Ե. Չարենցը «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակում
Uncategorized

Ե. Չարենցը «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակում

Վիզուալ Հայաստան հիմնադրամը շարունակում է ընդլայնել համագործակցությունը թանգարանների հետ՝ որպես ուսուցման գործընթացը հարստացնող յուրատեսակ կենտրոններ։ Թանգարանների միջազգային օրը պատեհ առիթ էր ամրագրելու հայ հանճարեղ գրող Ե.Չարենցի տուն-թանգարանի հետ Հիմնադրամի համագործակցությունը։ Հետաքրքիր զուգադիպությամբ 2025 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն էր «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»՝ թանգարանները որպես մշակութային հիշողության պահպանման և գիտելիքի փոխանցման հարթակներ։ Այս խորագրի բովանդակությանը համահունչ՝ մայիսի 17-ին Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակում «Եղիշե Չարենց» թեմայի ազդարարումը:

«Հայ մեծերին առավել ընդգրկուն և բազմաշերտ ճանաչելը դպրոցական տարիքում չափազանց կարևոր է։ Մեր նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի հայ երեխային առավելագույնս ներգրավենք դասապրոցեսում՝ տալով նրան 21-րդ դարում մրցունակ կրթություն ստանալու հնարավորություններ։ Այստեղ խիստ կարևորում ենք թանգարանների՝ որպես կրթական յուրօրինակ օջախների դերը և պատրաստ ենք սերտ համագործակցության… Ուրախ եմ, որ «Աշխարհացույց» հարթակում արդեն աշակերտը կարող է լիովին ընկղմվել Գրականություն առարկայի մեջ, ծանոթանալ և իսկապես ճանաչել հայ գրողներին՝ այս պարագայում Եղիշե Չարենցին, նրա կյանքը, նրա հախուռն գործունեությունն ու հարուստ ժառանգութանը»,- նշում է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։

«Մեզ համար չափազանց կարևոր է քայլել այն նույն ուղղությամբ, որով իր ժամանակին Չարենցն է մտածել և գործել. դա կյանքի նոր մարտահրավերներին նոր մեթոդներով արձագանքելն է: Այս դեպքում կրթական նոր մոդելները հմտորեն ներգրավվելն է, ինչը թանգարանում ևս փորձում ենք իրականացնել: Շնորհակալ ենք, որ այդ ճանապարհին ուղեկից ունենք նման առցանց կրթական հարթակ և պատրաստ ենք խորացնելու մեր համագործակցությունը, որը կբերի սովորողների նոր խմբերի դեպի թանգարան։ Վստահ եմ, որ մեր կառույցների միջև համագործակցությունը կլինի շարունակական»,- ասում է «Ե. Չարենցի տուն-թանգարանի» տնօրեն Ժաննա Մանուկյանը։

Աշխարհացույց հարթակում՝ Եղիշե Չարենց թեմայի ներքո՝ 47 հոդվածի շարքում կարելի է գտնել «Հայրենասիրության թեման Եղիշե Չարենցի վաղ շրջանի պոեմներում», «Կոմիտասի դերը Չարենցի կյանքում», «Եղիշե Չարենցը Եվրոպայում», «Ե. Չարենցի անձնական գրադարանը» և այլ հետաքրքիր վերնագրեր՝ յուրաքանչյուր նյութն ուսումնասիրելով պատմական տվյալ ժամանակաշրջանի համատեքստում։

«Յուրաքանչյուր հեղինակի ընդգրկումը «Աշխարհացույց» հարթակ ստեղծում է հնարավորություն ոչ միայն նորովի ճանաչել տվյալ գրողին, այլ բացահայտել նրան գրական և հանրային այլ գործիչների հետ ամենատարբեր հարաբերություններում, ժամանակի ու տարածության մեջ տեսնել նրա դերն ու նշանակությունը: Թանգարանի հետ համագործակցությամբ հնարավոր է դարձել մշակված բովանդակությունը ապահովել գիտական ճշգրտությամբ: Հաջորդիվ հարթակում գրական մեծերի շարքը կհամալրեն Գուրգեն Մահարին ու Ստեփան Զորյանը․․․», — նշում է Աշխարհացույցի Գրականության ուղղության ղեկավար Անի Եղիազարյանը։

Թանգարան-հիմնադրամ շարունակական գործընկերությունն ամրագրվեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի և «Ե. Չարենցի տուն-թանգարանի» միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ։

Միջոցառմանը հյուրերը շրջայց կատարեցին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում՝ ևս մեկ անգամ հաղորդակից լինելով մեծանուն գրողի թողած հարսուտ ժառանգությանը։

Ի գիտություն․ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը, հավատարիմ իր ծրագրերի կարիքահեն և համակարգային զարգացմանը, ականջալուր լինելով գրականություն դասավանդող ուսուցչական մեծ համայնքին, մեկ տարի և ավելի «Աշխարհացույց» կրթական նորարարական ծրագրում մեկնարկել է Հայ գրականություն առարկայի ստեղծման ինտենսիվ աշխատանքը՝ ամբողջացնելով հայագիտական առարկաների շարքը։ Գրականության մուտքն «Աշխարհացույց» ամբողջացնում է Հայոց Պատմության, Իմ Հայրենիք, Աշխարհագրություն, Արվեստ առարկաների թեմաների շրջանակներում մշակված հազարից ավելի գիտահանրամատչելի հոդվածնների շղթան, որը դասավանդողին և սովորողին առավել մեծ հնարավորություն է տալիս զարգացնել միջառարկայական կապերը՝ բազմակողմանի ուսումնասիրելով սեփական պատմությունը, աշխարհագրությունը, գիտական, գրական, մշակութային ժառանգությունն ու այն ուսումնասիրել վիզուալ՝ ճամփորդելով ժամանակի ու տարածության մեջ։