«Աշխարհացույց»-ն ընդլայնում է հավաստագրված ուսուցիչների համայնքը
Քառասուն ուսուցիչ այսօր համալրեց «Աշխարհացույց» կրթական ծրագրի վերապատրաստումների արդյունքում հավաստագրեր ստացած ուսուցչական համայնքը։ Այս ուսուցիչները լրացուցիչ ջանք են ներդրել ոչ միայն «Աշխարհացույց» նորարարական հարթակից օգտվելու համար, այլև կիրառել են ձեռք բերածն ու իրենց փորձով կիսվել գործընկերների հետ։
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամում տեղի ունեցած հավաստագրերի հանձման արարողությունը ուսուցիչների կատարած աշխատանքի զուտ փաստագրումը չէր, այն առավելապես խորհրդանշում էր մեր ուսուցիչների շարունակական ձգտումը քայլել ժամանակակին համընթաց, զինվել նոր գիտելիքներով ու հմտություններով, լինել մրցունակ չափազանց արագ զարգացող մեր աշխարհում։ Թվերի լեզուն է ստիպում հանգել նման եզրակացության. երեք շրջափուլի արդյունքում դասընթացին մասնակցել են ավելի քան 450 ուսուցիչ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից, որոնցից 135-ը հաջողությամբ ավարտել են դասընթացը՝ արժանանալով հավաստագրի։
Դասընթացի բուն նպատակն է ուսուցիչներին փոխանցել բավարար գիտելիքներ ու հմտություններ «Աշխարհացույց» կրթական հարթակի նորարարարությունները դասապրոցեսում ներդնելու համար։ Երեք ամիսների ընթացքում ուսուցիչները ծանոթանում են «Աշխարհացույց» կրթական հարթակին, սովորում գործածել հարթակի գործիքակազմը, պլանավորել դասեր, ծանոթանալ և կիրառել նոր մեթոդներ ու հնարներ։
«Այս վերապատրաստումների նպատակն է պատմություն դասավանդող մեր ուսուցչական համայնքին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան դասապրոցեսը դարձնել ավելի արդյունավետ ու հետաքրքիր։ Մեր թիմի կողմից մշակված նորարարարական տեխնոլոգիան նոր հնարավորություններ է բացում պատմություն առարկայի դասավանդման համար։ Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի նորարարությունն արագ ներթափանցի դասապրոցես ու աշակերտը իրեն համար ընկալելի ժամանակակից տեխնոլոգիաներով և մեթոդներով սերտի դասանյութը», — նշեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն և «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։ Նրա խոսքով սեմինարի մասնակիցներից երեք ուսուցիչ արժանացել են «Աշխարհացույց» հարթակի վերապատրաստող-ուսուցչի որակավորման՝ վերապատրաստումներին երկրորդ անգամ մասնակցելու և հաջողությամբ ավարտելու համար․ «Մանկավարժական գործունեությունը ենթադրում է գիտելիքների, հմտությունների շարունակական բարելավում և ժամանակի հետ համընթաց շարժվելու կարողություն։ Շատ ոգևորիչ է տեսնել, որ կան ուսուցիչներ, ովքեր ցանկություն ունեն կատարելագործելու իրենց հմտությունները՝ մասնակցելով դասընթացներին երկրորդ անգամ»։
«Աշխարհացույց»-ը տալիս է բազմաթիվ հարցերի արդյունավետ լուծում՝ շնորհիվ կիրառվող նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների: Մեր՝ ուսուցիչներիս բոլոր սպասումներն արդարացել են․ դասը դարձել է ավելի տեսանելի և ընկալելի, իսկ պատմություն առարկան՝ ավելի սիրելի: «Աշխարհացույցը» հեշտացրել է դասապրոցեսը․ նյութերի և քարտեզների փնտրտուք այլևս չկա, աշակերտը կարողանում է գտնել այն ինչ իրեն պետք է»,- ասաց վերապատրաստող-ուսուցչի որակավորման հավաստագրի արժանացած վերապատրաստումների մասնակից Էջմիածնի հ․4 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Լուսինե Աղազարյանը։
«Մեր եռամսյա վերապատրաստումները սպասված են, ուսուցիչների գնահատմամբ՝ նաև շատ արդյունավետ։ «Աշխարհացույց» ծրագրի շուրջ ձևավորվել է ուսուցչական ուրույն մի համայնք, որտեղ մարդիկ ոչ միայն սովորում են, հաղորդակցվում, կիսվում իրենց փորձառությամբ, այլ նաև ոգեշնչում են միմյանց։ Այս դասընթացների ընթացքում առանձնանում են վառ անհատականություններ, որոնք դառնում են օրինակելի իրենց գործընկերների համար։ Վերապատրաստումների երրորդ փուլում, երբ ուսուցիչները հանդես են գալիս որպես բանախոսներ, ներկայացնում են իրենց մշակած դասերը, ստեղծվում է լուրջ ռեսուրս, որն, ըստ էության բաց է, հասանելի մեր դասընթացների բոլոր մասնակիցների համար։
Ինչպես վերապատրաստման ծրագիրն, այնպես էլ նրա կառավարումն ու իրականացումը պարբերաբար թարմացվում, կատարելագործվում է՝ հիմքում ունենալով և փորձը, և ուսուցիչների կարծիքները։ Շուտով կմեկնարկենք վերապատրաստումների 4-րդ փուլը, որտեղ հարթակում նոր գրանցված կամ ծրագրին նոր միացած ուսուցիչները հնարավորություն կունենան զրոյից սովորել կիրառել «Աշխարհացույց» կրթական հարթակի գործիքակազմը, նրբությունները, ինչպես նաև կլսեն ու կտեսնեն տարբեր մեթոդների և հնարների միջոցով հետաքրքիր դասերի իրականացում», — միջոցառմանն իր խոսքում նշեց«Աշխարհացույց» կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ «Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր» կարգախոսը կրող վերապատրաստումները կշարունակվեն․ մարտի 1-ին մեկնարկում է սեմինարների 4-րդ շրջափուլը։