
«Աշխարհացույց» կրթական հարթակում Գրականություն առարկայի բացման շնորհանդեսը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում
2024 թ․ հոկտեմբերի 18-ին Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակում Գրականություն առարկայի շնորհանդեսը։ Գրականության մեկնարկն «Աշխարհացույցում» ազդարարվեց «Հովհաննես Թումանյան» և «Ավետիք Իսահակյան» թեմաների ներկայացմամբ, որոնցից վերջինը մշակվել է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի և «Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի» միջև համագործակցությամբ։
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը, հավատարիմ իր ծրագրերի կարիքահեն և համակարգային զարգացմանը, ականջալուր եղավ գրականություն դասավանդող ուսուցչական մեծ համայնքին, և ամիսներ առաջ սկսվեց «Աշխարհացույց» կրթական նորարարական ծրագրում առարկայի ստեղծման ինտենսիվ աշխատանքը։
«Պետք է գիտակցենք, որ ժամանակակից աշխարհը նոր պահանջ է ձևավորել կրթական և մշակութային բովանդակության մատուցման առումով։ Մեր նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի հայ երեխային առավելագույնս ներգրավենք դասապրոցեսում՝ տալով նրան 21-րդ դարում մրցունակ կրթություն ստանալու հնարավորություններ։ Այստեղ խիստ կարևորում ենք թանգարանների՝ որպես առանձնահատուկ կրթական օջախների դերը և պատրաստ ենք սերտ համագործակցության… Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է Աշխարհացույց հարթակում տրամադրել մի միջավայր, որտեղ աշակերտը կարող է լիովին ընկղմվել թեմայի մեջ, ծանոթանալ և իսկապես ճանաչել հայ գրողներին՝ կոնկրետ այս պարագայում Ավետիք Իսահակյանին, նրա կյանքը, նրա ազգանվեր գործունեությունն ու հարուստ ժառանգութանը»,- նշում է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։
«Պատկերացրեք, թե որքան հետաքրքիր է ուսումնասիրել հեղինակների կյանքը, երբ Աշխարհացույցի քարտեզների, ինտերակտիվ գործիքների, նկարների ու տեսանյութերի միջոցով հնարավորություն ունես «տեսնելու» ու «լսելու» հեղինակին, ճամփորդելու նրա ուղիներով։ Հարթակում տեսնում ենք մեծ պոտենցիալ և պատրաստ ենք խորացնելու մեր համագործակցությունը, որը կբերի սովորողների նոր խմբերի դեպի թանգարան։ Վստահ եմ, որ մեր կառույցների միջև համագործակցությունը կլինի շարունակական»,- ասում է «Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի» տնօրեն Արմինե Ավետիսյանը։
Գրականության մուտքն «Աշխարհացույց» ամբողջացնում է Հայոց Պատմության, Իմ Հայրենիք, Աշխարհագրություն, Արվեստ առարկաների թեմաների շրջանակներում մշակված հազարից ավելի գիտահանրամատչելի հոդվածնների շղթան, որը դասավանդողին և սովորողին առավել մեծ հնարավորություն է տալիս զարգացնել միջառարկայական կապերը՝ բազմակողմանի ուսումնասիրելով սեփական պատմությունը, աշխարհագրությունը, գիտական, գրական, մշակութային ժառանգությունն ու այն ուսումնասիրել վիզուալ՝ ճամփորդելով ժամանակի ու տարածության մեջ։
«Հարթակի համար մշակված բովանդակությունը եզակի է իր գիտական ճշգրտությամբ, մատուցման եղանակով և կառուցվածքով, ինչը թույլ է տալիս դասի շրջանակներից ավելի լայն, բայց միաժամանակ ավելի թեմատիկ ու մանրակրկիտ ուսումնասիրել հեղինակին։ Գրականություն առարկայի համար որպես մեկնարկային կետ ընտրել ենք Վերնատան գործիչներին։ Ի դեպ այս տարի լրանում է Վերնատան 125 ամյակը։ Հաջորդիվ հարթակում «Վերնատան» կազմը կհամալրեն Դերենիկ Դեմիրճյանն ու Լևոն Շանթը․․․», — նշում է Աշխարհացույցի Գրականության ուղղության ղեկավար Անի Եղիազարյանը։
Հարթակում՝ գրականություն առարկայի ներքո՝ 109 հոդվածների շարքում կարելի է գտնել «Թումանյանի ուղևորությունը ռազմաճակատ գաղտնի խմբի կազմում», «Շուշանիկ Մատակյան. Ավետիք Իսահակյանի մեծ սերն ու քնարերգության հերոսուհին», «Հայաստանի օգնության կոմիտեն՝ Սփյուռքի հետ կապի առաջին օղակ», «Լաո Ցզի. Ե. Չարենցի նվերը Ավ. Իսահակյանին» և շատ այլ հետաքրքիր վերնագրեր։
Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին տարբեր թանգարանների, կրթական կառույցների ներկայացուցիչներ, գրականության ուսուցիչներ, աշակերտներ։
Միջոցառմանը հյուրերն ունկնդրեցին նաև Վարպետի «Ալագյազի մանիները» պոեմի համանուն մուլտֆիլմը։