Պատմությունից դեպի կյանքի գիտություն․ կենսաբանությունն արդեն «Աշխարհացույցում» է

2021 թվականին «Աշխարհացույցն» իր ճանապարհը սկսեց Հայոց պատմությունից։ Մեր նպատակն էր ստեղծել նորարարական միջավայր, որտեղ կրթական բովանդակությունը «կկենդանանար» ժամանակի ու տարածության մեջ՝ դառնալով տեսանելի, ներգրավող և հետազոտելի։
Այդ գաղափարից աստիճանաբար ձևավորվեց կրթական էկոհամակարգ։ Պատմության շուրջ զարգացան նոր առարկայական ուղեծիրներ, հարթակը հարստացավ միջառարկայական բովանդակությամբ ու գործիքներով, իսկ մեր տեսլականը դարձավ ավելի համարձակ՝ «Աշխարհացույցում» քայլ առ քայլ ներառել Հայաստանի հանրակրթական ողջ ծրագիրը։
Կենսաբանություն առարկան այդ ճանապարհի նոր հանգրվանն է, որով «Աշխարհացույցը» մուտք է գործում կյանքի գիտությունների ոլորտ՝ զարգացման նոր փուլ սկսելով ԲՏՃՄ ուղղությամբ։
Երբ հարթակը յուրացնում է գիտության նոր լեզու
Կենսաբանության ներառումը պահանջեց բովանդակային ու տեխնոլոգիական նոր լուծումներ․ անհրաժեշտ էր ոչ միայն մշակել որակյալ բովանդակություն, այլև տեսանելի ու հասկանալի դարձնել կենդանի օրգանիզմների կառուցվածքը, կենսաբանական օրինաչափություններն ու դասակարգումները, կենսական գործընթացների և համակարգերի միջև կապերը։
Այդ նպատակով «Աշխարհացույցը» հարմարեցվեց բնագիտական բովանդակության առանձնահատկություններին։ Մշակվեցին տեխնոլոգիական լուծումներ, որոնց շնորհիվ կենսաբանական պատկերներն ու գծապատկերները դարձան ինտերակտիվ․ դրանք կարելի է մեծացնել առանց հստակությունը կորցնելու, ապա ընթերցել համապատասխան բացատրություններն ու լրացուցիչ նյութերը։
Այս միջավայրում սովորողը ոչ միայն կարդում կամ դիտում է, այլև ուսումնասիրում է կառուցվածքները, հասկանում առանձին բաղադրիչների գործառույթները և բացահայտում դրանց միջև եղած կապերը։
Պասիվ դիտողից նա դառնում է հետազոտող։
7-րդ դասարանի ամբողջական ծրագիրը՝ մեկ միջավայրում
Կենսաբանություն առարկան մեկնարկում է ոչ թե մասնակի թեմաներով, այլ 7-րդ դասարանի ամբողջական բովանդակությամբ՝ 4 թեմատիկ բաժնով, 46 դասով, 400-ից ավելի կրթական նյութերով և 10 լաբորատոր աշխատանքով։
Բովանդակությունն ընդգրկում է կենդանի օրգանիզմների հիմնական հատկանիշներին ու դասակարգմանը, նախակորիզավորներին, պրոտիստներին, սնկերին, քարաքոսերին ու վիրուսներին, կենդանական ու բուսական աշխարհի բազմազանությանը, կենդանիների օրգան-համակարգերին, վարքագծին ու հաղորդակցմանը, բույսերի կառուցվածքին, բազմացմանը, ֆոտոսինթեզին, բջջային շնչառությանը և կենսաբանական բազմաթիվ այլ հարցերի վերաբերող թեմաներ։
Բովանդակությունը համապատասխանում է ՀՀ հանրակրթության պետական չափորոշչին, բայց չի սահմանափակվում դասագրքային նյութով։ Յուրաքանչյուր դաս ներառում է բանալի հասկացություններ, համառոտ և խորացված բացատրություններ և գիտական պատկերներ։ Սովորողը կարող է նախ ընկալել թեմայի առանցքը, ապա իր հետաքրքրության և պատրաստվածության մակարդակին համապատասխան խորացնել գիտելիքը։
Գիտնականն ու մանկավարժը՝ մեկ թիմում
Կենսաբանության բովանդակության ստեղծման համար աշխատում է 15 մասնագետից կազմված թիմ, որտեղ ակադեմիական գիտությունը խաչվում է դասարանային փորձի հետ։
Թիմում ընդգրկված են կենսաբանական գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, պրոֆեսորներ ու դոցենտներ, հետազոտողներ ու դասախոսներ ԵՊՀ-ից, ԵՊԲՀ-ից և ՀՊՄՀ-ից, կենսաբանության և քիմիայի դասավանդման երկարամյա փորձ ունեցող ուսուցիչներ, վերապատրաստողներ և մենթորներ, ինչպես նաև Կենսաբանության միջազգային օլիմպիադայի մարզիչներ։
Այս փորձառությունների համադրությունն է հնարավորություն տվել ստեղծելու բովանդակություն, որը գիտականորեն հիմնավորված է, մեթոդապես մտածված և կիրառելի դասարանում։
Գաղափարից մինչև հրապարակում՝ յուրաքանչյուր նյութ անցել է մշակման, գիտական ու մեթոդական խմբագրման, սրբագրման, մեդիանյութերի ընտրության և թվայնացման, տեխնիկական ինտեգրման և որակի ստուգման բազմաստիճան ճանապարհ։
«Աշխարհացույցի» պատմությունը շարունակվում է․ նրա նոր էջը կյանքի մասին է
Կենսաբանության մուտքն «Աշխարհացույց» մեզ համար նոր սկիզբ է։
Մինչ 7-րդ դասարանի ամբողջական բովանդակությունն արդեն հասանելի է ուսուցիչներին ու սովորողներին, թիմն աշխատում է 8-րդ դասարանի Կենսաբանություն առարկայի ստեղծման ուղղությամբ։
Յուրաքանչյուր նոր դասարան «Աշխարհացույցին» մեկ քայլով մոտեցնում է իր մեծ նպատակին՝ Հայաստանի յուրաքանչյուր դպրոցի, ուսուցչի և սովորողի համար զարգացնել հասանելի, որակյալ ու ժամանակակից հայալեզու կրթական բովանդակություն։
Եվ եթե մինչև այժմ սովորողը «Աշխարհացույցում» ճամփորդում էր ժամանակի և տարածության միջով, ապա այսօր նույն միջավայրում նա կարող է բացահայտել կենդանի աշխարհի կառուցվածքը, հասկանալ, թե ինչպես են գործում, բազմանում ու զարգանում օրգանիզմները, և տեսնել կյանքի տարբեր ձևերի միջև եղած կապերը։
Բացահայտե՛ք 7-րդ դասարանի Կենսաբանությունն «Աշխարհացույցում»՝ brainograph.com












