«TeachCup 2025»․ գիտելիքի և համագործակցության տոն

Հոկտեմբերի 11-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց «TeachCup 2025» ուսուցչական գավաթ ինտելեկտուալ մրցույթը՝ հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձևաչափով։ Խաղը հնարավորություն տվեց ուսուցիչներին թիմային աշխատանքի միջոցով փորձել իրենց գիտելիքները, արագ մտածելու և միասին որոշումներ ընդունելու կարողությունները։
Միջոցառումը կազմակերպել էր «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը՝ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի և այլ գործընկերների աջակցությամբ։
TeachCup-ը համախմբել էր Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցների 20 թիմերի, որոնք կամավոր մասնակցության հայտ էին ներկայացրել՝ իրենց ներկայությամբ դարձնելով օրը գիտելիքի, ընկերական շփումների և համագործակցության տոն։
«Վիզուալ Հայաստանն արդեն երկրորդ տարին է, որ ուսուցչական համայնքի ոգեշնչմանն ուղղված այն նախաձեռնության կողքին է։ Մենք հավատում ենք, որ կրթությունը երբեք չի սահմանափակվում դասարանի կամ դպրոցի շրջանակներով։ Այն սկսվում է դպրոցից ու շարունակվում ամենուր, որտեղ կարելի է միասին մտածել, վերլուծել, սովորել ու ոգեշնչվել։ Շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում «ԿԱԶԱ»-յի գործընկերներիս այս կրթական տոնը կազմակերպելու համար»,- ասում է «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի փոխտնօրեն Սոնա Եղիազարյանը։
Որպես խրախուսանք՝ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամը հաղթող թիմների մասնակիցներին նվիրեց 20 «Աշխարհացույցի» փաթեթ, այդ թվում՝ «Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ուսումնամեթոդական ձեռնարկը։


















