Մեդիա

«Աշխարհացույցն» արդեն սկսել է նաև մեզնից «անկախ» ապրել
Uncategorized

«Աշխարհացույցն» արդեն սկսել է նաև մեզնից «անկախ» ապրել

Ինչպե՞ս չոգեշնչվել, երբ «Աշխարհացույցն» արդեն սկսել է նաև մեզնից «անկախ» ապրել: Հարթակի մենթոր-ուսուցիչների շնորհիվ այն «շրջում է» հայաստանյան տարբեր միջոցառումներում ու հիշեցնում կարևորը՝ նորարարության և համագործակցության շնորհիվ կարող ենք ստեղծել ավելի ներառական ու որակյալ կրթական միջավայր:

Այս անգամ մեր հարթակը ներկայացրել է «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2023»-ի շրջանավարտ, Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Հայկանուշ Շարոյանը: «Կրթությունը՝ պետության հենասյուն» ուսուցչական առաջին համաժողովին ներկայացված 700 դպրոցներից ընդամենը 60 մանկավարժ է զեկույցով հանդես եկել, որոնցից մեկն էլ մեր մենթոր-ուսուցիչն է եղել: Շարոյանն իր ելույթում ներկայացրել է «Աշխարհացույցն» ու սեփական օրինակով մեկնաբանել «շրջված դասարան» մեթոդի կիրառումը:

Ուսուցչուհին սիրով է հիշում «Աշխարհացույց»-ի մենթորության ծրագրին իր մասնակցությունը: Ընդգծում է՝ այն  իր տեսակով եզակի է ոչ միայն այն առումով, որ ֆինանսական խրախուսում կա, այլև շատ ավելին՝ այն հնարավորություն է տալիս ստացած հմտություններով ու փորձով գործընկերների հետ կիսվելու և հզոր ուսուցչական համայնքի ձևավորմանը մասնակից դառնալու:

«Ծրագրի ամբողջ ընթացքում զգացել եմ խրախուսանք, աջակցություն և թիմային աշխատանք։ Արդեն ավարտին ինքս ինձ տեսել եմ այլ մանկավարժ դարձած։ «Աշխարհացույցը» հայ ուսուցչին համապատասխանեցնում է կրթական միջազգային պահանջներին և չափանիշներին»,-մեզ հետ զրույցում նշում է ուսուցչուհին: 

Շարոյանն ասում է՝ «Աշխարհացույցը» նաև կարծրատիպեր է կոտրում. պատմությունն այլևս երկու բառ անգիր անել-ասելը չէ. «Այս ձևաչափն արմատապես փոխում է առարկայի նկատմամբ վերաբերմունքը, այդ թվում՝ աշակերտի կողմից: Հարթակն ուսուցչին տալիս է այնպիսի հմտություններ, որոնք ունենալով նա կարող է բացահայտ ասել՝ դասավանդում է ժամանակակից մեթոդիկայով և տեխնոլոգիայով»,-նշում է մանկավարժը:

Վերջինս հույս ունի, որ կրթական բոլոր բարեփոխումները  կնպաստեն հասարակության շրջանում ուսուցչի հեղինակության  բարձրացմանը:

***

Հիշեցնում ենք, որ «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024»-ը մեկնարկել է: 

#Աշխարհացույցը_ուսուցչի_աչքերով