Աշխարհացույց․ Սյունիքի փորձը
Uncategorized

Աշխարհացույց․ Սյունիքի փորձը

Կայացավ Աշխարհացույցի մարզային վերապատրաստումների եռաստիճան ծրագրի երկրորդ կենտրոնացված հանդիպումը

Մայիսի 16-ին Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում կայացավ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Աշխարհացույցի» մարզային վերապատրաստումների ծրագրի երկրորդ հաշվետու հանդիպումը՝ «Աշխարհացույց․ Սյունիքի փորձը» խորագրով։

Հանդիպումը մեկ հարթակում համախմբել էր մարզի դպրոցների տնօրենների, ուսուցիչների, կրթական համայնքի ներկայացուցիչների և ծրագրի մասնակիցների՝ կրթական փոփոխությունների, համագործակցության և ապագայի դպրոցի շուրջ համատեղ քննարկումների համար։

Ավելի քան 150 մասնակիցներին ողջունեց Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Մնացականյանը, ով կարևորեց նման նախաձեռնությունների դերը մարզային կրթական միջավայրի զարգացման և համայնքային համագործակցության ամրապնդման գործում։

Ներկաներին ողջունեց նաև «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը, ով հանգամանորեն ներկայացրեց Հիմնադրամի գործունեության երեք հիմնական ուղղությունները՝ ուղղված հայկական դպրոցը որպես Հայաստանի գերազանցության առանցք կայացնելու ջանքերին։

Իր խոսքում նա ընդգծեց․

«Հիմնադրամի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկը բարձր կարողություններով զինված ուսուցչի կերտումն է։ Առանց այդ «ողնաշարի» հնարավոր չէ իրականացնել որևէ ծրագիր կամ ապահովել դրա կայուն զարգացումը»։

Միջոցառման առանցքային հատվածներից էր Սյունիքի մարզային մենթոր-ուսուցիչ Մերի Մարտիրոսյանի հաշվետու ելույթը, որտեղ ներկայացվեց մարզում իրականացված աշխատանքի ճանապարհը՝ ուսուցիչների ներգրավվածությունը, արձանագրված արդյունքները և դաշտային փորձը։

Ներկայացնելով կատարված աշխատանքի առաջին արդյունքները՝ նա նշեց․ «Մարտի 23-ից, երբ սկսեցի մարզում իմ վերապատրաստումները, մինչև այսօր աշխատել եմ արդեն 8 խմբի հետ՝ ընդհանուր 182 ուսուցիչ։ Վերապատրաստվել են նաև գյուղական դպրոցների 54 ուսուցիչներ, իսկ 106 ուսուցիչ արդեն ստացել է մասնակցության հավաստագիր»։

Սակայն Մերի Մարտիրոսյանը ներկայացրեց ոչ միայն թվեր և արդյունքներ, այլ նաև այն իրական պատմությունները, որոնք ձևավորվել էին մարզային աշխատանքի ընթացքում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր համայնք ունեցել է իր առանձնահատկությունները, դժվարություններն ու բացահայտումները։

Նրա խոսքում առանձնահատուկ տեղ զբաղեցրին ուսուցիչների արձագանքները, որոնք երբեմն վերածվել էին փոքր պատմությունների։

«Ձեզ բաց չեմ թողնելու, մինչև փինը չսովորեցնեք», — հիշեց նա ժպիտով՝ ներկայացնելով ուսուցիչներից մեկի արձագանքը վերապատրաստման ընթացքում։
Մյուս կարևոր դիտարկումը վերաբերում էր արդեն ձևավորվող վստահությանն ու հարթակի կիրառելիությանը․

«Բա որ Աշխարհացույցը կա, էլ ինչո՞ւ Վիքիպեդիա», — պատմեց նա՝ որպես ուսուցիչների կողմից հնչած ամենահիշվող արձագանքներից մեկը։

Հանդիպման կարևոր բաղադրիչներից էին ինտերակտիվ հատվածները, որոնց ընթացքում մասնակիցները փորձեցին պատասխանել կրթական համակարգի զարգացման առանցքային հարցերին՝ «Ի՞նչ ենք ուզում, որ փոխվի և ինչո՞ւ»։

«Եթե Աշխարհացույցին միանանք, մեր դպրոցը երեք տարի հետո կլինի…» խորագրով ինտերակտիվ քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին ապագայի դպրոցի իրենց տեսլականը՝ ընդգծելով ավելի համագործակցային, մասնակցային և ստեղծարար կրթական միջավայրի անհրաժեշտությունը։

Հատկանշական էր նաև Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ, ավելի քան 50 տարվա մանկավարժական փորձ ունեցող Սոֆյա Հարությունյանի արձագանքը։ Մեծ հետաքրքրվածությամբ ծանոթանալով հարթակին՝ նա նշեց․ «Կրթական ամենամեծ բարեփոխումը Աշխարհացույցն է»։

Այս խոսքերը դարձան օրվա ամենաուժեղ շեշտադրումներից մեկը՝ ցույց տալով, որ կրթական նորարարությունը տարիքային սահմաններ չի ճանաչում, իսկ իրական արժեք ունեցող գործիքները կարող են խոսել տարբեր սերունդների ուսուցիչների հետ։

Հետաքրքիր և հեռանկարային առաջարկ հնչեց նաև Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի պատմության ուսուցիչ Գրետա Մարտիրոսյանի կողմից, ով խոսեց հարթակի կիրառման ավելի լայն հնարավորությունների մասին՝ կրթության և հայրենաճանաչության համադրման համատեքստում։

Իր խոսքում նա նշեց․ «Մեր երկրում կան բազմաթիվ գողտրիկ և պատմական վայրեր, որոնց մասին կարելի է խոսել ավելի համակարգված, մեկ միջավայրում և ինտերակտիվ քարտեզների միջոցով։ Սա կարող է ոչ միայն սովորողներին ավելի մոտեցնել սեփական երկրին, այլ նաև ձևավորել ավելի խորքային ճանաչողություն և հետաքրքրվածություն հայրենիքի նկատմամբ»։

Այս միտքը դարձավ քննարկումների կարևոր շարունակություն՝ ցույց տալով, որ «Աշխարհացույցի» կիրառման շրջանակները կարող են դուրս գալ դասարանի սահմաններից և դառնալ կրթության, հայրենաճանաչության և տեղային ինքնության ձևավորման գործիք։

«Աշխարհացույց․ Սյունիքի փորձը» հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կրթական փոփոխությունն առավել ուժեղ է, երբ այն ձևավորվում է տեղում՝ համայնքների ներգրավմամբ, համագործակցությամբ և փոխադարձ վստահությամբ։

Հիմնադրամը շարունակելու է մարզային հանդիպումների շարքը՝ ընդլայնելով ծրագրի աշխարհագրությունն ու խորացնելով կրթական համայնքների ներգրավվածությունը։