«Աշխարհացույց»-ը դուռ է դեպի ապագան. զրույց մենթոր ուսուցիչ Ռոզա Սուչյանի հետ
Uncategorized

«Աշխարհացույց»-ը դուռ է դեպի ապագան. զրույց մենթոր ուսուցիչ Ռոզա Սուչյանի հետ

«Ես հավատում եմ, որ ապագան դպրոցի ուսուցչի ձեռքերում է: Եթե յուրաքանչյուրս գիտակցենք դա, շատ ավելի լավ սերունդ ենք ունենալու, քան պատկերացնում ենք»:

Ռոզա Սուչյան2023 թ․ «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագրի շրջանավարտ Գեղարքունիքի Կարմիրգյուղի համար 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ
Ռոզա Սուչյան
2023 թ․ «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագրի շրջանավարտ
Գեղարքունիքի Կարմիրգյուղի համար 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ

Սկզբում տնտեսագետ Ռոզա Սուչյանը դպրոցում աշխատանքի անցավ՝ որպես գնումների համակարգող: Հետո հասկացավ՝ դպրոցն իրենն է, ուզում է դասավանդել: Ընտրեց երկրորդ մասնագիտություն և դարձավ պատմության ուսուցչուհի: Առարկայի ընտրության հարցում ոչ մի վայրկյան չի կասկածել. «Պատմությունն ինձ համար միշտ եղել է աշխարհաճանաչողության միջոց»:

Պատմական թվերը հետաքրքիր ներկայացնելու ճանապարհներ միշտ է փնտրել, մինչև մի օր` 2022 թ․ հոկտեմբեր ամսին հեռուստատեսությամբ պատահական լսեց «Աշխարհացույց»-ի մասին: Այդ ժամանակ կրթական հարթակը դեռ նոր էր գործարկվել: «Միանգամից ուշադրությունս գրավեց: Մոտեցա հեռուստացույցին և տեսնում եմ, թե ինչպես են քարտեզը մոտեցնում ու մեծացնում, ինչի մասին երազում էինք: Հետաքրքրվեցի, անմիջապես գրանցվեցի հարթակում, մեծ դժվարությամբ պրոյեկտոր հայթայթեցինք դպրոցում, որպեսզի կարողանայինք դասն անցկացնել: Այդպես սկսվեց իմ ու «Աշխարհացույց»-ի համատեղ ճանապարհը»:

«Աշխարհացույց»-ի վառ գույներն ու հնարավորությունները գրավեցին տիկին Սուչյանին: Նորարարական կրթական այս հարթակը երկու տարի ուսումնասիրելուց հետո էլ նա չի դադարում նորովի բացահայտել այն: Ամեն անգամ տպավորությունները վառ են, ինչպես առաջին անգամ. «Պայծառ մի աշխարհ, որը լի է վառ գույներով ու անսահման տեղեկատվությամբ: Զգում ես, որ պատմությունն ուղղակի առարկա չէ, այն շունչ է առնում և կենդանանում քո առաջ»:

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի 2-րդ միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Սուչյանն առաջինն էր, որ կիրառեց «Աշխարհացույց»-ն իրենց դպրոցում, երկու անգամ մասնակցեց ուսուցիչների վերապատրաստման եռամսյա ծրագրին և առաջիններից մեկն էր ողջ Հանրապետությունում, որ մասնակցեց ու բարեհաջող ավարտեց «Աշխարհացույց»-ի «Ուսուցչի մենթորական կարողությունների զարգացման կրթաթոշակ» ծրագիրը: Այժմ նա «Աշխարհացույց»-ի առաջին 20 մենթոր ուսուցիչներից մեկն է:

Ռոզո Սուչյանն իր աշակերտի հետ
Ռոզո Սուչյանն իր աշակերտի հետ

«Նախ մեթոդներով հարստացանք ու զինվեցինք, օրինակ հաջողությամբ տեղայնացրել ու կիրառում եմ հինգ քայլով (5E մոդելով) դասի պլանավորումը, դասի սկզբում գործածում եմ խայծ հնարը կամ դասի բուն թեման ուսումնասիրելուց առաջ դիտում ենք թեմային առնչվող նկարներ, վերլուծում դրանք և այլն: Հիմա դու գիտես, ուղղակի վստահ ես, որ նույնիսկ հանպատրաստից, զգալով դասարանի տրամադրությունը, կարող ես այնպիսի դաս անցկացնել, որ ինքդ էլ կզարմանաս: Այս ծրագիրն ինձ մեծ ինքնավստահություն է տվել: Ուսուցիչը ե՞րբ է բավարարված զգում, երբ ճանաչված է ուսուցչական համայնքում և գոհ է իր աշխատանքից: Իսկ այս դեպքում դու, իրոք, հաճույք ես ստանում քո աշխատանքից և դու ոչ միայն դասարանում ես հաջողում, այլև ուսուցչական համայնքում»:

Չորս ամիս վերապատրաստվելուց հետո տիկին Սուչյանն այժմ ինքն է վերապատրաստում ուսուցիչ գործընկերներին՝ որպես մենթոր ուսուցիչ` օգնելով գործընկերներին գրանցվել «Աշխարհացույց» հարթակում, հմտանալ գործիքակազմում, ճիշտ գործածել բովանդակությունն ու դասերը պլանավորել և իրականացնել տրված հնարավորություններով: Ուզում է, որ նրանք էլ զինվեն նորագույն մեթոդներով և գիտելիքով, սովորեն կիրառել «Աշխարհացույց» կրթական հարթակն ու իրենց դասերն անցկացնեն նույնքան արդյունավետ, որքան ինքը: Ըստ Ռոզա Սուչյանի՝ «Աշխարհացույց»-ն այն նորարարությունն էր, ինչի կարիքն այդքան ուներ այսօրվա դպրոցը:

Ռոզա Սուչյանի դասն «Աշխարհացույցով» նոր սերնդի սմարթ-էկրանով, Գեղարքունիք, Կարմիր գյուղ
Ռոզա Սուչյանի դասն «Աշխարհացույցով» նոր սերնդի սմարթ-էկրանով, Գեղարքունիք, Կարմիր գյուղ

«Այն դուռ է դեպի ապագան ու անցյալը: Հին մեթոդներով մենք չենք կարող նորը սովորեցնել, նորը բերել դպրոց, իսկ այս հարթակը լրիվ նորարարություն է: Այն գործիք է ուսուցչի ձեռքին՝ երեխաներին ոչ միայն գիտելիք տալու, այլև կյանքին պատրաստելու համար: Հիմա միայն պասիվ գիտելիք ունեցողն այլևս մրցունակ չէ աշխատաշուկայում: Մեզ պետք են այնպիսի աշակերտներ, որոնք կկարողանան իրենց իրացնել կյանքում: Իսկ դա անելու համար պետք է որոշակի հմտություններ զարգացնել՝ քննադատական, վերլուծական մտածողություն, մեկնաբանելու կարողություն, որը կօգնի աշակերտին սեփական ներուժն ամբողջությամբ իրացնել: Իսկ այս ամենին կարող ենք հասնել նաև այս գործիքի միջոցով»:

Փոփոխությունն արդեն տեսանելի է: Ամեն դասին տիկին Սուչյանը տեսնում է, թե ինչպես են աշակերտները դառնում դասի մասնակից ու համահեղինակ: Նրանք դասարան են մտնում ոգևորված ու դուրս գալիս՝ ժպիտը դեմքին, մյուս դասի սպասումով: «Աշխարհացույց»-ի գունառատ ու ինտերակտիվ քարտեզները ոգեշնչում են նրանց, զանգը դեռ չհնչած՝ արդեն դասարանում են ու չեն շտապում հեռանալ:

«Գիտե՞ք, երբ եմ համարում դասս հաջողված, երբ զգում եմ, որ աշակերտը ժպիտով դուրս եկավ դասարանից, երբ բոլոր զգայարաններն աշխատում են գիտելիք վերցնելիս: Այսինքն՝ նա ոչ միայն լսում է, այլև տեսնում ու շոշափում: Ու դու հասկանում ես, որ քո դասը չեն սովորում զուտ գնահատական ստանալու համար: Այժմ աշակերտն ինքն է դառնում հետազոտող, ինքն է փորձում վերլուծել: Այ, սա է փոխվել իմ դասի մեջ: Նույնիսկ վերջին շարքում նստած աշակերտն անկախ իրենից ներառվում է դասի մեջ: Ոգևորությունն ակնհայտ է: Մյուս առարկաների համեմատ՝ պատմության վարկանիշը բարձրացել է դպրոցում: Չնայած մյուս առարկաներն էլ են արդեն ինտեգրում, բայց ամեն ինչ սկսվեց պատմությամբ»,— Ռոզա Սուչյանն ասում է, որ որպես պատմության մասնագետ՝ իրեն շոյված է զգում:

Հենց պատմություն առարկայի շնորհիվ են ինքն ու աշակերտները դպրոցի համար խելացի գրատախտակ վաստակել՝ մասնակցելով «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցութային ծրագրին: Տիկին Սուչյանը նկատել է, որ սմարթ-էկրանի մուտքը դպրոց վարակիչ օրինակ է դարձել, յուրաքանչյուրն ուզում է մի նոր բան անել դպրոցի համար: «Զգում ես, որ ուղղակի աշխատանք չես կատարում, այլ հանրօգուտ գործ ես անում: Յուրաքանչյուրիցս մի բան կախված է, լումա առ լումա հավաքվում է և դառնում մեծ արժեք: Ես հավատում եմ, որ ապագան դպրոցի ուսուցչի ձեռքերում է: Եթե յուրաքանչյուրս գիտակցենք դա, շատ ավելի լավ սերունդ ենք ունենալու, քան պատկերացնում ենք: Հաճելի է լինել այն փոփոխությունների մի մասնիկը, որ որդեգրել է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը, որն էլ կբերի երկրի զարգացմանը»:

Դաս «Աշխարհացույց» կրթական հարթակով Lesson through the WorldView educational platform
Դաս «Աշխարհացույց» կրթական հարթակով