
«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025»
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում հայտարարում է հանրակրթական դպրոցներին ժամանակակից տեխնիկայով զինելու՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025» մրցութային ծրագրի մեկնարկը։
Ծրագրի նպատակն է Հայաստանի պետական հանրակրթական դպրոցներին զինել նոր սերնդի կրթական սմարթ-էկրաններով՝ որպես ժամանակակից կրթական միջավայր ձևավորող թվային ենթակառուցվածքի առանցքային բաղադրիչ։ Մրցութային ծրագիրը, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի այլ հեղինակային ծրագրերի նման, մշակվել և առաջնահերթություն է ստացել կարիքի հիման վրա արված վերլուծության արդյունքում։
Հայաստանի հանրակրթական դպրոցներում ժամանակից կրթական միջավայր ստեղծելուն միտված «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025» մրցույթ-ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի շարունակական աջակցության և «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհի միջոցով։
***
Ստորև խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ Ծրագրի բովանդակությանը, պահանջներին և պայմաններին։
Ո՞վ կարող է դիմել Ծրագրին
Մրցույթ-ծրագրին կարող են դիմել «Աշխարհացույց» կրթական համայնքի այն բոլոր պետական հանրակրթական դպրոցները և քոլեջները, որոնք
-ունեն Աշխարհացույց կրթական հարթակի կիրառման առնվազն եռամսյա փորձառություն,
-նախկինում սույն Ծրագրի շրջանակներում սմարթ-էկրան չեն վաստակել։
Ի դեպ, «Աշխարհացույց» ծրագրի վերապատրաստումներին մասնակցած և հավաստագիր ստացած ուսուցչի հանգամանքը կդիտարկվի որպես առավելություն։
Մրցույթի թեման է՝ «Քարտեզագրելով ազգային կամ համաշխարհային ժառանգություն ստեղծած անհատի ուղին»։ Մրցույթը կընթանա երկու փուլով։ Նախագծային մրցույթ-ծրագրի ամբողջական հայեցակարգին ծանոթացեք հետևյալ հղումով։ Ստորև ներկայացված են յուրաքանչյուր փուլի համար սահմանված պահանջները։
I փուլ
Առաջին փուլի համար սահմանված են հետևյալ պահանջները
-բեռնե՛լ և լրացնե՛լ հետևյալ ձևաթուղթը,
-լիարժեք լրացնել հետևյալ հայտը։
Ուշադրություն․ չեն դիտարկվի այն դիմումները, որոնք չեն բավարարի առաջին փուլի պահանջները։
Դիմելու վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 30-ն է։ Դիմումի ամբողջական փաթեթը անհրաժեշտ է ուղարկել smartschools@visualarmenia.org էլհասցեին՝ «Թեմա» բաժնում գրելով Ծրագրի անվանումը՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025»:
Երկրորդ փուլ անցած դպրոցներն այդ մասին կտեղեկացվեն ս․թ․ օգոստոսի 20-ին էլհասցեի միջոցով, որից հետո կմեկնարկի 2-րդ՝ բուն նախագծի իրականացման և վերապատրաստումների փուլը։
II փուլ
II փուլը կմեկնարկի ս.թ. օգոստոսի 20-ին և կավարտվի նոյեմբերի 1-ին՝ նախագծային աշխատանքների հանձնմամբ։ Ծրագրի երկրորդ փուլ անցած դպրոցները կներգրավվեն առնվազն 6 թեմատիկ վերապատրաստումներում (նախագծային աշխատանքի հմտություններ, 21-րդ դարի հմտություններ, ՏՀՏ հմտություններ, պրեզենտացիոն հմտություններ և այլն), որոնց նպատակն է ներգրավված դպրոցներին ուղղորդել և աջակցել լավագույն նախագծային աշխատանք կատարելու ճանապարհին։
«Քարտեզագրելով ազգային կամ համաշխարհային ժառանգություն ստեղծած անհատի ուղին» խորագրով իրականացված նախագծային աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից հետևյալ սանդղակի հիման վրա։ Մասնակիցներից պահանջվելու է նախագծային աշխատանքի վերջնարդյունքը ներկայացնել brainograph.com հարթակում՝ հղումն ուղարկելով Հիմնադրամին։
Լավագույն 50 աշխատանքներ ներկայացրած դպրոցները կվաստակեն նոր սերնդի սմարթ-էկրան: Պարտադիր պայմանները բավարարած և հավասար միավորներ հավաքած դպրոցների ընտրության համար սահմանված հավելյալ չափանիշներն են․
- դպրոցում «Աշխարհացույց» կրթական ծրագրի շահառու սովորողների քանակ,
- դպրոցում «Աշխարհացույց» կրթական ծրագրին ներգրավված ուսուցիչների քանակ,
- դպրոցում նորարարական ուսումնական տեխնիկայի կարիք,
- դպրոցի՝ համայնքում մենթոր լինելու կամ դառնալու հանգամանք։
Ի գիտություն
- Երկրորդ փուլ անցած դպրոցների հետ կիրականացվի մենթորական աշխատանք՝ ըստ Ծրագրի սահմանած ժամանակացույցի և ուղեցույցի։
- Նախագծային աշխատանքների գնահատումը կատարելու է տարբեր կրթական կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը։