Ուսուցիչները կիրառում և գնահատում են Աշխարհացույց կրթական հարթակը
Uncategorized

Ուսուցիչները կիրառում և գնահատում են Աշխարհացույց կրթական հարթակը

ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական հարթակի նորարարական հնարավորությունները կիրառում են ստանում ավելի մեծ թվով պատմության ուսուցիչների կողմից։ Շաբաթական առնվազն մեկ անգամ հարթակին միացած ուսուցիչները կամավորության սկզբունքով գործընկերներին են ներկայացնում Աշխարհացույց հարթակի միջոցով դաս վարելու իրենց փորձառությունը։

Փետրվարի 23-ին տեղի ունեցավ հերթական առցանց հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի մի շարք ուսուցիչներ խոսեցին իրենց դպրոցներում կիրառություն ստացած Աշխարհացույց ծրագրի արդյունավետության  մասին:

Բանախոսներից մեկը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Հերիքնազ Գևորգյանն էր։ Նա առաջիններից է, որ սեփական նախաձեռնությամբ միացել է հարթակին և նույնիսկ քաղաքի համար ծանրագույն օրերին պարտաճանաչ մասնակցել է բոլոր դասընթացներին՝ հավատարիմ սերունդներին լավագույնս կրթելու սեփական առաքելությանը։ Ուրախալի էր իմանալ, որ ուսուցչուհի Գևորգյանն անձամբ մեծ աշխատանք է տանում, որպեսզի թեˊ Ջերմուկ քաղաքում, թեˊ Վայոց ձորի մարզում հանրայնացվի ծրագիրը, քանի որ շատերը դեռ այդքան էլ ծանոթ չեն ծրագրին։ Նա խոստովանեց, որ թեպետ կարճ ժամանակ է ինչ միացել է այս ծրագրին, բայց հասցրել է շատ բան սովորել և շնորհիվ այս ծրագրի դպրոցում դասապրոցեսն անցնում է մոտիվացված և արդյունավետ:

Իր փորձառության մասին խոսեց նաև Շիրակի մարզի Ղարիբջանյանի անվան դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Կարինե Քոչոյանը։ Նա արժեքավոր համարեց հայոց պատմությանը զուգահեռ համաշխարհային պատմությանն անդրադառնալու հարթակի հնարավորությունները: Տիկին Քոչոյանը հատկապես ուշագրավ համարեց, որ Աշխարհացույց կրթական հարթակը հնարավորություն է տալիս և հանդիսանում է հիանալի միջոց չափորոշչային կրթության համար. այն ինչ հիմա պահանջվում է չափորոշիչային կրթությամբ կարելի է ապահովել հարթակի միջոցով։  «Հարթակը նաև նպաստում է աշակերտ -ուսուցիչ ակտիվ կապին դասապրոցեսի ընթացքում, աշակերտը սիրով է սկսում աշխատել, քանզի հենց  աշակերտն է դառնում գործող գլխավոր անձը՝ թույլ տալով ձևավորել ու զարգացնել պատմական մտածողություն», — նշում է տիկին Քոչոյանը: Հարթակի շնորհիվ աշակերտը միաժամանակ հնարավորություն է ստանում օգտվել թեˊ քարտեզներից, թեˊ հանրագիտարանային նյութերից, թեˊ տեսանյութերից, որն էլ ավելի մեծ արդյունք է տալիս:

Սյունիքի մարզի Արամայիս Սարգսյանի անվան Տեղ գյուղի համար 1 միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Փառանձեմ Հայրապետյանը ևս ուշագրավ մանրամասներ ներկայացրեց Աշխարհացույց ծրագրի կարևորության և արդյունավետության մասին։ Նա հատուկ ընդգծեց սահմանամերձ դպրոցների համար հարթակի առավել արդիականությունը՝ սեփական պատմության հանդեպ ուշադրության սևեռման տեսանկյունից: Ուսուցչուհի Հայրապետյանը համարում է, որ Աշխարհացույցի շնորհիվ ուսուցիչն ավելի հեշտ է կազմակերպում այնպիսի դասապրոցես, որտեղ հնարավոր է մոտիվացնել աշակերտներին պատասխանատվությամբ վերաբերվել սեփական երկրի պատմությանը, կրթել հայրենասեր քաղաքացի։ Տիկին Հայրապետյանը համոզմունք հայնտնեց, որ  հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչողությունից  ու հենց Աշխարհացույց ծրագրի շնորհիվ ուսուցիչներին հաջողվում է ստանալ ակնկալվող արդյունք։

Աշխարհացույց ծրագրի նպատակն է ուսուցիչներին տրամարդել մեր ժամանակների ոգուն և պահանջներին համահունչ կրթական գործիքակազմ և միջավայր, որը հնարավորություն է տալիս դասապրոցեսն ավելի հետաքրքիր, արդյունավետ և մատչելի դարձնել աշակերտի համար: Հարթակն ուսումնասիրելու և հմտանալու նպատակով Հիմնադրամը կազմակերպում է նաև սեմինարներ, ուսուցիչներին տալիս ընդհանուր ՏՀՏ գիտելիքներ, ծանոթացնում հարթակի հնարավորություններին ու սովորեցնում դրանք ազատորեն կիրառել իրենց դասերին։ Յուրաքանչյուր շաբաթ տեղի են ունենում առցանց հանդիպումներ՝ ինչպես ծրագրին նոր միացած, այնպես էլ հարթակն արդեն իսկ հաջողությամբ կիրառող ուսուցիչների հետ։ Ուսուցիչները հանդես են գալիս որպես բանախոս, ներկայացնում են հարթակի միջոցով իրենց վարած դասերը, անում դիտարկումներ, առաջարկություններ։ Հանդիպումներն ամփոփվում են հարցուպատասխանի ձևաչափով։ Յուրաքանչյուր հանդիպում ունի իր օրակարգը՝ նպատակն ու վերջնարդյունքը։