Երաժշտության նոր էջ դպրոցում. «Սիմֆոնիկ ԴասA»-ն Աշխարհացույցով

«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը նոր ուսումնական տարին կմեկնարկի Հայաստանի մշակութային մայրաքաղաքից` Գյումրուց: Գյումրու բոլոր ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան մասնակիցը դառնալու յուրատեսակ սիմֆոնիկ ճամփորդության դեպի դասական երաժշտության աշխարհ:
«ՍիմֆոնիկA» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ և «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի հետ սկիզբ առած ռազմավարական համագործակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ինտերակտիվ դասեր կանցկացնեն գյումրեցի պատանիների համար: Կրթական ինտերակտիվ դասերը կամփոփվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեծ սիմֆոնիկ կազմով գալա համերգներով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում՝ ներկայացնելով դասական երաժշտության գլուխգործոցները։
Գյումրիում «Սիմֆոնիկ ԴասA» նախագծի կրթական բովանդակությունը մշակվում է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից՝ «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի կիրառմամբ: Համագործակցության շնորհիվ գիտական մտքի, տեխնոլոգիական լուծումների և ուսուցման ժամանակակից մեթոդների համատեղմամբ հնարավոր կլինի կրթական բովանդակությունը դարձնել պատկերավոր, հետաքրքիր և հանրամատչելի։
«Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Սիմֆոնիկ ԴասA» ծրագիրը նպատակ ունի ոգեշնչել աշակերտներին հասկանալ և ունկնդրել դասական երաժշտություն, խթանել բարձրաճաշակ երաժշտական մտածողություն և շատերի դեպքում շարունակել երաժշտական կրթությունը: Ծրագրի իրականցումը կնպաստի դասական երաժշտության համերգների լսարանի ավելացմանն ու երիտասարդացմանը՝ նպաստելով գեղագիտական ճաշակի և մտածելակերպի զարգացմանը։ 2018 թվականից ի վեր նախագծի վիճակագրության համաձայն՝ աշակերտների ավելի քան 30%-ը դառնում է դասական երաժշտության հավատարիմ ունկնդիր։
Այս համագործակցությամբ Շիրակի մարզում սկիզբ կդրվի կրթամշակութային մի նոր շարժման, որը կտարածվի ՀՀ բոլոր մարզերով` ներգրավելով հազարավոր պատանիների:


















