«Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակը կծառայի նաև սփյուռքի երեխաներին
Uncategorized

«Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակը կծառայի նաև սփյուռքի երեխաներին

Մայիսի 7-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը և «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին, համաձայն որի՝ թեմի կրթական կենտրոններն ուսումնական գործընթացը կազմակերպելիս այսուհետև կիրառելու են «Աշխարհացույց» հարթակը (կայքը՝ brainograph.com):

Պարոն Ղազարյանն իր խոսքում նշեց, որ թեպետ Հիմնադրամն առերես և առցանց հանդիպումների միջոցով Աշխարհացույցը ներկայացրել է սփյուռքի ուսուցիչներին, այսօր ավելի խոր համագործակցության իրական հիմքեր են դրվում: «Մեր նպատակն է հայ երեխաներին՝ անկախ իրենց բնակության երկրից, ճանաչելի դարձնել մեր հարուստ պատմությունը և մշակութային ժառանգությունը»։ Սրբազան հայրն իր օրհնության խոսքում բարձր գնահատեց կրթական հարթակի ստեղծումը՝ նշելով, որ երեխաների ազգային կրթությունն ու դաստիարակությունն այն բարի ծիլերն են, որով արգասավորվելու է մեր հայրենիքն ու Եկեղեցին:

Հուշագրի շրջանակում կատարվելու են նաև փորձի փոխանակում և ուսուցիչների վերապատրաստում: Հանդիպմանը, որին ներկա էին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նորաբաց ճեմարանի ռեկտոր Տեր Ղևոնդ քհն. Տյոմկինը, Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի, ինչպես նաև Սուրբ Ներսես Շնորհալու անվան հայորդյաց տան տնօրինությունն ու մանկավարժները, Հ. Ղազարյանը ներկայացրեց «Աշխարհացույց» կրթական հարթակը, որտեղ զետեղված են Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Հայ գրականություն, Համաշխարհային պատմություն առարկանների վերաբերյալ հարուստ ուսումնական նյութեր, որոնք ուղեկցվում են թվային քարտեզներով, լուսանկարներով ու տեսանյութերով, ինչպես նաև ինտերակտիվ գործիքակազմով: Բանախոսի խոսքով՝ առցանց կրթական հարթակը տարիների ընթացքում զարգացել է, հարստացել բազմազան հավաստի աղբյուրների հիման վրա ստեղծված շուրջ 5000 հեղինակային հոդվածներով, որոնց թիվը օրեցօր ավելանում է: «Աշխարհացույց» հարթակից կարող են օգտվել ոչ միայն դպրոցականները, այլև հայոց մշակույթով ու պատմությամբ հետաքրքրվողները, օտարազգի հայագետները: Հարթակն ունի որոնման գործիք, որտեղ, գրելով հուշող բառը, կարելի է ծանոթանալ ամբողջական նյութին՝ լուսանկարների, քարտեզների ու տեսանյութերի ուղեկցությամբ:

Հայաստանում ավելի քան 4 հազար ուսուցիչ օգտվում է հարթակից, վիզուալ նյութերի միջոցով ներկայացնում դասը՝ զուգահեռ ցույց տալով հարևան երկրների տարածքները, սահմանները, հայ գրողների կյանքի հետ առնչվող հետաքրքիր մանրամասներ ու շատ ավելին:

Հանդիպման ավարտին Եզրաս սրբազանը գնահատանքի և օրհնության խոսք ասաց՝ ընդգծելով, որ հարթակը նորարարություն է կրթական համակարգում և դրա գործածումը դպրոցում կփոխի դասի որակը, կխրախուսի երեխաներին առավել հետաքրրքված և ուշադիր մասնակցել դասերին, հեշտությամբ յուրացնել մատուցված գիտելիքը: