
Ո՞վ ենք մենք․ բացահայտում ենք «Աշխարհացույց»-ի մենթոր ուսուցիչ և բովանդակություն մշակող Հայկանուշ Ղևոնդյանին
«Ես ուսուցիչներին էլ եմ ասում՝ ուզո՞ւմ ենք լավ կրթություն, ուզո՞ւմ ենք հզոր հայրենիք, նախ՝ մենք պետք է փոխվենք, հետո նոր կարողանանք այդ ամենն ստեղծել: Ես հավատում եմ այդ փոփոխությանը, մեր հիմնադրամի (Վիզուալ Հայաստան) որդեգրած գաղափարին»
Մասնագիտությամբ արվեստաբան և աստվածաբանության մագիստրոս Հայկանուշ Ղևոնդյանն արդեն տասնութ տարի աշխատում է դպրոցում և պատմություն դասավանդում: Սեփական փորձով գիտի, որ ժամանակակից երեխայի ուշադրությունը գրավելն ու նրան պատմությամբ կամ մեկ այլ առարկայով «գայթակղելը» հեշտ գործերից չէ: Դա էր պատճառը, որ նա անընդհատ փնտրտուքների մեջ էր, թե ինչպես դասն ավելի հետաքրքիր դարձնել: Ու այդ որոնումները նրան բերեցին «Աշխարհացույց»:
Հայկանուշ Ղևոնդյանը հիշում է, թե ինչպես էին այն ժամանակ դեռ հարթակի նախատիպը ներկայացնում իրենց՝ մի խումբ ուսուցիչների: Հետո առցանց հանդիպումները փոխարինվեցին առկա հանդիպումներով: Հայկանուշ Ղևոնդյանին գրավեց հատկապես այն փաստը, որ հարթակը ստեղծողներն ի սկզբանե կապի մեջ էին ուսուցիչների հետ, քննարկում ու հասկանում էին նրանց կարիքները, որպեսզի չստեղծեին մի բան, որը պիտանի չէր լինելու դասարանում: Հայկանուշ Ղևոնդյանն առաջիններից էր, որ միացավ «Աշխարհացույց»-ի թիմին՝ որպես բովանդակություն մշակող, հետո նաև վերապատրաստող ուսուցիչ:
«Ես՝ որպես գործող ուսուցիչ, հասկանում եմ, թե ինչ է պետք ուսուցչին, ինչ է պետք սովորողին: Բայց հոդվածներ ստեղծելը գործի կեսն էր: Պետք էր նաև հասկանալ, թե դրանք ինչպես կիրառել դասապրոցեսում: Ու սկսեցինք մեթոդներ մշակել, որպեսզի ուսուցիչը միայն փոխանցողը չլիներ, որպեսզի երեխան նույնպես դառնար այդ պրոցեսի մասնակիցը: Սկսեցի նախ ինքս փորձարկել: Առաջին դասը, հիշում եմ, իններորդ դասարանում էինք, թեման Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներն էին: Դպրոցում տեխնիկա չունեինք․ ես էի տնից համակարգիչ տարել: Հիշում եմ երեխաների հիացմունքը: Դա թևեր էր տալիս, զգում էի, որ պիտանի գործ ենք անում»:
Աշակերտին գրավելն ուսուցչուհի Ղևոնդյանը գործի կեսն է համարում, բացատրում է, ուսուցչական լեզվով ասած, ճիշտ «խայծ» ես գցում, և երեխան քո «ցանցում» է. «Մի աշակերտ ունեի, որն անտարբեր չէր, ուղղակի հումանիտար առարակներ չէր սիրում: Բայց «Աշխարհացույց»-ի քարտեզն իրեն հետարքրքրեց, սկսեց փորփրել, դասով հետաքրքրվել: Շատերը հեռախոսով են հարթակ մտնում, ինչը ևս հետարքրքրություն է առաջացնում իրենց մոտ: Չեն զգում, թե ինչպես են սովորում: Երեխաներ ունեմ, որ չեն սիրում գիրք կարդալ, բայց սա իրենց դարի՝ իրենց ձեռքի «խաղալիքն» է, այս միջավայրում սովորում են»:
Աշակերտների ոգևորությունից, գրանցած հաջողություններից ուսուցիչն էլ է ոգևորվում: Հայկանուշ Ղևոնդյանը սա բազմիցս է լսել հենց նրանցից, ում հետ աշխատում, վերապատրաստում է: Դրա վկայությունն «Աշխարհացույց»-ի՝ օրեցօր ընդլայնվող ուսուցչական համայնքն է: Կրթական հարթակը կիրառող մասնագետների թիվն արդեն անցել է հազարի սահմանը: Այս գործում իր մեծ ներդրումն ունի նաև Հայկանուշ Ղևոնդյանն անձամբ՝ ոչ միայն որպես բովանդակություն մշակող, այլ նաև վերապատրաստող ուսուցիչ: Խոստովանում է՝ «Աշխարհացույց»-ի հետ աշխատանքը փոխել է նաև իրեն: Այն հնարավորություն է տվել աճելու թե՛ որպես պատմաբան, թե՛ որպես մանկավարժ և թե՛ որպես առաջնորդ:
«Ցանկացած նյութ, որ պատրաստում ես ու հանդես ես գալիս լսարանի առաջ, հավելյալ աշխատանք է պահանջում: Վերապատրաստվող ուսուցիչները ևս անցնում են այդ փուլով: Պետք է ինքդ մարսես նյութը, ապա փոխանցես, ներկայացնես լսարանին: Այս երկու տարիների ընթացքում մասնագիտական այդ աճը բոլորիս մոտ է նկատվում: Բացի այդ, երբ տեսնում ես, որ քո աշխատանքը պետք է մարդուն, երբ զգում ես, որ պիտանի ես ու փոփոխության մասնակից ես, սա թևեր է տալիս: Իրոք, մոտիվացնող է: Սիրում եմ Գանդիի այս խոսքերը․ «Դարձիր այն փոփոխությունը, որ ուզում ես տեսնել աշխարհում»: Մենք հիմա դառնում ենք այդ փոփոխությունը: Ես ուսուցիչներին էլ եմ ասում՝ ուզո՞ւմ ենք լավ կրթություն, ուզո՞ւմ ենք հզոր հայրենիք, նախ՝ մենք պետք է փոխվենք, հետո նոր կարողանանք այդ ամենն ստեղծել: Ես հավատում եմ այդ փոփոխությանը, մեր հիմնադրամի (Վիզուալ Հայաստան) որդեգրած գաղափարին»:
«Աշխարհացույց»-ի մուտքը կրթության ոլորտ Հայկանուշ Ղևոնդյանն արդյունաբերական հեղափոխության հետ է համեմատում: Պարզաբանում է՝ սկզբում շոգեշարժիչն էր, հետո՝ շոգեմեքենան: Ըստ նրա՝ «Աշխարհացույց»-ն էլ կրթության ոլորտի շոգեշարժիչն է, ամենամեծ փոփոխությունը տարիներ հետո ենք տեսնելու: Հպարտության մեկ այլ առիթ է համարում այդքան մեծ քանակության և որակի, ճշգրտված հայալեզու բովանդակության առկայությունը մեկ հարթակում. «Այսօր Հանրապետությունում չկա մի առցանց բազա, որն այդքան ճշգրտված տեղեկություն պարունակի: Հիմա մենք «Բրիտանիկայի» հետ ենք մրցում հայաստանյան մասշտաբով, ու դա մեր ուժեղ կողմերից է: Այն ստեղծվել է մեր պահանջներին համապատասխան, դրսից բերված չէ, որ արհեստականորեն տեղայնացնենք: Բա երեխաների զարմանքը՝ ինչպե՞ս, մերո՞նք են ստեղծել: Դա էլ մի ուրիշ հաճույք է»:
«Աշխարհացույց»-ի մասին խոսելիս Հայկանուշ Ղևոնդյանն աշակերտի պես ոգևորվում է, աչքերն ավելի են փայլում: Կրթական այս գործիքն օգնում է ուսուցչին դասն ավելի հետաքրքիր վարել, ներգրավում է աշակերտին, սովորեցնում նրան սովորել և վերլուծել: Այն ամենն, ինչ պետք է 21-րդ դարի ուսուցչին և աշակերտին, կարելի է գտնել «Աշխարհացույց» կրթական հարթակում: Հայկանուշ Ղևոնդյանը զրույցը բանաձևի պես է ամփոփում.
«Մեր նպատակն ուժեղ, հզոր երկիր ունենալն է: Դրա համար պետք է ուժեղ մարդկային ռեսուրս: Դա ունենալու համար մեզ պետք է ուժեղ կրթական համակարգ: Դրա համար մեզ պետք են ուժեղ մանկավարժներ: Ուժեղացնելով նրանց՝ ուժեղացնում ենք մեր ապագա սերունդը, իսկ դա բերելու է մեր երկրի ուժեղացմանը: Մեր ուղին սա է: Բոլորիս այդ հավատն է առաջ մղում: Ապագայում հանգիստ եմ նայելու թոռներիս աչքերի մեջ, որորվհետև ես նույնպես արել եմ մի բան՝ ի նպաստ այդ փոփոխության»: