«Սա աշակերտին դասի հետ կապելու մինչև հիմա եղած լավագույն ձևն է… այն փրկության օղակ է դպրոցների համար»․ զրույց Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի տնօրենի հետ
Uncategorized

«Սա աշակերտին դասի հետ կապելու մինչև հիմա եղած լավագույն ձևն է… այն փրկության օղակ է դպրոցների համար»․ զրույց Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի տնօրենի հետ

Գյումրու 7-րդ հիմնական դպրոցն Ալեք Մանուկյան փողոցում է։ Դպրոցի կապը բարերար Մանուկյանների ընտանիքի հետ սրանով չի ավարտվում։ Տնօրեն Գագիկ Կարապետյանը հիշում է, թե ինչպես 1988-ի երկրաշարժից հետո դպրոցը հայտնվեց տնակային պայմաններում, ու ինչպես տեղի ունեցավ ճակատագրական հանդիպումը բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի հետ, ով հաջորդեց իր հորը՝ Ալեք Մանուկյանին՝ դառնալով Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահը։ Նա խոստացավ օգնել աշակերտներին նորից դպրոցի շենք ունենալ։ Հավատարիմ իր խոսքին՝ երբեմնի երաժշտական ուսումնարանի լքված շենքն ամրացվեց և վերականգնվեց՝ որպես դպրոց։ Երկրաշարժից տասը տարի անց Գագիկ Կարապետյանի ղեկավարած դպրոցը նոր շենք ունեցավ։ Բացմանը ներկա էր նաև Լուիզ Սիմոն Մանուկյանը։

Տասնամյակներ անց դպրոցի և Մանուկյան Սիմոն ընտանիքի ճանապարհները կրկին խաչվեցին․ այս անգամ բարերարը Քրիստին Սիմոնն է՝ Լուիզ Սիմոնի դուստրը։ Գյումրու թիվ 7 դպրոցը մասնակցեց 2024 թ․ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցութային ծրագրին և հաղթեց։ «Վիզուալ Հայաստանի» և նրա հիմնական աջակից, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնի շնորհիվ այն վերազինվեց նորագույն սերնդի սմարթ-էկրանով։

«Սմարթ-էկրանի շնորհիվ մենք թռիչք ապրեցինք,- նկատում է տնօրեն Կարապետյանը,- Մեր դպրոցի նշանաբանն է՝ «Երազի՛ր, սովորի՛ր, նվաճի՛ր»։ Այս սմարթ-էկրանը երազանք ու նվաճում է։ Ես միշտ այն մտքին եմ եղել, որ չի կարելի 21-րդ դարում կրթությունը կազմակերպել արխայիկ մեթոդներով՝ կավիճով և սովորական գրատախտակով։ Դասապրոցեսը պետք է հետաքրքիր լինի աշակերտին, իսկ այս սմարթ-էկրանը չի թողնում, որ երեխան ձանձրանա, ասի՝ երբ պետք է զանգը տա։ Ինքն անընդհատ ընկղմվում է իր համար հետաքրքիր աշխարհ»։

Կարապետյանը Քրիստին Սիմոնին դեռ չի հանդիպել, բայց անհամբեր սպասում է։ Նախ ուզում է անձամբ շնորհակալություն հայտնել, ապա հորդորել՝ կանգ չառնել․ «Եթե մեր հովանավորներն իմանան, թե ինչ մեծ առաքելություն է դպրոցն էլեկտրոնային գրատախտակով զինելը, ավելի շատ ջանք կգործադրեն։ Սա ավելի հզոր ձև է, քան համակարգչային ուսուցումը։ Աշակերտի համար ամեն ինչ ավելի տեսանելի է, ավելի գրավիչ ու սրտամոտ։ Սա փրկության օղակ է դպրոցների համար՝ հատկապես գյուղական։ «Աշխարհացույցը» թույլ է տալիս, որ համաժամանակյա զարգացում լինի քաղաքներում և գյուղերում»։

40 տարվա տնօրեն Գագիկ Կարապետյանն «Աշխարհացույցի» և սմարթ-էկրանի մուտքը դպրոց կրթության տեսանկյունից բեկումնային է համարում։ Դասերն ավելի հետաքրքիր ու աշակերտակենտրոն են դարձել, դասից փախչողները կտրուկ նվազել են. «Ասում եմ` վաղը կգաք դասի, սմարթ-էկրանով ենք դաս անելու։ Ու գալիս են»։ (Ծիծաղում է)

Աշակերտներից շատ Կարապետյանն ինքն է ոգևորված, ասում է՝ լավ սովորողը միշտ գտնում է ճանապարհը, իսկ վատ սովորին պետք է սովորելու ձևը ցույց տալ․ «Սա աշակերտին դասի հետ կապելու մինչև հիմա եղած լավագույն ձևն է։ «Աշխարհացույցի» հետ նա իրեն զգում է ժամանակի քաղաքացի, ժամանակակից մարդ, մասնակցում է դասին, սկսում առաջարկություններ անել։ Սովորողը ոչ թե հոգնում է, սպասում զանգին, այլ մոտիվացվում է։ Ես միշտ մտածել եմ, որ պետք է ունենանք ազգային դպրոց ժամանակակից հագուստով։ Այս գործիքները ժամանակի շունչն են փոխանցում աշակերտին։ Եթե միայն տեսնեիք իմ թոռան հրճվանքը, որ իրենց դասարանում էլէկտրոնային գրատախտակ կա, ու թե ինչպես են իրենք իրենց դասապրոցեսի մասնակից համարում»։

Այլևս անհնար է պատկերացնել դասը կամ նախագծային աշխատանքն առանց սմարթ-էկրանի։ Ամենապահանջված դասասենյակը դպրոցում այն մեկն է, որտեղ սմարթ-էկրանն է։ Իսկ այն առայժմ միակն է Գյումրու թիվ 7 դպրոցում։ Կարապետյանը կատակում է․ «Այս գրատախտակի վատն այն է, որ աշակերտները կռվում են հետս, թե ինչու մեր դասարանում էլ չկա»։

Հավատարիմ իրենց դպրոցի նշանաբանին՝ Գագիկ Կարապետյանը շարունակում է երազել, որ բոլոր դպրոցներն ունենան սմարթ-էկրաններ, որքան հնարավոր է, շատ քանակով:

 

Նկարում ՀԲԸՄ նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնը զրուցում է Գյումրու թիվ 7 դպրոցի աշակերտների հետ․ 1988-ի երկրաշարժից հետո դպրոցը հայտնվել էր տնակային պայմաններում, 1996 թ․, Շիրակի մարզ, Գյումրի
Նկարում ՀԲԸՄ նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնը շփվում է Գյումրու թիվ 7 դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանի և ուսուցիչների հետ` դպրոցի՝ նոր շենքում վերաբացվելուց մեկ տարի անց, 1999 թ․, Շիրակի մարզ, Գյումրի
Նկարում ՀԲԸՄ նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնը շփվում է Գյումրու թիվ 7 դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանի և ուսուցիչների հետ` դպրոցի՝ նոր շենքում վերաբացվելուց մեկ տարի անց, 1999 թ․, Շիրակի մարզ, Գյումրի
Գյումրու թիվ 7 դպրոցի վերականգնված և գործող շենքը, մեր օրեր