
Կրթությունն է ճանապարհը դեպի բարեկեցիկ ապագա
Մինչ տարին մոտենում է իր եզրագծին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ամփոփում է «Աշխարհացույց» ծրագրի շրջանակում 40 հանրակրթական դպրոցների նորագույն սմարթ-էկրաններով համալրելու ծրագիրը:
Դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում էին հավաքվել Երևանի և մարզերի 40 դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ՝ մեկ հարկի տակ տոնելու իրենց հաղթանակը: Այստեղ էին նաև կրթության ոլորտի կազմակերպիչներն ու աջակիցները, «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ու «Աշխարհացույց» ծրագրի գլխավոր աջակից, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը:
Նախ օրվա հերոսներին ողջունեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» ծրագրի հեղինակ Հովհաննես Ղազարյանը. «Ուզում եմ շնորհավորել բոլոր 70 ուսուցիչներին և 460 աշակերտներին, որոնք իրենց աշխատանքի արդյունքում դպրոցի համար վաստակել են ժամանակակից տեխնիկա: Դժվար է պատկերացնել մի ոլորտ, որն անմասն է մնացել ժամանակակից տեխնոլոգիաներից։ Տեխնոլոգիաները մեր առօրյայում են և փոխում են այն: Հետևաբար մեզ համար սկզբունքային էր, որ մենք տրամադրենք ոչ միայն տեխնոլոգիա, այլ նաև տեխնիկա: Եվ մենք որոշեցինք, որ դպրոցների համար ձեռք ենք բերելու լավագույն տեխնիկան, որովհետև լավագույն արդյունքի համար պետք է ունենալ լավագույն գործիքները»:
Հանրակրթական դպրոցները խելացի էկրաններով վերազինելու մրցութային բարեգործական ծրագիրը մեկնարկեց 2023-24 թթ. ուսումնական տարվան ընդառաջ: Սա շարունակությունն էր այն մեծ ծրագրի, որ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը սկսեց ավելի քան մեկուկես տարի առաջ իր «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակով: Ուսուցիչներն այն անվանում են «պատուհան դեպի աշխարհ», չեն վարանում նաև կոչել «մեր ժամանակների գլուխգործոց»: Ուսուցիչների շուրթերից հնչող այս գնահատականներն ամենաարժեքավորն ու ամենաոգևորիչն են ամբողջ թիմի համար։
Արդեն 350-ից ավելի հանրակրթական դպրոցներ օգտվում են «Աշխարհացույց» կրթական հարթակից: Սա պատմություն առարկայի դասավանդման ամբողջովին նոր մոտեցում է, սովորելու և սովորեցնելու նոր մշակույթ, որը հնարավորություն է տալիս ապահովելու 21-րդ դարի կրթական պահանջներին համահունչ դասապրոցես:
Գավառի ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Ամալյա Զոլյանը միջոցառման ներկաներին պատմեց, թե ինչպես ինքն ու իր աշակերտներն «Աշխարհացույցի» միջոցով իրականացրին հայրենի Գավառ-Նոր Բայազետ քաղաքին նվիրված նախագծային աշխատանքը և անվերադարձ սիրահարվեցին ծրագրին: Սեփական փորձով կիսվեց նաև Աբովյան քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանը: Նա պատմեց, թե ինչպես մեկ տարի առաջ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի շնորհիվ իրենց դպրոցը համալրվեց սմարթ-էկրանով՝ փոխելով դպրոցի առօրյան. «Մեր դպրոցը մեկ տարի առաջ արժանացավ այս գեղեցիկ հնարավորությանը, որի շնորհիվ ստեղծեցինք նաև աշխատասենյակ-լսարան, որն անվանեցինք նորարարական կրթության և մտքի թռիչքի սենյակ։ Աշխարհում, կարծում եմ, քիչ հիմնադրամներ կան, որոնք դպրոցներին նվիրաբերած էկրանների թիվը մեկ տարում մեկ-երկուսից հասցնում են քառասունի»,- ասաց Աբովյան քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանը:
Հիացմունքով և հպարտությամբ է ծրագրի մասին խոսում նաև «Աշխահացույցի» գլխավոր աջակից, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը, որն անմիջականորեն ներգրավված է «Վիզուալ Հայաստանի» բոլոր ծրագրերում և սրտացավ է ամեն ինչի համար՝ դետալներից մինչև ռազմավարություն․ «Կարծում եմ՝ բոլորս կհամաձայնենք, որ կրթությունն է ճանապարհը դեպի բարեկեցիկ ապագա։ Իմ ուղերձը ուսուցիչներին հետևյալն է․ խնդրում եմ, երբեք մի թերագնահատեք ձեր կարևորությունը և աշակերտների վրա հսկայական դրական ազդեցություն ունենալու կարողությունը։ Իսկ աշակերտներին ես կոչ եմ անում՝ վերցրեք ձեր կրթությունից այնքան, որքան կարող եք, քանզի այն բացում է ապագայի հնարավորությունները»:
Եվ այսպես, «Վիզուալ Հայաստան» հիմնադրամն «Աշխարհացույց» ծրագրի միջոցով դպրոց հասցրեց 21-րդ դարի շունչը: Հաշվի առնելով կրթական հարթակի հնարավորությունների լիարժեք կիրառման կարևորությունը՝ այն մշակեց մրցութային ծրագիր, որին մասնակցության հայտ ներկայացրեց 60 դպրոց: Որպես մրցանակ՝ սմարթ-էկրանը դպրոց բերելու պայմանն ու ճանապարհը մեկն էր. պետք էր ներկայացնել «Իմ բնակավայրը» խորագրով նախագծային աշխատանք: Թեմայի ընտրությունը պատահական չէր. հայրենաճանաչության միջոցով հայրենասիրությունը զարգացնելու ևս մեկ առիթ էր սա: Հաղթող 40 դպրոցների նախագծային աշխատանք կատարած աշակերտներն ու ուսուցիչները դեկտեմբերի 2-ին Մատենադարանում էին՝ ստանալու պատվոգրեր և պատմելու իրենց փորձի մասին: Ու նրանք պատմեցին, թե որքան ոգևորված էին նորովի բացահայտելու իրենց այդքան հայտնի ու միաժամանակ անհայտ քաղաքներն ու գյուղերը: Հայրենիքը բացահայտելիս նրանք բացահայտեցին նաև թիմային աշխատանքի առավելությունները։ Այժմ հպարտության մեծ առիթ ունեն. իրենք են այն հերոսները, որոնք իրենց աշխատանքի շնորհիվ սեփական դպրոցի համար վաստակեցին այդքան անհրաժեշտ սմարթ-էկրանը:
«Շատ հաճախ երեխաների հետ զրուցելիս ուզում եմ իրենց հասցնել, որ հայրենասիրությունն ու հայրենիքը հենց այս պահին են, հենց մենք ենք: Ու հենց հիմա բոլոր աշակերտներին ուզում եմ ասել, որ հայրենասերները հիմա այս դահլիճում են: Հայրենասիրությունը գործընթաց է, որն անընդհատ ընթացքի մեջ է, ու մենք բոլորս դրա շարժիչ մասնիկներն ենք»,- իր ելույթով բոլոր ներկաներին հուզեց «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչ Լուսինե Դիլսիզյանը:
Մրցութային ծրագրի հաղթողներին շնորհավորեց «Աշխարհացույց» կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը, որը կանգնած է ծրագրի ակունքներում, գիտի յուրաքանչյուր դետալ և մասնակցի: Նա մասնակիցն է «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի յուրաքանչյուր ծրագրի իրագործման և քաջատեղյակ է մրցութային ծրագրի բոլոր մանրամասներից:
«Սա ամեն ինչից զատ վստահության ծրագիր էր, կուզեք՝ վստահության վերականգնման, որն ուղղված էր որպես ծրագրի, հաստատության, մարդու հանդեպ, վստահություն սեփական ուժերի և միմյանց նկատմամբ: Մեր օրերում եզակի մի բան, որի ձեռքբերումը մենք շատ բարձր ենք գնահատում: Այո, երջանիկ ենք, որ կարողացել ենք ուսուցչական և աշակերտական համայնքին փոխանցել վստահության զգացողություն»,— ասաց Արևիկ Ավետիսյանը:
40 սմարթ-էկրանների տրամադրումը հանրակրթական դպրոցներին մեծ ծրագրի սկիզբն է միայն: Ծրագիրը կշարունակվի նաև 2024-ին։ Շատերին ոգևորող այս լուրը ներկաներին հայտնեց «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, «Աշխարհացույց» ծրագրի գլխավոր աջակից Քրիստին Սիմոնը։ 2024 թվականին«Վիզուալ Հայաստան» հիմնադրամը ևս 50 սմարթ-էկրան վաստակելու հնարավորություն կընձեռի «Աշխարհացույց» ծրագրի շրջանակներում։
«2024 թվականը դառնալու է կրթական առաջընթացի, բովանդակության հարստացման և դպրոցների տեխնիկական վերազինման տարի։ Մենք շատ ուրախ ենք, որ «Աշխարհացույցն» այդքան մեծ ներգրավում ունի, և հուսով ենք, որ հաջորդ տարի շատ ավելի մեծ թվով ուսուցիչներ և աշակերտներ կդառնան մեր ծրագրերի շահառուները»,- ասաց Քրիստին Սիմոնը: