
Զոլաքարից Իջևան՝ Աշխարհացույցին միանալու համար․ կայացավ Մանկավարժական մտքի 7-րդ փառատոնը
Ապրիլի 19-ին Տավուշի մարզի Իջևանի հ. 5 հիմնական դպրոցն իր հարկի տակ հյուրընկալեց սպասված և արդեն ավանդույթ դարձող Մանկավարժական մտքի փառատոնը: Ինչպես ծրագրված էր, թվով 7-րդ փառատոնին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամը ներկայացավ «Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ձեռնարկի գործածման աշխատարանով, Աշխարհացույց կրթական հարթակի նոր գործիքակազմի ներկայացումով, ինչպես նաև Աշխարհացույցին նոր միացող ուսուցիչներին տրամադրվեց առանձին խորհրդատվություն՝ օգնելով վերջիններիս լիարժեք պատկերացում կազմել Աշխարհացույցի մասին և արագ ինտեգրվել մեր նորարարական հարթակն օգտագործողների մեծ համայնքին։
«Փառատոնի կազմակերպիչները շեշտը դրել են ինքնակազմակերպման վրա՝ խթանելով թիմային, հանդուրժող ու բարիդրացիական աշխատանքային մշակույթի զարգացումը։ Տարեցտարի նկատվում է մեծացող հետաքրքրվածություն, ներկայացվող աշխատանքների որակի և մոտեցումների պատրաստվածության բարձրացում։ Մեր թիմն էլ բաց չի թողնում այս յուրօրինակ միջոցառումը, որը լավ առիթ է թե՛ Աշխարհացույցի համայնքի արդեն փորձառու ուսուցիչներին դեմ առ դեմ հանդիպելու, թե՛ նոր ուսուցիչներ ինտեգրելու համար։ Կարծում եմ՝ այս անգամ մեր աշխատասենյակի ակտիվությունն աննախադեպ էր, այն անդադար լեցուն էր, միանգամից մի քանի աշխատանքային խումբ էր աշխատում։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր կամավորներին, որ Տավուշի տարբեր բնակավայրերից շտապել էին Իջևան և ստանձնել Աշխարհացույց կրթական հարթակը ներկայացնելու, ուսուցիչներին հարթակում գրանցելու աշխատանքը», — միջոցառմանը որպես հայացք ներսից անդրադարձավ Աշխարհացույց կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։
«Եկա հասա Իջևան, որ գրանցվեմ ու միանամ Աշխարհացույցին», — նշեց «Աշխարհացույցի» տաղավար-դասասենյակում տևական ժամանակ անցկացրած Գեղարքունիքի Զոլաքարի համար 2 միջնակարգ դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Դեղձանիկ Չոմոյանը։
«Մեր գործընկերներից շատերն են հետաքրքրված Աշխարհացույցի ձեռնարկով, Իջևանի այս միջոցառումը լավ առիթ էր, որ գիրքը ներկայացնենք նաև մարզերի ուսուցիչներին։ Այն հասցրել է ճանաչվել և սիրվել, ու մասնագետները շտապում են ձեռք բերել, ծանոթանալ դրա ռեսուրսներին», — նկատեց Աշխարհացույց կրթական ծրագրի վերապատրաստող ուսուցիչ, ձեռնարկի համահեղինակ Հայկանուշ Ղևոնդյանը։
«Այս միջոցառումը հնարավորություն է տալիս տեսնելու նաև, թե որքան է խորացել ու տարածվել Աշխարհացույց կրթական ծրագիրը․ մասնակիցներից շատերը քաջատեղյակ էին հիմնադրամի ծրագրերին, սակայն նրանք իրենց հետ բերել էին նոր գործընկերներ, որ նրանք էլ իրազեկվեին։ Նկատեցինք նաև, որ հատուկ փնտրում էին Աշխարհացույցի աշխատասենյակը», — կարևորեց Աշխարհացույց կրթական ծրագրի վերապատրաստող ուսուցիչ, ձեռնարկի համահեղինակ Նաիրա Երկանյանը։
Ի դեպ, Իջևանի համար 2 միջնակարգ դպրոցն այն 40 դպրոցներից է, որ 2023 թ․ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» նախագծային մրցույթ-ծրագրի շրջանակներում վաստակել էր սմարթ-էկրան։ Իսկ օրվա ռիթմն ու գույներին կարող եք ծանոթանալ նկարների միջոցով։