«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագրի առաջին շրջանավարտները ստացան հավաստագրեր
Uncategorized

«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագրի առաջին շրջանավարտները ստացան հավաստագրեր

«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2023» ծրագրի մասնակից 20 ուսուցիչ ստացավ մենթորի որակավորում։  Առաջին շրջանավարտներն այսօր հյուրընկալվել էին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամում՝ ստանալու իրենց հավաստագրերը և խոսելու առաջիկա անելիքների մասին։

«Ուսուցիչները ստանձնել են ամենակարևոր դերը՝ կրթելու ապագայի մարտահրավերներին պատրաստ մրցունակ քաղաքացիներ, իսկ նոր սերնդի հետ հաղորդակցվելու համար ժամանակակից ուսուցիչը պետք է տիրապետի 21-րդ դարի տեխնոլոգիաներին, կիրառի արդի մեթոդներ։ Վստահ կարող եմ ասել, որ մեր ուսուցչական համայնքը շարունակաբար սովորելու և զարգանալու մեծ ձգտում ունի։ Մեր խնդիրն է աջակցել ուսուցիչներին, տալ նրանց գործիքներ և փոխանցել հմտություններ, որոնք կօգնեն ոչ միայն թեթևացնել նրա առօրյան, այլև լավագույնս կծառայեն ուսուցչի կարողությունների զարգացմանը»,- ողջույնի իր խոսքում ասաց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։

Ուսումնառության չորս ամիսների ընթացքում պատմություն առարկա դասավանդող մանկավարժները սովորել են «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից ստեղծված «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակից օգտվելու սկզբունքները, զարգացրել ինտերակտիվ դասեր կազմակերպելու հմտություններ, կիրառել ժամանակակից մանկավարժական մեթոդներ։ Մենթոր-ուսուցիչներն արդեն հասցրել են իրենց գործընկերների հետ կիսվել ստացած գիտելիքներով ու հմտություններով։

Ծրագրի ավարտին մենթոր-ուսուցիչները վստահությամբ նշեցին, որ սա ոչ թե հերթական վերապատրաստումն էր, այլ մի նախաձեռնություն էր, որի շնորհիվ աշակերտին այլևս պետք չէ «ստիպել» սովորել․ ուսուցիչը դասը վարում է հետաքրքիր ու ինքնավստահ, և որ պակաս կարևոր չէ՝ ուսուցիչները կրթում ու հզորացնում են նաև իրար։ 

Կլոր-սեղան քննարկմանն ուսուցիչներն անկեղծացան՝ նշելով, որ և՛ ծրագիրը, և՛ հարթակը հեղափոխական ազդեցություն են ունեցել իրենց կարողությունների  վրա՝ բարձրացրելով հեղինակությունն ու դասարան մտնելու մոտիվացիան։

«Չնայած ես արդեն ունեի մենթորության փորձ, այս ծրագիրն օգնեց ավելի հարստացնելու հմտությունների իմ զինանոցը։ Սա մեր ուսուցչական ամբողջ համայնքի ձեռքբերումն է, քանի որ ծրագրին մասնակցում է մեկը, սակայն նրա պտուղներից օգտվում են շատերը։ «Աշխարհացույցը» բարձրացնում է պետական չափորոշիչների լիարժեք իրականացման հնարավորությունները»,— ասաց Չարենցավանի համար երկու հիմնական դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Սահակյանը։

Քննարկման արդյունքում մասնակիցները ստորագրեցին հանրագիր, որտեղ ամփոփված են կրթական համակարգի հիմնական հիմնախնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ։ 

«Չորս ամիս շարունակ մենք ակտիվորեն աշխատել ենք ծրագրի մասնակից 20 ուսուցիչների հետ։ Հաջողությամբ ավարտելով և ճանաչվելով «Աշխարհացույց» ծրագրի մենթոր-ուսուցիչներ՝ նրանք դառնում են «Աշխարհացույց»-ի կրողն ու տարածողը, ովքեր պետք է աջակցեն իրենց գործընկերներին՝ տիրապետելու «Աշխարհացույց» կրթական հարթակի բոլոր նրբություններին և առաջնորդեն դեպի 21-րդ դարին համահունչ կրթության ուսուցում և դասավանդում»,- նկատեց «Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։

«Աշխարհացույց»-ի մենթորական ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի։ Ծրագիրն իրականացվում է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ։

«Երբ տարվեցի պատմությամբ, միշտ մտածում էի՝ ունենայի տարբեր քարտեզներ, որոնց համադրմամբ կարողանայի մանևրել ժամանակի և տարածության մեջ։ Այն ժամանակ պատկերացում էլ չունեի համակարգչի մասին։ Տարիներ հետո, երբ հանդիպեցի կրթական այս ծրագրին, հասկացա, որ ինչ-որ շնորհալի մարդ իրականացրել է իմ մանկության երազանքը»,-նշեց Տավուշի մարզի Դովեղ գյուղի ուսուցչուհի Տաթև Խաչիկյանը։

Մենթոր-ուսուցիչների վերապատրաստումը ևս իրականացվել է կրթական նորարարական մեթոդով․ գլխավոր դասընթացավար Սեդա Քոչարյանը Երևանի և մարզերի ուսուցիչների հետ չորս ամիս շարունակ աշխատել է առցանց։ 

«Աշխարհացույցն» այն նորարարությունն է, որը խթանելու է հայկական կրթական համակարգի ողջ զարգացումը, ինչն էլ շղթայական ռեակցիայի նման նպաստելու է տարբեր բնագավառների համակողմանի զարգացմանը։ Ուստի, իմ միակ խնդրանք-ուղերձը մեր ուսուցիչներին՝ օգտագործե՛ք «Աշխարհացույցը», կիրառե՛ք այն անընդհատ, ցո՛ւյց տվեք աշակերտներին, թե ինչպես է այս նորամուծությունը զարգացնում նրանց մտածողությունը, պատրաստում նրանց՝ ապրելու և արարելու մարտահրավերներով լի այս աշխարհում»,- իր տեսաուղերձում նշեց Սեդա Քոչարյանը՝ շեշտելով նորարարությունների դերը տարբեր երկրների զարգացման գործում։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում․ մասնակիցները վեր հանեցին ժամանակակից ուսուցչի առջև ծառացած հիմնական մարտահրավերները, արձանագրեցին նաև, որ իրենց իսկ նշած խնդիրների զգալի մասը հնարավոր է լուծել մենթորական կարողությունների զարգացմամբ, և իր տեսակի մեջ եզակի «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ուսուցչի կարողությունների հզորացման կրթաթոշակային ծրագիրը՝ հատուկ մշակված դասընթացով, կարող է դառնալ այդ նպատակին հասնելու միջոց։