«Աշխարհացույց»-ը չպետք է կանգ առնի, այն պետք է զարգանա. զրույց Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցի տնօրեն Զինա Խաչատրյանի հետ
««Աշխարհացույց»-ն ու սմարթ-էկրանը դպրոցում տրամադրություն են ստեղծում․․․ Ուսուցիչն իր դասից հաճույք է ստանում, նա բավարարված ու ոգևորված է դուրս գալիս դասից՝ իր նպատակին հասած: Դա քիչ բան չէ: Իսկ երբ ծնողն է արձագանքում, հասկանում ենք, որ ճիշտ ուղու վրա ենք»:
Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցի առանձնահատկություններից մեկն էլ մենթոր դպրոց լինելն է: Սա նշանակում է, որ վերապատրաստումների պակաս այստեղ չի լինում: Ուսուցիչներն ու տնօրենը կամ վերապատրաստում են, կամ իրենք են վերապատրաստվում, կամ էլ՝ երկուսը միաժամանակ: Բայց որքան էլ զբաղված լինեն, վերապատրաստումների խիտ գրաֆիկում տնօրեն Զինա Խաչատրյանը պատուհան գտնում է «Աշխարհացույց»-ի մասին խոսելու համար:
«Հրաշալի գործիք է: Հրաշալի հարթակ է, որով կարող ես դասդ հետաքրքիր կառուցել: Եթե այսօր դասը հետաքրքիր չեղավ, աշակերտն ուղղակի չի լսի: Մենք հրաշալի սերունդ ունենք՝ բազմակողմանի զարգացած, պարզապես պետք է ճիշտ ուղղորդել նրանց գիտելիքը: Պետք է դասապրոցեսն արդյունավետ կազմակերպել, իսկ սա, իրոք, հրաշալի գործիք է: Ու այն միայն աշակերտինը չէ: Մենք էլ ենք սովորում: Կրթությունը շարունակական պրոցես է: Ես իմ օրինակով կասեմ. եթե մեկ ամիս չես աշխատում քեզ վրա, անմիջապես երևում է»:
Տիկին Խաչատրյանը երեսուն տարուց ավելի դպրոցում է և «Աշխարհացույց»-ի նման կրթական այլ հարթակ չի հիշում իր գործունեության ընթացքում: Այն առայժմ միակն է իր տեսակի մեջ, որը ոգևորել ու վարակել է ողջ ուսուցչական կազմին: Թիվ 94 ավագ դպրոցն առաջիններից է եղել, որ տարվել է «Աշխարհացույց»-ի գաղափարով և այն ներմուծել դասապրոցես: Տնօրեն Խաչատրյանը նկատել է՝ թեև երիտասարդ սերնդի մասնագետներն ավելի արագ են յուրացնում նորարարական այս հարթակն ու այն դարձնում դասավանդման անբաժանելի մաս, բայց ավագ սերնդի ուսուցիչների մոտ ևս մեծ է հետաքրքրությունն ու ձգտումը. «Մենք մի ուսուցիչ ունենք, որին աշակերտներն այնքան էին պատմել «Աշխարհացույց»-ի մասին, որ նրանց հետ գնացել էր, մասնակցել պատմության դասին: Ասում էր՝ ուզում եմ հասկանալ, թե ես ինչպես կարող եմ օգտագործել գործիքն իմ դասի ժամանակ»:
«Աշխարհացույց»-ը լավ իմացող ուսուցիչներն իրենց փորձով կիսվում են մյուսների հետ: Զինա Խաչատրյանն անձամբ է խրախուսում ուսուցիչներին սովորել ու սովորեցնել: Նույնիսկ դասընթաց են մշակել և իրենց մոտ վերապատրաստվող մյուս դպրոցների ուսուցիչներին ևս ծանոթացնում են «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հետ: Տիկին Խաչատրյանն ուզում է, որ մյուս դպրոցներն էլ ճաշակեն հաղթանակի համը, ինչպես իրենք, երբ մասնակցեցին «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթին, հաղթեցին և դպրոց բերեցին առաջին սմարթ-գրատախտակը:
«Միանգամայն այլ զգացողություն է, երբ ուսուցիչն ու աշակերտներն իրենք են չարչարվում ու իրենց աշխատանքով վաստակում այդ խելացի գրատախտակը: Դա է հաղթանակը: Նախագծային հրաշալի աշխատանք էին կատարել, իսկ դրա շնորհիվ աշակերտի մոտ ձևավորվում է արժեհամակարգ ու քննադատական մտածողություն, գիտելիքի վրա հիմնված՝ կարողունակություններն են զարգանում, ինչն էլ այսօրվա պահանջն է: Իհարկե, հպարտանում ենք: Աշակերտներն էլ, գիտեք՝ ի՜նչ հպարտ էին: Մի հետաքրքիր բան էլ կա. իրենք ասացին, որ առաջին հերթին լավ են զգում, որովհետև դպրոցի համար լավ բան են արել, իրենց ներդրումն են ունեցել: Մրցույթին մասնակցած աշակերտներն այժմ տասներկուերորդ դասարանում են, շուտով կավարտեն դպրոցը, բայց այն միտքը, որ իրենցից հետո եկողներն օգտվելու են իրենց վաստակած գրատախտակից, ջերմացնում է»:
Տիկին Խաչատրյանն անկեղծ է նաև իր զգացողությունների մասին խոսելիս. «Մեծամտացել եմ [ծիծաղում է], մենք բոլորս ենք մեծամտացել, իհարկե, չակերտավոր ասած: Շատ լավ ենք զգում: Չէ՞ որ դպրոցն ընտանիք է, և ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաջողությունը բոլորիս հաջողությունն է: Միշտ երազել եմ, որ մեր դպրոցում էլ այդպիսի գրատախտակ ունենանք: Ասում էի՝ իսկ ինչո՞ւ ոչ մենք, ինչո՞ւ մենք էլ չհասնենք դրան»:
«Աշխարհացույց»-ն ու սմարթ-գրատախտակը դպրոցում տրամադրություն են ստեղծում: «Անգամ դասասենյակն ենք նախապես նորոգել, որտեղ պետք է այն տեղադրեինք»,- նկատում է տիկին Խաչատրյանն ու ավելացնում, որ կողքի խորդանոցն էլ են նորոգել, դասասենյակ դարձրել ու այն հատկացրել դիզայներական հոսքի աշակերտներին, որպեսզի արվեստն ուսումնասիրելիս նրանք նույնպես մոտ լինեն «Աշխարհացույց»-ին ու սմարթ-գրատախտակին: Տրամադրությունից բացի, դպրոցի ընդհանուր մթնոլորտն է փոխվել:
«Ուսուցիչն իր դասից հաճույք է ստանում, նա բավարարված ու ոգևորված է դուրս գալիս դասից՝ իր նպատակին հասած: Դա քիչ բան չէ: Իսկ երբ ծնողն է արձագանքում, հասկանում ենք, որ ճիշտ ուղու վրա ենք»:
Զինա Խաչատրյանը ևս մեկ օրինաչափություն է նկատել. պատմությունը՝ որպես նպատակային առարկա ընտրողների թիվն աճում է: Նույնիսկ այլ հոսքերի աշակերտներն են ուզում տեղափոխվել: Սա տիկին Խաչատրյանը կապում է «Աշխարհացույց»-ի և սմարթ-էկրանի հետ:
««Աշխարհացույց»-ի գաղափարը շատ լավն է: Արդյունքը մենք արդեն տեսնում ենք, մեր մաշկի վրա ենք այն զգում, աշակերտի լավ տրամադրվածությունն ենք տեսնում: Ուզում եմ, որ այն երկար կյանք ունենա: Այն չպետք է կանգ առնի, պետք է զարգանա»: