📢 Մեկնարկում է «Աշխարհացույցի» ուսուցիչների եռամսյա վերապատրաստումների 8-րդ շրջափուլը
Uncategorized

📢 Մեկնարկում է «Աշխարհացույցի» ուսուցիչների եռամսյա վերապատրաստումների 8-րդ շրջափուլը

Նոր շրջափուլ, նոր առարկաներ, նոր հնարավորություններ

Հարգելի՛ ուսուցիչներ,

Շա՞տ էիք սպասում այս հայտարարությանը։ Դե ինչ, եկել ենք։

Հոկտեմբերի 23-ից «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մեկնարկում է «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման եռամսյա հեռավար անվճար վերապատրաստումների արդեն 8-րդ շրջափուլը։

Եվ այս անգամ մեկնարկում ենք զարգացման նոր փուլով։

«Աշխարհացույցը» շարունակում է ընդլայնել իր առարկայական սահմանները։ Պատմությանը, աշխարհագրությանը, գրականությանը և հումանիտար մյուս ուղղություններին զուգահեռ՝ հարթակում ավելի մեծ տեղ են զբաղեցնում բնագիտական և STEM ուղղությունները, իսկ 8-րդ շրջափուլի կարևոր նորություններից մեկը կենսաբանությունն է՝ իր վիզուալ, ինտերակտիվ և հետազոտական նոր հնարավորություններով։

Եթե պատմական իրադարձությունը կարելի է տեսնել քարտեզի և ժամանակագրության վրա, գրական ստեղծագործությունը՝ կապել ժամանակի, տարածության ու հասարակական միջավայրի հետ, ապա ինչպե՞ս կարելի է տեսանելի դարձնել բջջի կառուցվածքը, օրգան-համակարգերի զարգացումը, կենսաբազմազանությունը կամ մարդու և բնության փոխազդեցությունը։

8-րդ շրջափուլում աշխարհները «հանդիպելու են» միմյանց։

Որովհետև որքան շատ առարկաներ են միանում «Աշխարհացույցին», այնքան մեծանում են նաև միջառարկայական ուսուցման հնարավորությունները։ Պատմությունը կարող է հանդիպել կենսաբանությանը, աշխարհագրությունը՝ բնապահպանությանը, գրականությունը՝ հասարակագիտությանը, իսկ տեխնոլոգիաները կարող են դառնալ այդ կապերը տեսանելի և հետազոտելի դարձնող գործիք։

Մի խոսքով, 8-րդ եռամսյան թեժ է լինելու․ նոր առարկաներ, նոր գործիքներ, նոր կապեր և միջառարկայական դասերի շատ ավելի մեծ հնարավորություններ։
Եվ, իհարկե, Եռամսյան շարունակում է բաց լինել բոլոր առարկաների ուսուցիչների համար։

Եթե ցանկանում եք ձեր դասերը դարձնել ավելի տեսանելի, կենդանի ու ներգրավող, ձեռք բերել ժամանակակից կրթական գործիքներ և դառնալ «Աշխարհացույցի» գիտակ, հմուտ և հետազոտող ուսուցիչ, միացե՛ք մեզ։

2026 թ. «Աշխարհացույցի» եռամսյա վերապատրաստումների ծրագիրը երաշխավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2026 թ. մայիսի 22-ի N 946-Ա/2 հրամանով։

✨ Եռամսյան հնարավորություն է՝

  • վերաիմաստավորելու և զարգացնելու դասավանդման ձեր մոտեցումները,
  • սովորելու վիզուալ և ինտերակտիվ կրթական գործիքների արդյունավետ կիրառումը,
  • ստեղծելու աշակերտակենտրոն և հետազոտական ուսումնառության միջավայր,
  • բացահայտելու տարբեր առարկաների միջև նոր կապեր և մշակելու միջառարկայական դասեր,
  • ստեղծելու սեփական հեղինակային դասերն ու կրթական նյութերը,
  • սովորելու ոչ միայն վերապատրաստողներից, այլև Հայաստանի տարբեր մարզերի և Սփյուռքի հարյուրավոր գործընկերներից,
  • դառնալու «Աշխարհացույցի» շարունակաբար զարգացող ուսուցչական համայնքի անդամ։

🧬 Նոր՝ կենսաբանության ուսուցիչների համար

8-րդ շրջափուլից Եռամսյայի մասնակիցները կծանոթանան նաև «Աշխարհացույցի» կենսաբանության նոր կրթական միջավայրին՝ բացահայտելով, թե ինչպես կարելի է վիզուալիզացիայի, թվային կրթական ռեսուրսների և ինտերակտիվ գործիքների միջոցով ուսումնասիրել կենդանի աշխարհը, կառուցվածքն ու գործառույթը, օրգան-համակարգերի էվոլյուցիան, բազմացումն ու զարգացումը, վարքագիծը, կենսաբազմազանությունը, մարդու և բնության փոխհարաբերությունները։

Բայց կենսաբանության ծրագրի մուտքը «Աշխարհացույց» միայն կենսաբանության ուսուցիչների համար չէ։ Այն նոր հնարավորություններ է ստեղծում նաև աշխարհագրության, պատմության, հասարակագիտության, բնագիտության, տեխնոլոգիայի և այլ առարկաների հետ միջառարկայական աշխատանքի համար։

Կենսաբանության ուսուցիչների համար սա հնարավորություն է ոչ միայն ծանոթանալու նոր բովանդակությանը, այլև փորձարկելու այն դասարանում, ստեղծելու սեփական ուսումնական լուծումները և կիսելու դրանց կիրառման փորձը։

🧰 Ի՞նչ կստանաք ծրագրից

✔ «Աշխարհացույց» հարթակի կիրառման բազային և գործնական հմտություններ,
✔ վիզուալ և ինտերակտիվ գործիքակազմի արդյունավետ կիրառման փորձ,
✔ դասերի մշակման նոր մեթոդներ և հնարներ,
✔ միջառարկայական կապերի ստեղծման և կիրառման նոր հնարավորություններ,
✔ հեղինակային դասերի ստեղծման և ներկայացման փորձ,
✔ գործնական աշխատանք իրական դասարանային միջավայրում,
✔ փորձի անմիջական փոխանակում հարյուրավոր գործընկերների հետ։

🎓 Գիտակ • Հմուտ • Հետազոտող

Եռամսյայի շրջանակում ուսուցիչը կարող է զարգանալ երեք մակարդակներով և համապատասխան պահանջների կատարման դեպքում ստանալ «Աշխարհացույցի» գիտակ, հմուտ և հետազոտող ուսուցչի վկայական։

Վկայական ստանալու համար նախատեսվում են ծրագրով սահմանված պարտադիր պայմաններ՝ մասնակցություն հանդիպումներին, «Աշխարհացույցի» գործնական կիրառում դասավանդման ընթացքում և մշակված դասերի ներկայացում հարթակի Presentation Mode գործիքի միջոցով։

📅 Կարևոր ամսաթվեր

Մեկնարկ՝ հոկտեմբերի 23
Հանդիպումներ՝ յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 17։00, Zoom հարթակում
Գրանցման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 15
Մասնակցությունն անվճար է։

🔗 Գրանցում՝ https://forms.gle/18QV64BJh6Lutcy68

Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր։

8-րդ Եռամսյայում սահմաններն ավելի են ընդլայնվում՝ նոր առարկաներ, նոր կապեր, նոր բացահայտումներ։