Պատմաբանի օրն Աշխարհացույց կրթական հարթակի դիտակետից
Ս․թ․ մարտի 28-ին կայանալիք պատմաբանի օրվան ընդառաջ ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամը, որպես Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործընկեր, անցկացրեց երկօրյա սեմինար՝ Աշխարհացույց նորարարական կրթական հարթակը ներկայացնելու ու նախագծային ուսուցման համար դրա հնարավորությունները սովորեցնելու նպատակով։
Ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը մասնակից ուսուցիչներին մանրամասն ներկայացրեց հարթակի ամբողջ գործիքակազմը․«Արագ փոփոխվող աշխարհում, թվային տեխնոլոգիաների դարաշրջանում շատ կարևոր է լինել նորարար, կրթական ոլորտ բերել այդ նորարարությունների շունչը, նոր թափ տալ ոլորտին։ Հարթակը ստեղծվել է գիտական մտքի, տեխնոլոգիական լուծումների և ուսուցման ժամանակակից մեթոդների համատեղմամբ, որի կենսագործման շնորհիվ հայ երեխաներին հնարավորություն կընձեռվի պատմության, աշխարհագրության և այլ առարկաների որակյալ, թիրախային ու հետաքրքիր ուսուցում։ Նախագծային ուսուցումը դառնալու է պարտադիր, հետևաբար Պատմաբանի օրվա այս փորձը շատ կարևոր ու ուսուցողական կարող է լինել։ Ուրախ ենք, որ մաս ենք կազմում նախաձեռնությանը։ Աշխարհացույց հարթակի զարգացման փուլերում մեծ տեղ ենք հատկացնելու հենց նախագծային ուսուցման հնարավորությունների ընդլայնմանը»։
Սեմինարներն ամփոփվեցին բազմաթիվ հարցերով, հնչեցին ամենատարբեր տեսակետներ, առաջարկություններ։ Ուսուցիչները մեծ ոգևորությամբ ընդունեցին Աշխարացույց ծրագրի գաղափարն ու տված հնարավորությունները։
Պատմաբանի օրվա գլխավոր միջոցառումը տեղի կունենա մարտի 28-ին, որից հետո կամփոփվեն արդյունքներն։
Հիշեցնենք, որ Պատմաբանի օրվա միջոցառման նպատակն է․
նպաստել սովորողների աշխարհայացքի ընդլայնմանը, նրանց մասնագիտական կողմնորոշմանը՝ ելնելով համամարդկային արժեքներով, հայրենասիրության ու քաղաքացիական ոգով դաստիարակելու անհրաժեշտությունից,
սովորեցնել ուսումնասիրել, մեկնաբանել և վերլուծել մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, համաշխարհային գործընթացները,
զարգացնել քննադատական, վերլուծական միտքը պատմական տարբեր աղբյուրների վերլուծության ու մեկնաբանման հիման վրա՝ ձևավորելով պատմական մտածողություն:
Նախագծին մասնակցելու համար գրանցվել էին 334 մանկավարժ՝ ՀՀ բոլոր մարզերի և Երևանի դպրոցներից:
Աշխարհացույց ծրագրի նպատակն է ուսուցիչներին տրամարդել մեր ժամանակների ոգուն և պահանջներին համահունչ կրթական գործիքակազմ և միջավայր, որը հնարավորություն է տալիս դասապրոցեսն ավելի հետաքրքիր, արդյունավետ և մատչելի դարձնել աշակերտի համար: Հարթակն ուսումնասիրելու և հմտանալու նպատակով Հիմնադրամը կազմակերպում է նաև սեմինարներ, ուսուցիչներին տալիս ընդհանուր ՏՀՏ գիտելիքներ, ծանոթացնում հարթակի հնարավորություններին ու սովորեցնում դրանք ազատորեն կիրառել իրենց դասերին։ Յուրաքանչյուր շաբաթ տեղի են ունենում առցանց հանդիպումներ՝ ինչպես ծրագրին նոր միացած, այնպես էլ հարթակն արդեն իսկ հաջողությամբ կիրառող ուսուցիչների հետ։
Ուսուցիչները հանդես են գալիս որպես բանախոս, ներկայացնում են հարթակի միջոցով իրենց վարած դասերը, անում դիտարկումներ, առաջարկություններ։ Հանդիպումներն ամփոփվում են հարցուպատասխանի ձևաչափով։ Յուրաքանչյուր հանդիպում ունի իր օրակարգը՝ նպատակն ու վերջնարդյունքը։