«Մեր ձայներն էլ լսվեցին»․ Վիզուալ Հայաստանում մեկնարկեցին Հայ գրականության ուսուցիչների անդրանիկ վերապատրաստումները
Uncategorized

«Մեր ձայներն էլ լսվեցին»․ Վիզուալ Հայաստանում մեկնարկեցին Հայ գրականության ուսուցիչների անդրանիկ վերապատրաստումները


Եվս մեկ նոր սկիզբ Աշխարհացույցում․ 205 գրականության ուսուցիչ միացավ Գրականության դասավանդման վերապատրաստումներին՝ «նոր ուսումնական տարին նոր գործիքակազմով, մեթոդներով ու ոգեշնչմամբ» սկսելու ու «իրենց աշակերտներին զարմացնելու» ակնկալիքներով։

Սեպտեմբերի 1-ի նախաշեմին վերապաատրաստվելու պատրաստակամությունը վկայում է մեկ բան. մեր ուսուցիչները պատրաստ են անել առավելագույնը կրթական նորարարությունները դասապրոցես բերելու համար, եթե առաջարկը բովանդակալից է, թիրախային ու թույլ է տալիս մեկ քայլ առաջ կատարել դեպի որակյալ ու արդի կրթություն։

Ինչու՞ գրականություն

Աշխարհացույցի ստեղծման առաջին օրերից գրականությունն ամենապահանջված առարկաներից է։ 2022 թվականից ի վեր, երբ մեկնարկեցին պատմության վերապատրաստումները, գրականության ուսուցիչները միանում էին հանդիպումներին ու համառորեն պնդում՝ գրականությունը ևս պետք է իր տեղն ունենա Աշխարհացույցում՝ հատկապես, որ «իրենք ամենամեծ ուսուցչական բանակն են Հայաստանում»։ Այսօր նրանց ձայնը լսված է, ու գրականությունը՝ վերապատրաստումների ողջ փաթեթով, այսուհետ իր տեղը կունենա պատմության և աշխարհագրության կողքին՝ ամբողջացնելով հայագիտական առարկաների շղթան։

Վիզուալ Հայաստանի գործադիր տնօրեն, Աշխարհացույցի հեղինակ Հովհաննես Ղազարյանը ողջունեց հյուրերին՝ նշելով․ «Թանկագին ուսուցիչներ, բարի գալուստ Աշխարհացույցի աշխարհ։ Պատմությունից հայտնի է, որ տարբեր ժամանակներում հաջողության են հասել այն ազգերը, որոնք յուրացրել են ժամանակի տեխնոլոգիաները ու նորովի պատկերացրել հին խնդիրների լուծումները։ Իսկ նորարար մտածողությունը պետք է սկսվի դպրոցից, որի հիմքը ուժեղ ուսուցիչն է։ Այսօր ձեզ զինելով՝ մենք կարևոր ներդրում ենք կատարում հարյուր հազարավոր այն երեխաների մեջ, որոնց դուք ամեն օր կրթում եք․․․»։

Վերապատրաստումն անցավ երկխոսության մթնոլորտում․ մասնակիցները վեր հանեցին խնդիրները, ծանոթացան հարթակի գործիքակազմին, դասավանդման մեթոդներին, օրինակելի դաս լսեցին, և սովորածն ամրապնդեցին աշխատարանի միջոցով։

Որպես հիմնական խնդիրներ ուսուցիչներն առանձնացրին՝

  • աշակերտների շրջանում ընթերցանությունը նվազել է․ եթե 1980-ականներին գրքերը համադասարանական կիրք էին, այսօր դասարանում միայն մեկ-երկու հոգի է կարդում,
  • երեխաներին գրավելու համար պետք են սեղմ, բայց գրավիչ նյութեր, որոնք կխթանեն ընթերցանությունը,
  • միջավայրի խնդիր կա․ դասարաններում բացակայում են հեղինակների պատկերները, նորարար մեթոդական նյութերն ու գործիքները,
  • իսկ գյուղական համայնքներում հաճախ դատարկ են գրադարանների դարակները և դժվար է նույնիսկ Թումանյանի գրքեր գտնել։

Միաժամանակ, վստահ են՝ երեխաներին պարզապես անհրաժեշտ են նոր ռեսուրսներ՝ գրավիչ միջավայր, ինտերակտիվ նյութեր, ժամանակակից դասավանդման մեթոդներ, տեխնիկա, ինչը ընթերցանությունն ու ուսումը նրանց համար կրկին կդարձնի ոգեշնչող փորձառություն։

Գրականության նոր շերտերն ու «Աշխարհացույցը»՝ որպես կենդանի լուծում

Գրականության թիմի ղեկավար Անի Եղիազարյանը խոսեց Աշխարհացույցով Գրականություն սովորելու յուրահատկություններից․ «Մենք խնդիր ենք դրել գրողին ներկայացնել ոչ միայն իր ստեղծագործություններով, այլև իր միջավայրում՝ հարաբերություններով, հանրային դերով, նախասիրություններով, որպես ընկեր, ընտանիքի անդամ․․․ Նյութերն այնպիսին են, որ աշակերտը հեղինակին տեսնի որպես կենդանի մարդ և անցնի նրա անցած ճանապարհով՝ օգտվելով թե՛ շարադրված նյութից, թե՛ քարտեզներից, որտեղ խնամքով նշված են նրանց անցած ուղիները»։

Ապա Գեղարքունիքի մարզի Զոլաքարի թիվ 2 դպրոցի ուսուցիչ և «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի դասավանդման աջակցման մասնագետ Մերի Մախսուդյանը և Դիլիջանի միջազգային և Կենտրոնական դպրոցների Գրականության ուսուցիչ, Աշխարհացույցի գրականության բովանդակության մշակող Աստղիկ Ավետիսյանը ուսուցիչների հետ գործնական աշխատանք կատարեցին՝ դասավանդման արդի մեթոդների յուրացումից մինչև աշակերտին ներգրավելու հնարների ներկայացում՝ շեշտադրելով, որ «ուսուցչի կարևորագույն նպատակն է հիացնել, զարմացնել ու ներգրավել 21-րդ դարի աշակերտին, և ապա նա կարող է «ապահով» ընկղմվել Աշխարհացույց հարթակ ու գտնել անհրաժեշտ տեղեկույթը»։

Օրվա ձայները

  • «Միակ ծրագիրն է, միակ կրթական հարթակը, միակ վերապատրաստումն ու թիմը, որ ինքնանպատակ չի աշխատում»
  • «Վերջապես մենք էլ պատմության ու աշխարհագրության ուսուցիչների կողքին կարող ենք նորարար դասեր վարել ու այս առարկան ևս վերակենդանացնել։ Ուս ուսի, որ տանք, սարեր շուռ կտանք»
  • «Առաջին անգամ եմ այսպիսի հանդիպման․ զգացմունքների հեղեղ է, այնքան նորություն իմացանք, գործիքի ծանոթացանք, այնքան հոգատարություն զգացինք ուսուցչի հանեպ։ Ուզում եմ հասնել տուն, բացել համակարգիչս ու սկսել աշխատել»
  • «Անհավանական է, որ այս ամենն անվճար է, ներառականություն ապահովող, մշտապես թարմացվող ու նաև համապատասխան ՀՊՉ-ի պահանջներին։ Հիմա վստահ եմ, որ հարթակը նպաստելու է մեր ժամանակի կառավարմանը, աշակերտների մոտիվացիայի բարձրացմանը, 21-րդ դասրի հմտությունների ձևավորմանը թե՛ աշակետների, թե՛ մեզ՝ ուսուցիչներիս մոտ»
  • «Ես Աշխարհացույցում տեսա բացառիկ հայրենասիրություն․ միայն հայրենասերները կարող են այսքան ահռելի աշխատանք կատարել ու ապահովել այսպիսի միջավայր»
  • «Զարմանք ապրեցինք, որ մի հարթակում այսքան նյութ կա, ուրախություն, որ հարթակում կարող ենք սահիկաշար ստեղծել և սպասում, որ բոլոր հեղինակները լինեն հարթակում»
  • «Մատյաններ, առաջադրանքների շտեմարաններ էլ ավելացրեք, որ Աշխարհացույցից դուրս գալու կարիք այլևս չլինի»

Գրականության մուտքով Աշխարհացույցում ամբողջանում է հայագիտական առարկաների շղթան, ձևավորվելով որպես մի ամբողջական, տարիքին ու կարիքներին համահունչ կրթական շտեմարան, որը նոր հնարավորություններ է բացում թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար։