Աշխարհացույց․ Տավուշի փորձը
Կայացավ Աշխարհացույցի մարզային վերապատրաստումների եռաստիճան ծրագրի առաջին կենտրոնացված հանդիպումը

Սույն թվականի ապրիլի 28-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում կայացավ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Աշխարհացույցի» մարզային վերապատրաստումների եռաստիճան ծրագրի շրջանակում առաջին կենտրոնացված հաշվետու հանդիպումը՝ «Աշխարհացույց․ Տավուշի փորձը» խորագրով։
Հանդիպումը համախմբել էր շուրջ 200 մասնակիցների՝ մարզի դպրոցների տնօրենների, ուսուցիչների և ծնողական համայնքի ներկայացուցիչների, որոնք մեկ հարթակում քննարկեցին կրթության արդիականացման հնարավորությունները, ծրագրի արդյունքները և համագործակցության հեռանկարները։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը, ով նաև վարեց բաց հարցուպատասխան՝ բարձրաձայնելով ժամանակակից դպրոցի զարգացմանը խոչընդոտող առանցքային խնդիրները։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Տավուշի մարզում իրականացված վերապատրաստումների ընթացքն ու ձեռքբերումները, ինչպես նաև «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի կիրառման փորձը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց տեղային կարողությունների զարգացմանը և մենթոր-ուսուցիչների դերակատարությանը՝ որպես համայնքային կրթական փոփոխությունների շարժիչ ուժ։
Միջոցառման առանցքային հատվածներից էր Տավուշի մարզային մենթոր-ուսուցիչ Տաթև Խաչիկյանի հաշվետու խոսքը, որտեղ նա ներկայացրեց իրականացված աշխատանքի ամբողջական ընթացքը՝ ընդգծելով անցած ճանապարհը, ներգրավված ուսուցիչների շրջանակը և դպրոցներում արձանագրված առաջին փոփոխությունները։
Իր ելույթում նա կարևոր շեշտադրում արեց, որ կրթական գործընթացում հաճախ «տեխնոլոգիաներն ու թվային նորարարությունները դիտվում են որպես վերջնական նպատակ», մինչդեռ իրականում դրանք ընդամենը միջոց են՝ ավելի արդյունավետ ուսուցման համար։ Նա նաև ընդգծեց, որ «միջին և ավագ սերնդի ուսուցիչների ներուժը հաճախ թերագնահատվում է», սակայն ճիշտ մոտեցման դեպքում հենց նրանք կարող են դառնալ կրթական փոփոխության ամենակայուն և պատասխանատու կրողները։
Տաթև Խաչիկյանը նաև նշեց, որ ուսուցիչները առավել պատրաստակամ են ներգրավվելու, երբ իրենց առաջարկվում են ոչ թե պատրաստի լուծումներ, այլ «գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել, փորձարկել և հարմարեցնել դասը իրենց կոնտեքստին»։
Ելույթում հստակ ձևակերպվեց նաև ծրագրի մեթոդաբանական մոտեցումը՝ անցում «պասիվ գիտելիքի փոխանցումից դեպի ակտիվ ներգրավված ուսուցում», որտեղ աշակերտը դառնում է գործընթացի լիարժեք մասնակից։
«Մեր դպրոցը 3 տարի Աշխարհացույցից հետո կլինի…» խորագրով ինտերակտիվ քննարկման ընթացքում մասնակիցները ձևակերպեցին իրենց պատկերացումը ապագայի դպրոցի մասին՝ ընդգծելով, որ այն պետք է լինի ավելի մասնակցային, համագործակցային և աշակերտակենտրոն, որտեղ ուսուցիչը հանդես է գալիս որպես ուսուցման գործընթացի առաջնորդ, իսկ դասերը կառուցվում են ժամանակակից մեթոդների և գործիքների համադրմամբ։
Քննարկման ընթացքում հնչեց նաև ուժեղ և խորհրդանշական միտք․ «Հայրենիքը գործով են սիրում, ուղղակի ասելով չի։ Եվ ես ձեզ ասեմ՝ ոչ թե երեք տարի հետո, այլ մեկ տարի հետո Դովեղի ողջ համայնքը տիրապետելու է Աշխարհացույց կրթական հարթակին», — նշեց Դովեղի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Մանուշ Սարուխանյանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի այլ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ընդգծելով կրթական համակարգում շարունակական և համապարփակ աշխատանքի կարևորությունը։
«Աշխարհացույց․ Տավուշի փորձը» հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կրթական փոփոխությունը առավել արդյունավետ է, երբ այն ձևավորվում է տեղում՝ համայնքի ակտիվ ներգրավմամբ և համագործակցությամբ։
Հիմնադրամը շարունակելու է մարզային հանդիպումների շարքը՝ ընդլայնելով ծրագրի աշխարհագրությունն ու խորացնելով կրթական համայնքների ներգրավվածությունը։























































