«Ֆինանսական գրագիտություն․ գիտելիքից դեպի կիրառություն»․ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի և Ameriabank-ի համատեղ աշխատարան
Uncategorized

«Ֆինանսական գրագիտություն․ գիտելիքից դեպի կիրառություն»․ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի և Ameriabank-ի համատեղ աշխատարան

Ապրիլի 17-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ Հիմնադրամի և Ameriabank համատեղ կրթական աշխատարանը՝ «Ֆինանսական գրագիտություն․ գիտելիքից դեպի կիրառություն» խորագրով։ Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբեց կրթության ոլորտի ներկայացուցիչների, ուսուցիչների, սովորողների և նրանց ծնողներին՝ կարևորելու ֆինանսական գիտելիքի դերը ժամանակակից կյանքում և այն վերածելու գործնական հմտության։

Աշխատարանի մեկնարկին ներկայացվեց երկու կառույցների համագործակցության շրջանակը՝ շեշտադրելով, որ կրթական որակի բարձրացման և ապագայի մրցունակ սերնդի ձևավորման ճանապարհին կարևոր է նաև ֆինանսական մտածողության զարգացումը։

Միջոցառման առաջին հատվածում ներկաներին ողջունեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Սոնա Եղիազարյանը՝ նշելով. «Դուք այստեղ եք, որովհետև ձեր դպրոցները սա վաստակել են՝ ձեր աշխատանքի, ձեր մտածողության և ձեր ստեղծած արժեքի շնորհիվ։ Այսօրվա թեման՝ ֆինանսական գրագիտությունը, առաջին հայացքից կարող է թվալ գործնական կամ նեղ մասնագիտական, բայց իրականում այն իրական կյանքի մասին է․ այն մասին, թե ինչպես ենք մենք որոշումներ կայացնում, ինչպես ենք հասկանում արժեքը և ինչպես ենք կողմնորոշվում այս բարդ աշխարհում»։

Նա նաև ընդգծեց, որ Վիզուալում հավատում են՝ կրթությունը պետք է ոչ միայն փոխանցի գիտելիք, այլ ձևավորի մտածողություն, օգնի հասկանալ համակարգերը, տեսնել կապերը և գործել գիտակցված։

Այնուհետև «Աշխարհացույց» ծրագրի վերապատրաստող ուսուցիչներից Նաիրա Երկանյանը ներկայացրեց ՍԷԱԴ 2025-ի հաղթող դպրոցներից մեկի նախագծային աշխատանքը՝ «Ալեքսանդր Մանթաշյանց․ փողի ուժն ու արժեքը» խորագրով։

Ներկայացման ընթացքում ընդգծվեց, որ Ալեքսանդր Մանթաշյանցը դեռևս մեկ դար առաջ կիրառում էր այն սկզբունքները, որոնք այսօր համարվում են հաջող բիզնեսի և կայուն տնտեսության հիմքեր։ Նրա գործունեությունը հիշեցրեց կարևոր մի գաղափար՝ փողը գործիք է, իսկ նպատակը՝ արժեք ստեղծելը։

Աշխատարանի, հիմնական բանախոսն էր Ամերիաբանկի MyAmeria և MyAmeria Star պրոդուկտների ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը, ով ներկայացրեց «Ֆինանսական գրագիտությունը մեր օրերում» թեման։ Քննարկվեցին ֆինանսական գրագիտության աշխարհում առաջին քայլերն անելու համար անհրաժեշտ հիմնական թեմաները` խնայողությունների մշակույթից մինչև փողի պատասխանատու կառավարում, թվային ֆինանսական գործիքների կիրառումից մինչև ֆինանսական անվտանգության կարևորագույն հարցեր։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ բաց քննարկում, փորձի փոխանակում և ամփոփում, որի ընթացքում մասնակիցները ձևակերպեցին իրենց հաջորդ քայլերը՝ արդեն ստացած գիտելիքն առօրյա կյանքում կիրառելու ուղղությամբ։

Մասնակիցները շփվեցին նաև Հիմնադրամի գործադիր տնօրեն և Աշխարհացույցի հեղինակ պարոն Հովհաննես Ղազարյանի հետ՝ հետաքրքրվելով հարթակի ստեղծման գաղափարից մինչև AI փոփոխությունների մարտահրավերներ և հնարավորություններ։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստեց, որ ֆինանսական գրագիտությունը միայն տնտեսագիտական գիտելիք չէ․ այն կյանքի հմտություն է, որը ձևավորում է պատասխանատու որոշումներ կայացնելու մշակույթ, ֆինանսական անկախություն, ինքնուրույնություն և վստահություն ապագայի հանդեպ։

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը շարունակելու է գործընկեր կառույցների հետ իրականացնել կրթական ծրագրեր, որոնք միավորում են գիտելիքը, տեխնոլոգիան և կիրառական փորձը։