Հիմնադրվեց «Աշխարհացույց»-ի դպրոցների ասոցիացիան. ձևավորվում է համագործակցության կարևոր մի հարթակ նորարար և արժեքահեն կրթության շուրջ
Uncategorized

Հիմնադրվեց «Աշխարհացույց»-ի դպրոցների ասոցիացիան. ձևավորվում է համագործակցության կարևոր մի հարթակ նորարար և արժեքահեն կրթության շուրջ

2025 թ. մայիսի 17-ին պաշտոնապես հիմնվեց «Աշխարհացույց» դպրոցների ասոցիացիան։ Երևանի և Հայաստանի մարզերի 60 հանրակրթական դպրոց միացան Հիմնադրման հռչակագրին՝ ստորագրությամբ հաստատելով իրենց վճռականությունը դպրոցների հզորացմանն ու փոխադարձ աջակցմանն ուղղված համագործակցության ճանապարհին։

Ասոցիացիայի ստեղծման գաղափարը պատկանում է Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանին։ Նա իր դպրոցում հյուրընկալել էր Վիզուալ Հայաստան հիմնադրամին և տասնյակ գործընկեր տնօրենների։ Միջոցառումը մեկնարկեց դպրոցի մանկական երգչախմբի կողմից կատարված Հայաստանի Հանրապետության օրհներգով, որից հետո Ա. Տաշչյանը ողջունեց հյուրերին․ «Հարգելի գործընկերներ, այս համաժողովը նախաձեռնելիս թվում էր, թե այն անհնարինների շարքից է։ Սակայն Վիզուալ Հայաստանն ընդառաջ գնաց մեր գաղափարին, և մենք այստեղ ենք միասին հիմնելու համագործակցության մի նոր՝ կարևոր հարթակ։ Ասոցիացիան խթանելու է գիտելիքի և փորձի փոխանակումը, ուսուցչական մենթորության մշակույթը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ սկսած ծրագրերի մշակումից մինչև փառատոններ, ճամբարներ ու գիտաժողովներ։ Եվ ուրեմն՝ նույն ուղղությամբ նայելով և նույն արժեհամակարգով մեզ բարի երթ»։

Վիզուալ Հայաստան հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանն իր ելույթում ընդգծեց հանրակրթության շղթայի բոլոր շահառուների ներգրավման կարևորությունը՝ նշելով․ «Վիզուալ Հայաստանն իր գործունեության սկզբից մշակում է ծրագրեր՝ հիմնված դպրոցների հետ անկեղծ երկխոսության վրա։ Արդյունքում, մշակված կրթական ռեսուրսները կիրառվում են այսօր Հայաստանի շուրջ 1000 դպրոցներում՝ վերափոխելով կրթելու և կրթվելու մշակույթը։ Այսօր միասին մեկ քայլ առաջ ենք կատարում՝ խորացնելով մեր համագործակցությունը և մեր փորձն ու գիտելիքը ծառայեցնելով միմյանց ու նաև բոլոր հանրակրթական դպրոցներին։ Ես խորապես հավատում եմ, որ դպրոցը պետության հզորացման ռազմավարական հիմնասյունն է, և դրա թռիչքային զարգացումը մեր ընդհանուր օրակարգն ու պատասխանատվությունն է»։

ԿԶՆԱԿ հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Մկրտչյանը ևս հանդես եկավ խոսքով՝ կարևորելով, որ համագործակցության նման հարթակի ստեղծման նախաձեռնողը հենց հանրակրթական դպրոցն է․ «Տեսնում եմ տնօրենների մեծամասնությունը կանայք են, ու այն փաստը, որ շաբաթ օրով թողել եք ձեր հոգսերը ու եկել այստեղ, շատ բանի մասին է խոսում։ Դպրոցի տնօրենն է դպրոցի որակի տերը․ դպրոցը լավն է, եթե տնօրենը սրտացավ է։ Գիտեմ՝ դուք երկրի տնօրենների մեջ այն շարժիչ ուժն եք, որը գաղափարներ առաջ տանելու և մյուսներին ներգրավելու կարողություն ունի։ Բարի ընթացք եմ մաղթում»։

Միջոցառման ընթացքում հյուրերն ունեցան հնարավորություն ճամփորդելու «Աշխարհացույց» կրթական հարթակով վերապատրաստող ուսուցչուհի Հայկանուշ Ղևոնդյանի հետ, լսելու Գավառի ավագ դպրոցի տնօրեն Նինա Ղուլոյանի «Մի սմարթի պատմությունն» այն մասին, թե ինչպես Աշխարհացույցի ու կրթական տեխնիկայի մուտքը փոխեց դպրոցի դիմագիծը՝ դառնալով գրեթե ամբողջ դպրոցի վերանորոգման շարժիչ ուժ։

Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդեց դպրոցի «Աշխարհացույց» դասասենյակի բացումը, որը տեղակայված լինելով դպրոցի սրտում և ունենալով ապակեպատ պատուհաններ, հնարավորություն է տալիս բոլորին տեսնել 21-րդ դարի կրթական տարածք՝ կահավորված սմարթ էկրանով ու «Աշխարհացույց» հարթակով։

Միջոցառումն անցկացվեց ջերմ ու գործընկերային մթնոլորտում։ Ասոցիացիայի նորաստեղծ անդամները սուրճի սեղանի շուրջ քննարկեցին գաղափարներ, փոխանակվեցին կոնտակտներով, միացան գործունեության համակարգման փակ խմբին, իսկ ավարտին դպրոցի բակում ծառատունկ կատարեցին՝ ի նշան Ասոցիացիայի հիմնադրման։ Այս խորհրդանշական արարողությամբ ամփոփվեց պայմանավորվածությամբ, որ հաջորդ հանդիպումը կանցնի արդեն կլոր սեղանի շուրջ՝ գործնական քննարկումներով։

Այսուհետ «Աշխարհացույց» դպրոցների ասոցիացիան կդառնա համագործակցության հարթակ՝ միավորելով Հիմնադրամի ծրագրերին միացած բոլոր այն դպրոցներին, որոնք կմիանան Հռչակագրին։ Ասոցիացիան կխթանի շարունակական գործընկերությունը, փորձի ու գիտելիքի փոխանակումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ի նպաստ հանրակրթության զարգացման: