Արդյունքների միջնաժամկետ ամփոփում Մենթորական ծրագրի 33 կրթաթոշակառուների հզորացման ճանապարհին
«Ցանկացած դասի համար ունեմ մեթոդ, այլևս չունեմ տապալված դասեր», — նշում է ծրագրի մասնակից մենթի Կարինե Քոչոյանը։
Հիմնադրամի գրասենյակի դահլիճում շաբաթ օրերին այլևս հաճելի աշխուժություն է տիրում․ վերապատրաստումներ, տարաբնույթ միջոցառումներ, աշխատանքային հանդիպումներ։
Այս շաբաթ էլ հանդիպումը «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024» ծրագրի շահառու՝ 33 կրթաթոշակառու ուսուցիչների հետ էր, որոնք վաղ առավոտից Հիմնադրամ էին եկել Հայաստանի տարբեր մարզերի բնակավայրերից ներկայացնելու, քննարկելու և ամփոփելու Ծրագրի և Հիմնադրամի հետ անցած իրենց ճանապարհը։
Ս․թ․ հունիսին մեկնարկած «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024» ծրագիրը տալիս է 21-րդ դարի ուսումնառություն՝ հագեցած վեցամսյա դասացուցակով, որում ներառված են այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են դասի պլանավորման հինգ քայլերը, նախագծային և տարբերակված ուսումնառությունը, հետազոտական և համագործակցային աշխատանքը, ամփոփիչ աշխատանքների ներկայացուցչական մոդելավորումը։ Ծրագիրը ուսուցանվում է տնային աշխատանքների, ռեսուրսների ստեղծման, աշխատարանների (վորքշոփ) կազմակերպման, և, իհարկե, ատեստացիայի միջոցով։
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ողջունելով մենթիներին, հորդորեց նրանց անկաշկանդ և անկեղծ խոսել կրթաթոշակային ծրագրի ընթացքի, դրա և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերի մասին՝ նշելով․ «Մեր այսօրվա հանդիպման նպատակն է շոշափել ծրագրի ընթացքը, քննարկել երևան եկող կարիքները, վերհանել ծրագրի կարճաժամկետ արդյունքներն ու ձևակերպել երկարաժամկետ ակնկալիքները»։
Մենթիները պատմեցին, թե ինչ է տալիս «Աշխարհացույցի» մենթորության կրթաթոշակային ծրագիրն իրենցից յուրաքանչյուրին։
«Նախ այս հանդիպումը շատ սպասված էր մեզ համար, մի քանի ամիս է հեռավար ենք աշխատում, այսօր՝ առավոտ վաղ, Սյունիքից շտապել եմ մայրաքաղաք, որ կենդանի շփվեմ ու ներկայացնեմ նաև իմ սովորածը։ Ծրագիրը չի ճանաչում ո՛չ հեռավորություն, ո՛չ տարիք», — նշեց ծրագրի մենթի Մերի Մարտիրոսյանը։ Արարատից Փառիկ Նաղդալյանը հավելեց․ — «Ամեն հինգշաբթի սովորում ես, սովորածդ անմիջապես կարողանում ես դնել կիրառության մեջ։ Ես նախաձեռնել եմ հետազոտություն․ դասեր եմ կազմակերպում Աշխարհացույցով և առանց Աշխարհացույցի, արդյունքներն ապշեցնող են, Աշխարհացույցով դասերի ժամանակ և արդյունքում նույնիսկ ամենաթույլ կարողություններով աշակերտներն ամբողջությամբ յուրացնում են դասը։ Դասերս դարձել են աշակետակենտրոն, այլևս ես անդադար չեմ խոսում, սովորողներս են աշխատում, կառուցում դասը»։
«Վերապատրաստումների այս տեղատարափ աշխարհում գտել եմ բացառիկ ծրագիր, որտեղ սովորեցի արյունավետ կառավարել ժամանակը, կազմակերպել միջառարկայական դասեր, սահմանել դասի խնդիր, կազմել թեմատիկ պլան, վերջապես յուրացրեցինք չափորոշիչները։ Ցանկացած դասի համար ունեմ մեթոդ, այլևս չունեմ տապալված դասեր։ Սովորել եմ նպատակային ամփոփիչ աշխատանքներ կազմել, նախագծային ուսումնառություն իրականացնել», — կարևորեց Կարինե Քոչոյանը Շիրակից։ «Չէ իսկապես հարթակն ու կրթաթոշակային ծրագիրը պարգև է ուսուցչին, ինչպես Նեղոսը՝ Եգիպտոսի համար», — հավելեց Հովհաննես Հարությունյանը Տավուշից։ «Ծրագիրը շատ մտածված է, մենք մեր մաշկի վրա ենք զգում։ Աշխարհացույցն առհասարակ ստիպեց չթողնել մանկավարժությունը, դպրոցը», — անկեղծացավ Օլյա Թոսունյանը Արարատից։
«Վերջապես հասկացանք ու տեղայնացրեցինք խաչվող հասկացությունները, խնդրի սահմանումը, սրանք այլևս լարվածություն առաջ չեն բերում ինձ մոտ», — նշեց Արփինե Կարապետյանը Կոտայքից։ Շիրակից Աննա Մանուկյանն էլ իր հերթին հաստատեց, որ ուսուցչի համար ամենախրթին թեման՝ խաչվող հասկացությունները, վերջապես ընկալելի դարձան, և սովորեցին, թե ութ կարողունակություններից քանիսը և ինչպես կարելի է մեկ դասի ընթացքում կիրառել։
«Վերջին տարիներին մասնագիտական լճացում ենք ունեցել, իսկ այսօր ունենք ամեն օր դասից զարմացած ու մոտիվացված հեռացող սովորող, սրան նպաստում է ինչպես հարթակն իր տարաբնույթ գործիքներով, ինտերակտիվ քարտեզով, հարուստ հայալեզու բովանդակությամբ, այլ նաև կրթաթոշակային ծրագրում սովորած հինգ քայլերով դասի պլանավորումը, մտածողության զարգացմանը նպաստող ԾՆԲԱՍ (ծագում, նպատակ, բովանդակություն, արժեք, սահմանափակում) և ՆԿՀԱ (նորույթ, կիրառելիություն, հիշողություն, ազդեցություն) մեթոդների կիրառումը», — բարձրաձայնեցին և իրենց անձնային ձեռքբերումներով կիսվեցին մենթիները՝ կարևորելով, որ ձեռք են բերել նաև լավ ընկերներ, և իհարկե ցանկալի կլիներ, որ առկա հանդիպումներն ավելի հաճախ լինեին։
«Անշեղորեն իրականացնում ենք Կրթաթոշակային ծրագրի հայեցակարգով սահմանված նպատակները։ Աշխարհացույց կրթական հարթակի շնորհիվ սովորում և կիրառում ՏՀՏ բազմաթիվ գործիքներ ոչ միայն դասավանդման ռեսուրսները համակարգելու, այլ նաև դասավանդման և ուսումնառության գործընթացն ավելի հեշտ և արդյունավետ դարձնելու համար: Ծանոթանում ենք մանկավարժության արդի մոտեցումներին և տեսություններին, որն անպայմանորեն նպաստում է ուսումնառության գործընթացի որակի բարելավմանը: Ուսուցիչները զարգացնում են համագործակցելու կարողունակություններ, քանզի համատեղ քննարկումների և գործնական աշխատանքների արդյունքում ստեղծում են ուսումնական նյութեր, որոնք կիրառվում են դասավանդման մեջ։ Զարգացնում են առաջնորդության հմտություններ, քանի որ իրենց փորձով և կարողունակություններով կիսվում են համայնքի հետ և առաջնորդում համայնքի կրթական զարգացումները՝ դեպի նորարար մոտեցումներ և լուծումներ, դեպի Աշխարհացույց։ Ես բավարարաված եմ իմ այս թիմից, որտեղ կա առողջ մրցակցություն, մեծ մոտիվացիա և սովորելու անհագ ցանկություն», — կարևորեց Ծրագրի մեթոդիստ, դասընթացավար Սեդա Քոչարյանը, որը միջոցառմանը հեռավար ձևաչափով էր ներկա Գերմանիայից։
Արժանահիշատակ է, որ այս տարի Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրին դիմել էին Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում աշխատող 129 մանկավարժներ, որոնք նոր հմտությունների ու կարողությունների ձեռքբերման, դասավանդման նորարարական մեթոդների ուսումնասիրության և մրցունակ սերունդ կրթելու հստակ որոշմամբ էին։ Հաղթահարելով երկփուլային ընտրությունն ու իրենց առջև դրված խնդիրները՝ հենց այս 33 ուսուցիչների խումբն է, որ ներգրավվեց 6-ամսյա հագեցած կրթական գործընթացում և հաջողությամբ գնում է դեպի դրա ավարտ։