ծրագրի մեկ այլ արդյունք. «Ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն էր, որ ձևավորվեց իրական թիմային աշխատանք, որի շնորհիվ ուսուցիչն ու աշակերտը դարձան մեկ թիմ»։
Այս երկու պատմությունները, թերևս, լավագույնս արտացոլում են հարյուրավոր ուսուցիչների ընդհանուր գնահատականը․ եռամսյա վերապատրաստումները ոչ միայն փոխանցում են նոր գիտելիքներ և գործիքներ, այլև ձևավորում են համագործակցության մշակույթ, ստեղծագործական մտածողություն և շարունակական սովորելու ներքին պահանջ։
Ավելին, քան վերապատրաստում
Յոթ շրջափուլերի ընթացքում կուտակված փորձը ցույց է տալիս, որ «Աշխարհացույցի» եռամսյա վերապատրաստումները վաղուց դարձել են ավելին, քան մասնագիտական զարգացման հերթական ծրագիր։
Այսօր դրանք միավորում են հազարավոր ուսուցիչների, ձևավորում փորձի փոխանակման և փոխուսուցման մշակույթ, խթանում միջառարկայական համագործակցությունը և նպաստում ժամանակակից կրթական գաղափարների տարածմանը Հայաստանի և Սփյուռքի դպրոցներում։
Ծրագրի ամենամեծ ձեռքբերումը ոչ միայն հազարավոր մասնակիցներն ու հարյուրավոր հավաստագրերն են, այլ այն մասնագիտական համայնքը, որն այսօր միասին սովորում է, ստեղծում, կիսվում փորձով և ձևավորում կրթության նոր մշակույթ։
Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր։


