
Շարունակվում է ռադիո «Արևիկի» շարքը՝ նվիրված «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» ծրագրին․ ճանաչում ենք հայկական պար «Քոչարու» բազմաշերտությունը

Օրերս ռադիո «Արևիկի» այս անգամ արդեն «Զարթուցիչ» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել էին «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» ծրագրի մասնակից և հաղթող Երևանի Գրիգոր Բաղյանի անվան համար 141 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Արփենիկ Ղազարյանը և խմբի անդամներից Գոռը, Աննան և Լարիսան։
Օրն ու հարցազրույցի թեման պատահական չէին ընտրվել։ Այս տարի առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվել է որպես «Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր»։ Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մի շարք նմուշներ գրանցվել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ 2017 թվականին այդ շարքում իր տեղը գտավ հայկական ազգային պարերից քոչարին։ «Քոչարի. ավանդական խմբապար»․ այսպես է նշված այն վերոնշյալ ցանկում։

Եվ հենց քոչարի պարին նվիրված իրենց նախագծային աշխատանքով էր ռադիոյի տաղավարում հյուրընկալված խումբը մասնակցել «Սմարթ էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցութային ծրագրին և դպրոցի համար վաստակել սմարթ-էկրան։ «Իմ Աշխարհացույցը․ քարտեզագրելով հայկական ազգային պարերից քոչարիները» այսպես է կոչվում աշխատանքը։
Ստեղծագործական թիմն ուսումնասիրել է քոչարիների տեսակները, կապել դրանք բնակավայրերի հետ, ուսումնասիրել այդ բնակավայրերն «Աշխարհացույց» կրթական հարթակով։
«Թեմայի ընտրությունն ինքնանպատակ չէ․ մեր օրերում խիստ կարևոր համարելով ազգային մշակույթի դերն ու դրա պահպանման և տարածման կարևորությունը՝ ընտրել ենք հենց այս թեման՝ցույց տալու համար, թե ինչ դեր ու նշանակություն ունեն ազգային պարերը մեր կյանքում։ Իսկ կենտրոնանալով հենց քոչարիների վրա՝ փորձել ենք ցույց տալ մեր ազգային մշակույթի բազմազանությունը, թե ինչպես կարող էին մեր պապերը նույն պարատեսակը տարբեր տարածաշրջաններում լիովին տարբեր կերպ պարել, ներկայացնել», — իր խոսքում նշում է խմբի ղեկավար Արփենիկ Ղազարյանը։
Սովորողները ներկայացրեցին, թե ինչ է տվել նախագծային աշխատանքը իրենց․ Լարիսայի նշեց, որ այս նախագծային աշխատանքը իր լավագույն ձեռքբերումներից էր, քանի որ նախագծի ընթացքում գրանցվեց Աշխարհացույց հարթակում և ծանոթացավ հարթակի հետ։ Գոռը լավագույն ձեռքբերում համարեց այն, որ սովորեց աշխատել թիմում և նպատակների իրականացմանը հասնել թիմային աշխատանքի միջոցով։ Աննան շատ կարևորեց այն, որ կարողացել են իրենց ներդրումն ունենալ քոչարի պարի մասին տեղեկությունների հավաքագրմանն ու դրանց փոխանցմանը իրենց հասակակիցներին։

Աշխատանքի ընթացքում ստեղծվել է յութուբյան ալիք, որտեղ զետեղվել են բոլոր ուսուցողական տեսանյութերը՝ հարցազրույց ազգային պարերի դերի ու կարևորության մասին, տեսանյութեր Սղերդի, Կարնո և Մշո քոչարիների մասին։
Երեխաները աշխատանքի վերջում իրենց՝ աշխատանքի ընթացքում ունեցած զգացողությունները հանձնել են թղթին, ինչը ևս տեղ է գտել տեսանյութերից մեկում։ Ստեղծել են յութուբյան ալիքի լոգո, տեղեկատվական բուկլետներ քոչարիների և նրանց տարածաշրջանների մասինհամառոտ տեղեկությամբ՝ հագեցած յուրաքանչյուր քոչարու մասին ուսուցողական տեսանյութի և խաղի QR կոդերով։ Յուրաքանչյուր խումբ ստեղծել է իր ներայացրած քոչարու վերաբերյալ խաղ։
Երեխաներից մեկը ստեղծել է անիմացիոն ֆիլմ՝ նվիրված Կարնո քոչարուն։ Մեկ տեսանյութ էլ ստեծվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով քոչարի պարի մասին տեղեկություն տալու համար։

Տեղեկացնենք, որ հարցազրույցների այս շարքը շարունակական է լինելու․ հաղթած 100 դպրոցներից 10-ը կհյուրընկալվեն ռադիոյում, կբացահայտվեն նախագծային աշխատանք արած դպրոցական թիմերն ու նրանց աշխատանքները, ստեղծած հանրօգուտ պրոդուկտները։
Հարցազրույցն ամբողջությամբ լսելու համար անցեք այս հղումով:
