Մեդիա

Երևանի 106 ուսուցիչ ևս դարձավ «Աշխարհացույց» ընտանիքի անդամ
Uncategorized

Երևանի 106 ուսուցիչ ևս դարձավ «Աշխարհացույց» ընտանիքի անդամ

«Աշխարհացույց»-ի ուսուցչական համայնքը համալրվում է։ Երևանի տարբեր դպրոցների 106 ուսուցիչ ևս դարձավ մեր՝ կրթությունը զարգացնելով պետությունը զարգացնելու նպատակի կրողը։

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը հուլիսի 9-11-ն անցկացրեց «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման անվճար դասընթացներ մայրաքաղաքի դպրոցներում դասավանդող ուսուցիչների համար։

Եռօրյա հագեցած սեմինարի ընթացքում պատմություն և աշխարհագրություն դասավանդող ուսուցիչները ծանոթացան «Աշխարհացույց»-ի գործիքակազմին և դրա միջոցով տարբեր հնարների ու մեթոդների կիրառությամբ դասեր պլանավորելու հնարավորություններին։ 

Պարտավորեցնող էր ուսուցիչներից լսել մեր աշխատանքի գնահատման հիացական խոսքեր, երբեմն՝ համեմված ստեղծագործ մեկնաբանություններով՝ «Աշխարհացույցը» ԱՇԽԱՐՀԱՑՈՒՆՑ ծրագիր է, կրթական հեղաշրջում է և այլն։ Մասնակից ուսուցիչները բացառիկ համարեցին նաև վերապատրաստման արդյունավետությունը՝ հատկապես տարբեր մանկավարժական մեթոդների կիրառականության առումով։ 

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանն ընդգծեց՝ ոգևորիչ է ուսուցիչների անկեղծ գնահատականը և հատկապես այն հանգամանքը, որ հենց իրենք են գտնում հարթակի գործածման նորանոր ճանապարհներ։

«Երբ ստեղծում էինք հարթակը, դրա կիրառման վերաբերյալ մեր պատկերացումներն ունեինք, բայց երբ հանձնեցինք ուսուցչական համայնքին, իրենք կիրառման այնքան հետաքրքիր եղանակներ գտան, որ նույնիսկ մենք չէինք կարող պատկերացնել։ Միշտ ընդգծել եմ՝ այս գործիքն առաջին հերթին ուսուցչի համար է, հետո՝ աշակերտի։ Ուսուցչին պետք է զինել ժամանակակից տեխնոլոգիաներով ու գործիքակազմով, հետո միայն արդյունք պահանջել», — նշեց հարթակի հեղինակը՝ հավելելով, որ մանկավարժների բոլոր առաջարկները արձանագրվում են՝ հետագայում դրանց ուղղությամբ աշխատելու նպատակով։

Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտում մեր հիմնադրամի հաջողությունները նաև ձեր հավատի շնորհիվ են։ Երախտապարտ ենք, որ հենց դու՛ք եք մեր հարթակն ու գործունեությանը «ընտանիք» կոչում ու ցանկանում դառնալ դրա անդամը։ 

Ձեզնից յուրաքանչյուրի ներդրումը մրցունակ սերունդ կրթելու ազգանվեր գործում տալու է լավագույն պտուղները։ 

Շնորհակալություն մեր ողջ թիմին՝ նվիրված և որակյալ աշխատանքի համար։