«Տղամարդ ուսուցիչների համար մեծ անելիք կա դպրոցում՝ գիտելիք փոխանցելուց մինչև արժեհամակարգի ձևավորում»․ զրույց Աշխարհացույցի մենթոր-ուսուցիչ Սասուն Վարդանյանի հետ

«Ես չեմ հավատում ճակատագիր ասվածին, բայց 2024-ին «Վիզուալ Հայաստան»-ի հետ հանդիպումն ամբողջությամբ փոխեց իմ գործունեությունը, պատկերացումներն ու մտածելակերպը»։
Մեղվապահ Սասուն Վարդանյանը մի օր հասկացավ, որ իր տեղը դպրոցն է, առաքելությունը՝ ուսուցիչ լինելը։ Կրթությամբ մանկավարժը վերջնական որոշումը կայացրեց 2020-ի պատերազմից հետո։ Այժմ պատմություն է դասավանդում Սիսիանի 4-րդ և Որոտանի հիմնական դպրոցներում։ Կարծում է՝ տղամարդ ուսուցիչների համար մեծ անելիք կա դպրոցում՝ գիտելիք փոխանցելուց մինչև արժեհամակարգի ձևավորում։
«Դպրոց մտնելով՝ մի քանի հիմնական նպատակ եմ սահմանել, որոնցով առաջնորդվում եմ՝ ձևավորել հանդուրժողականության մթնոլորտ երիտասարդության շրջանում (շատ դեպքերում փոքր կոնֆլիկտը դպրոցում, դասարանում կարող է վերածվել մեծ խնդրի։ Պետք է սովորեցնել նրանց՝ լսել միմյանց, հանդուրժել ու ներել։ Սա, իհարկե, համընդհանուր խնդիր է ամբողջ հասարակության համար), օգնել նրանց իմանալ սեփական պատմությունը և մտածել ինքնուրույն։ Այսօր՝ թվային տեխնոլոգիաների այս դարում, հեշտ է ապակողմնորոշել մարդկանց՝ հատկապես երիտասարդներին»,- ասում է Սասուն Վարդանյանը։
Նա Սյունիքի մարզի երկու ընտրյալ ուսուցիչներից մեկն է, որն այս տարի հաջողությամբ ավարտեց «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026» վերապատրաստման հնգամսյա ծրագիրը։ Երկու տարի է, ինչ դասավանդում է դպրոցում ու չի պատկերացնում իր գործն առանց «Աշխարհացույց» կրթական հարթակի ու «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի վերապատրաստումների։
«Ես չեմ հավատում ճակատագիր ասվածին, բայց 2024-ին «Վիզուալ Հայաստան»-ի հետ հանդիպումն ամբողջությամբ փոխեց իմ գործունեությունը, պատկերացումներն ու մտածելակերպը։ Նոր էի մտել դպրոց,- հիշում է մենթոր ուսուցիչը,- շատ դեպքերում դժվար էր, չգիտեի՝ որտեղից գտնել լուծումներ և ինչպես, բայց «Վիզուալ»-ի հետ նույնիսկ փոքրիկ շփումը տալիս է շատ պատասխաններ։ Ես միշտ ասում եմ՝ կարծես, ընտրյալ մարդիկ լինեն հավաքված․ այն, ինչ մտածում ես, բայց չես բարձրաձայնում, տեսնում ես, որ նրանք արդեն անում են»։
Վարդանյանն անկեղծանում է՝ «Աշխարհացույց»-ը հեշտացրել է իր գործը, օգնում է իրագործել իր առջև դրած նպատակները։ Այն տրամադրություն է փոխել դպրոցում և դասարանում, երեխաների մեջ վառել գիտելիքի կրակը։
«Երբ մտա դպրոց, պատմության հանդեպ հետաքրքրություն գրեթե չկար։ Հիմա պատկերն այլ է, այս տարի ունեմ երեխաներ, որ Օլիմպիադայի են մասնակցելու, ընդ որում, այդ երեխաներն իրենք իրենցից չէին սպասում նման բան։ Հիմա նրանք պատմությունն այլ կերպ են ընկալում, հենց լսում են «Աշխարհացույց»-ի մասին, իրար հերթ չեն տալիս՝ ով պետք է գնա, ինչ պետք է անի։ Սա մեծ ուրախություն է»,- ասում է Սասուն Վարդանյանը։
Ուսուցիչ Վարդանյանն աշխատում է բաց չթողնել «Աշխարհացույց»-ի վերապատրաստումները․ ամեն նոր ծրագիր նոր բացահայտում է ու նոր մակարդակ․ «Եթե ուսուցիչն ուզում է զարգանալ, կրթվել, կատարելագործվել և համահունչ քայլել այսօրվա աշխարհի հետ, «Աշխարհացույց» հարթակն ու դրա վերապատրաստումները լավագույն միջոցն են։ Մենթորական ծրագիրն, ասես, ամփոփեց այն ամենն, ինչ արդեն անցել էի «Աշխարհացույց»-ի հետ, ու բերեց մի կետի։ Հիմա նոր ծրագրեր եմ կազմել, անհամբեր սպասում եմ նոր ուսումնական տարվան»։
Մենթորականի շրջանակում Սասուն Վարդանյանն արդեն վերապատրաստել է ուսուցիչների, բայց դրանով գործն ավարտած չի համարում։ Նա պատրաստվում է իր գիտելիքն ավելի շատ գործընկների փոխանցել, ուզում է իր ոգևորությամբ նրանց էլ վարակել։ Իրենց դպրոցում դեռևս չորս ուսուցիչ է դասավանդում «Աշխարհացույց»-ով, կարծում է՝ այդ թիվը պետք է բազմապատկել․ «Շատ եմ լսում, որ ասում են՝ մեկ-երկու հոգի են ակտիվ դասի ժամանակ։ «Աշխարհացույց»-ով այդ խնդիրը չկա։ Նույնիսկ ամենաթույլ երեխայի համար կա առաջադրանք,— պատմում է Վարդանյանը։— Ես հրավիրում եմ ուսուցիչներին, որ գան, տեսնեն, համեմատեն ու հասկանան՝ դաս վարելու որ պրոցեսն է ավելի հետարքիր, ու իրենք որոշեն։ «Աշխարհացույց»-ում նյութը շատ է, համապարփակ դաս վարելու հնարավորություններն՝ ավելի մեծ»։
Սասուն Վարդանյանն իր աշակերտների հետ հաղթել է նաև «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթում ու կարևորում է այն վաստակելու գաղափարը, որպեսզի աշակերտը գիտակցի դրա արժեքը։ Դպրոցում դասավանդելու երկու տարվա ձեռքբերումներից է համարում առաջին հերթին իր հարաբերությունները աշակերտների հետ․ «Ընտանիքներում երեխաների հետ հաճախ չեն զրուցում տարրական հարցերի շուրջ։ Մինչդեռ նրանք բնական պահանջ ունեն լսված ու հասկացված լինելու։ Շատ դեպքերում թեկուզ աննշան առավելությունը, որ տալիս ես նրանց, փոքր պատասխանատվությունը, որ դնում ես նրանց վրա, բերում է մեծ փոփոխությունների»։
Սասուն Վարդանյանը վստահ է՝ մենթորական ծրագրով ստացած գիտելիքն ու հմտություններրը կօգնեն նրան հասնել այդ փոփոխություններին՝ իր աշակերտներից կերտելով պատասխանատու քաղաքացի և հայ, որը չի վարանում բարձրաձայնել իր կարծիքը։


