«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցութային ծրագիր
Uncategorized

«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցութային ծրագիր

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը, «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում, հայտարարում է հանրակրթական դպրոցներին տեխնիկապես վերազինելու և հզորացնելու՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցութային ծրագրի մեկնարկը։ 

2023 թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բարեգործական ճանաչված այս ծրագրի նպատակն է՝ ՀՀ-ի հանրակրթական դպրոցներին վերազինել նոր սերնդի կրթական սմարթ-էկրաններով՝ որպես կրթության հիմնարար իրավունքի իրացման արդյունավետության բարձրացման միջոց։ Ժամանակակից սարքերը հնարավորություն կտան «Աշխարհացույց» կրթական հարթակի օգտագործմամբ կիրառել դասավանդման արդի մեթոդներ և գործիքակազմ՝ բարձրացնելով դասապրոցեսի արդյունավետությունը, հետևաբար՝ սովորողների կրթության որակը։

«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցութային ծրագիրը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի այլ ծրագրերի նման մշակվել և առաջնահերթություն է ստացել կարիքի հիման վրա արված վերլուծության արդյունքում․ Ծրագիրը լինելու է շարունակական։ «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման ու գործածման վերապատրաստումների ընթացքում ուսուցչական համայնքի ներկայացուցիչները բազմիցս բարձրացրել են խնդրո առարկան՝ դպրոցներում ինտերակտիվ դասեր կազմակերպելու համար տեխնիկական միջոցների բացակայությունը կամ սղությունը։  

Ծրագրին կարող են դիմել «Աշխարհացույց» հարթակի կիրառման փորձառություն ունեցող այն դպրոցները, որոնք կբավարարեն Ծրագրի համար սահմանված պահանջները։ Այս տարվա մրցույթը ստեղծագործելու և բացահայտելու լայն հնարավորություններ է տալիս․ այն կընթանա «ԻՄ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԸ․ քարտեզագրելով ․․․»* խորագրի ներքո, որտեղ մասնակիցներն իրենք են որոշելու քարտեզագրման ենթակա թեման և ուղղվածությունը։

Մրցույթը կընթանա երկու փուլով։ Առաջին փուլը կհաղթահարեն հայտը ներկայացնելու բոլոր պահանջները բավարարած դպրոցները (ուշադրություն․ չեն դիտարկվի այն դիմումները, որոնք չեն բավարարի առաջին փուլի պարտադիր պահանջները կամ կներկայացնեն թերի տեղեկատվություն)։ Դիմելու վերջնաժամկետը ս․թ․ մարտի 15-ն է։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հարցաշարը։ Երկրորդ փուլում դպրոցներից կպահանջվի իրականացնել «ԻՄ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԸ․ քարտեզագրելով ․․․» խորագրով նախագծային աշխատանք՝ Հիմնադրամի սահմանած չափանիշների համաձայն։ Չափանիշներին համապատասխան լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցները կստանան նոր սերնդի կրթական սմարթ-էկրան։  

Ստորև ներկայացված է Ծրագրին դիմելու ՊԱՐՏԱԴԻՐ փաթեթը, որը պետք է ուղարկել smartschools@visualarmenia.org էլհասցեին՝ «Թեմա» բաժնում գրելով Ծրագրի անվանումը՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024»: 

I փուլ

ՊԱՀԱՆՋՆԵՐ (բեռնե՛լ և լրացնե՛լ ձևաթուղթը)

  • տնօրենի՝ Ծրագրին դիմելու համապատասխան որոշում,
  • ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վկայականի առաջին էջի պատճեն,
  • 200 բառի սահմաններում մոտիվացիոն նամակ՝ «Մեր պատկերացրած նորարարական դասապրոցեսը» վերնագրով,
  • «Աշխարհացույց» հարթակի միջոցով արված դասերի լուսանկարներ,
  • լիարժեք լրացված հարցաշար։ 

II փուլ

Առաջին փուլով ընտրված դպրոցները կստանան «ԻՄ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԸ. քարտեզագրելով ․․․» թեմայով նախագծային աշխատանք իրականացնելու հնարավորություն ս.թ. մարտի 20-ից մայիսի 20-ը։ Աշխատանքը պատշաճ իրականացրած դպրոցները (գնահատվելու են ըստ հրապարակված սանդղակի) կստանան սմարթ-էկրաններ։ Այսպիսով, պահանջները բավարարելու դեպքում մինչև 50 դպրոց հնարավորություն կստանա վաստակել սմարթ-էկրան։

II փուլի իրականացման կարգ․

  • ձևավորել նախագծային աշխատանք իրականացնողների խումբ (միջառարկայական կապի ապահովումը նախագծի իրականացման գործընթացում կդիտարկվի որպես առավելություն),
  • խմբի կազմում ներառել ուսուցիչներ և սովորողներ (առավելագույնը` 10 մասնակից),
  • խումբը պետք է նշված ժամկետներում (մինչև մայիսի 20-ը) իրականացնի նախագծային աշխատանք և ամբողջական տեսքով ուղարկի Հիմնադրամին,
  • նախագծային աշխատանքը պետք է արվի հետևյալ ձևաչափով և խորագրերի ներքո՝ Նախագծային աշխատանքի ձևաչափ-հուշաթերթ և գնահատման սանդղակ:

Այսպիսով, երկու փուլերում դպրոցները կընտրվեն ըստ հետևյալ չափանիշների՝

  • դասերի կազմակերպում «Աշխարհացույց» կրթական հարթակով,

առնվազն երկու ամիս,
— մասնակցությունն «Աշխարհացույց» ծրագրի վերապատրաստումներին և հավաստագիր ստացած ուսուցչի հանգամանքը կդիտվի որպես առավելություն,

  • մոտիվացիոն նամակ,
  • դպրոցում «Աշխարհացույց» կրթական ծրագրին ներգրավված ուսուցիչների քանակ,
  • դպրոցում ծրագրի շահառու սովորողների քանակ,
  • դպրոցում նորարարական ուսումնական տեխնիկայի կարիք,
  • դպրոցի՝ համայնքում մենթոր լինելու կամ դառնալու հանգամանք,
  • «ԻՄ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԸ․ քարտեզագրելով ․․․» թեմայով նախագծային աշխատանքի պատշաճ իրականացում (գնահատվելու են ըստ հրապարակված սանդղակի),
  • ծրագրում շարունակական ներգրավվածություն:

Ի գիտություն

  • Երկրորդ փուլ անցած դպրոցների հետ կիրականացվի մենթորական աշխատանք՝ ըստ Ծրագրի սահմանած ժամանակացույցի և ուղեցույցի։
  • Նախագծային աշխատանքների ընտրությունը կատարելու է տարբեր կրթական կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը։

Հայաստանի դպրոցներին ժամանակակից շունչ տալուն միտված խիստ կարևոր այս Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի հովանավորության շնորհիվ։

Ծրագրի փուլերին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Ծրագրի հայեցակարգում։

*«ԻՄ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԸ․ քարտեզագրելով ․․․» խորագիրը պետք է դիտարկել լայն առումով։ Քարտեզագրել ասելով՝ հասկանում ենք ևʹ ուղիղ քարտեզային աշխատանքները, ևʹ հավաքչական ու խմբավորման աշխատանքները։ Ինչպիսի՞ն կարող է լինել քարտեզագրումն այս նախագծային աշխատանքում, մանրամասն տեʹս Առաջարկներում։