Չինարի, Արծվաբերդ, Սևքար, Զանգակատուն․․․ սահմանապահ գյուղերը՝ կրթության համաչափ զարգացման օրինակներ
Uncategorized

Չինարի, Արծվաբերդ, Սևքար, Զանգակատուն․․․ սահմանապահ գյուղերը՝ կրթության համաչափ զարգացման օրինակներ

Հայաստանի սահմանապահ բնակավայրերի դպրոցները մշտապես գտնվել են «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ Յուրաքանչյուր դպրոց՝ լինի մայրաքաղաքից մեկ, թե 5 կամ 6 ժամ հեռավորություն վրա, կարիք ունի պատշաճ հոգածության ու աջակցության, որտեղ կրթական միջավայրը պետք է նպաստի համայնքի սովորողների մտավոր ներուժի առավելագույնս բացահայտմանն ու իրացմանը։ Մարզային այցերի շրջանակներում մեր դասալսումները սահմանային գյուղական համայնքների դպրոցներում՝ Չինարի, Արծվաբերդ, Սևքար, Զանգակատուն և այլն, կրկին հաստատեցին սահմանային համայնքներում նորարարության նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու դրանք դպրոցական առօրյա բերելու նրանց կարողությունները։

«Այո, դպրոցը շատ կարիքներ ունի, բայց 21-րդ դարի երեխային պետք է տրամադրող միջավայր տալ, թևեր տալ, որ առաջ գնա, ձգտի, երազի։ Ե՛վ Աշխարհացույց ծրագիրը, և՛ սմարթ-էկրանը շատ ենք կարևորում, մեր բոլոր ուսուցիչները ներգրավված են, երեխաները՝ հետաքրքրված։ Սմարթ-էկրանը դարձել է դպրոցի սիրտը», — նշում է սարից՝ հեռվից հեռու աչքին զարնող, վեհ ու հպարտ կանգնած Արծվաբերդի միջնակարգ դպրոցի տնօրեն Սիրանուշ Ուզունյանը։

Իսկ Չինարի գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Հրածին Ապերյանը նշում է․ «Աշխարհացույցը մեծ հնարավորություն է ՀՊՉ-ով սահմանված կարողունակությունները զարգացնելու համար, դասերն առավել աշակերտակենտրոն անցկացնելու, 21-րդ դարի սովորողի հետաքրքրությունները բավարարելու և գիտելիքահեն կրթություն ապահովելու համար։ Աշխարհացույցը մեծ վստահություն հաղորդեց ինձ, դպրոցին, աշակերտին, գյուղին կրթական գործընթացում մրցունակ և հաղթող ճանաչվելու համար։ Ես ու իմ աշակերտները սիրում ենք Աշխարհացույցը»։

Հիմնադրամի թիմն այցելում է ինչպես Հիմնադրամի մրցութային ծրագրի շրջանակներում սմարթ-էկրան վաստակած, այնպես էլ Աշխարհացույց կրթական հարթակն այլ տեխնիկական միջոցներով՝ համակարգչով, պրոյեկտորով, հեռախոսով կիրառող դպրոցներ։ Ջերմ և անմիջական ընդունելությամբ ուղեկցվող մեր այցելությունների արդյունքում համոզվում ենք, որ տեխնոլոգիական նորարարությունները համաչափ զարգացման լայն հնարավորություններ են ստեղծում, որոնցից առավելագույնս օգտվելը ժամանակի հրամայական է դարձել Վիզուալ Հայաստանի ամբողջ թիմի համար։

«Մենք դեռ սմարթ-էկրան չունենք, եթե մրցույթ-ծրագիրը շարունակվի, կմասնակցենք․ մեր համայնքից շատ դպրոցներ արդեն կան, որ կարողացել են վաստակել սմարթ-էկրան։ Բայց մենք էլ ենք կիրառում Աշխարհացույց կրթական հարթակը, իմ համակարգիչն եմ տրամադրում, երեխաները բոլորը գրանցված են, հեռախոսներով հաճախ ենք կիրառում, տնային հանձնարարություններ են անում հարթակով։ Հարթակը հարուստ բովանդակություն և գործիքակազմ ունի, հնարավոր է և՛ բովանդակակին, և՛ մեթոդապես հագեցած դաս կառուցել», — կիսվում է Դիլիջանի թիվ 5 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Լիլիթ Հարությունյանը։