«Չես նկատում, թե ժամանակը որքան արագ է թռչում, երբ անում ես մի բան, որը կարևոր ես համարում». զրույց «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի պրոդուկտի զարգացման ղեկավար Արմեն Ներսեսյանի հետ
Uncategorized

«Չես նկատում, թե ժամանակը որքան արագ է թռչում, երբ անում ես մի բան, որը կարևոր ես համարում». զրույց «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի պրոդուկտի զարգացման ղեկավար Արմեն Ներսեսյանի հետ

«Հասնել այնպիսի արդյունքների, որ «Աշխարհացույցը»՝ «Բրեյնոգրաֆը», թնդա ամբողջ աշխարհում, Հայաստանն իր մեծ դերն ունենա համաշխարհային կրթության ասպարեզում, ու դրանով գուցե ինչ-որ չափով բարձրացնենք մեր երկրի անվտանգությունը»:

«Աշխարհացույց» ծրագրի ստեղծման գործում Արմեն Ներսեսյանն իր ուրույն ներդրումն ունի: Նորարարական կրթական այս հարթակի տեխնոլոգիական յուրաքանչյուր մանրուք կյանքի է կոչվում նրա անմիջական մասնակցությամբ: Հիշում է` ինչպես երեկ. 2020 թվականի պատերազմն էր, երբ ծրագրի հեղինակ Հովհաննես Ղազարյանը, ում հետ այն ժամանակ արդեն աշխատում էր, իր հետ կիսվեց գաղափարով:

«Այդ ժամանակ ես էլ էի զորակոչված: Երբեմն լինում էր, որ վերադառնում էի Երևան: Մի օր եկա, հանդիպեցինք Հովհաննեսի հետ: Այգում քայլում էինք, ասաց՝ այսպիսի գաղափար կա: Այն դեռ հում էր, բայց ուղեղիս մեջ մի բան զնգաց, որ լավ գաղափար է: Հովհաննեսն ասաց՝ փորձե՞նք իրագործել, ես միանգամից ասացի՝ միանշանակ կողմ եմ»:

Մասնագիտությամբ ֆիզիկոս Արմենը դեռ պատերազմից առաջ առաջին անգամ դիմել էր կրթական նոր դասընթացի՝ պրոդուկտի կառավարում սովորելու: Կարծես ամեն ինչ խճանկարի պես հավաքվում էր: Դասերն սկսվեցին պատերազմից հետո, և նա հասկացավ, որ այդ նոր գաղափարի իրագործման մեջ իր դերը լինելու էր այն, ինչ պատրաստվում էր սովորել:

«Ու սկսեցինք քննարկումները, որոնք մինչև հիմա էլ ընթանում են, թե ինչ կարող ենք ունենալ երկու տարի հետո, հինգ տարի հետո և այդպես շարունակ: Կարևորն այն էր, որ ճիշտ կարիք էինք վերհանել: Այդ ժամանակ ուսումնասիրություն էինք արել ու պարզել, որ մարդը ցանկացած բան վիզուալ տարբերակով շատ ավելի արագ է սովորում»,- պատմում է պրոդուկտի զարգացման ղեկավար Արմեն Ներսեսյանը:

Առնվազն մեկ-երկու շաբաթ է անհրաժեշտ նույնիսկ ամենափոքր գործիք ստեղծելու համար: Խնդրի վերհանում, պլանավորում, դիզայն, ծրագրավորում, թեստավորում, փորձարկում և այլն, Արմեն Ներսեսյանը փորձում է բառերով նկարագրել այն փուլերը, որոնց համար կարող են երբեմն նույնիսկ գիշերներ լուսացնել, մինչև գործիքը կմտնի բուն կիրառման փուլեր: Գործիքակազմեր են եղել, որոնց ստեղծման համար մինչև կես տարի է պահանջվել:

«Չես նկատում, թե ժամանակը որքան արագ է թռչում, երբ անում ես մի բան, որը կարևոր ես համարում, և առաջնային է քեզ համար. ժամանակն այլևս չի դառնում ցուցիչ: Մեր թիմում հաջողության գրավականն այն է, որ առաջին օրից մենք հավատացել ենք ծրագրի գաղափարին և հիմա էլ հավատում ենք այն մեծ տեսլականին, որի հետևից գնում ենք: Եթե ուզում ենք հզոր երկիր ունենալ և շարունակել լինել ու մեր դերն ունենալ այս երկրագնդի վրա, պետք է կրթվենք։ Պետք է զարգացնենք մեր կրթական համակարգը, մեր երեխաներին տանք կրթվելու լավագույն հնարավորությունները, որոնք համահունչ են զարգացած երկրների կրթական համակարգերին ու հնարավորություններին»։

Արմեն Ներսեսյանը չի թաքցնում՝ հուսահատության պահեր լինում են, բայց դրանց միշտ հաջորդում են խնդիրը շտկելու և ավելին անելու մեծ եռանդն ու ցանկությունը։ «Երևի հինգ տոկոսն էլ չէինք պլանավորում անել նրա, ինչ հիմա անում ենք: Այն ժամանակ անհնար կթվար, որ մենք կունենանք տեխնոլոգիա, որը կկիրառեն Հայաստանի գրեթե բոլոր դպրոցներում, որ ուսուցիչներն ու տնօրենները կասեն՝ երեխաները դասարանից դուրս չեն գալիս, որովհետև իրենց վաստակած ու ձեր տված սմարթ-էկրանով այդ գործիքն են կիրառում ու նույնիսկ դասամիջոցին չեն ուզում դուրս գալ դասարանից»:

Որպես հայ՝ Արմեն Ներսեսյանը հպարտություն է զգում, որ «Աշխարհացույցն» իր տեսակի մեջ միակն է աշխարհում և ամբողջությամբ հայկական արտադրության է։ Ունի երազանք, որը վաղուց նպատակ է․ «Հասնել այնպիսի արդյունքների, որ «Աշխարհացույցը»՝ «Բրեյնոգրաֆը», թնդա ամբողջ աշխարհում, Հայաստանն իր մեծ դերն ունենա համաշխարհային կրթության ասպարեզում, ու դրանով գուցե ինչ-որ չափով բարձրացնենք մեր երկրի անվտանգությունը: Խնդիրն այն է, որ ովքեր այսօր տիրապետում են ամենառաջատար տեխնոլոգիաներին, նրանք էլ կլինեն առաջատար ու թելադրող»,- Արմենը վստահ է՝ այդ օրն էլ է գալու, քանի որ իր թիմի հետ ամեն ինչ հնարավոր է համարում, որտեղ գործին չեն վերաբերվում որպես զուտ աշխատանքի։