Հայաստանի 40 հանրակրթական դպրոց համալրվեց վերջին սերնդի սմարթ-էկրաններով
Դեկտեմբերի 2-ին Մատենադարանում կայացավ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում» մրցութային ծրագրի ամփոփումը և մրցանակների շնորհման արարողությունը։ Իրենց պարգևները ստանալու էին եկել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից և Երևանից 40 դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ։
«Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է դպրոցներին վերազինել նորագույն կրթական տեխնիկայով և նպաստել նախագծային ուսուցման կարողությունների զարգացմանը։
«Ծրագիրը մշակվել և առաջնահերթություն է ստացել ուսուցիչների բարձրաձայնած կարիքների վերլուծության արդյունքում։ Սմարթ-էկրանները հնարավորություն կտան լավագույնս օգտվել «Աշխարհացույց» կրթական հարթակից, ներդնել դասավանդման արդի մեթոդներ և գործիքակազմ՝ բարձրացնելով դասապրոցեսի արդյունավետությունը։ Մենք նպատակ ունենք այն դարձնել շարունակական ու առավել մասշտաբային և հայ աշակերտի համար ապահովել 21-րդ դարի պահանջներին համապատասխան դասապրոցես, հետևաբար՝ նոր կրթական որակ»,— իր խոսքում նշում է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։
«Կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք, որ կրթությունն է ճանապարհը դեպի բարեկեցիկ ապագա։ Երբ կրթությունը ներառում է թե՛ բովանդակություն, թե՛ գործիքներ, որոնք խթանում և ոգեշնչում են ուսուցիչներին դասավանդելիս, իսկ աշակերտներին սովորելիս, ականատես ենք լինում ընկալունակության բարձրացման, խնդիրների վերլուծության կարողության և քննադատական մտածողության զարգացման։ Արդյունքում, մեր աշակերտներն ինչ ուղի էլ ընտրեն կյանքում՝ լինել առաջնորդ, գործարար, գյուղատնտես, ուսուցիչ, թե պարզապես ծնող, նրանք այդ դերը շատ ավելի լավ են կատարելու»,— ասում է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը՝ հավելելով, որ ծրագիրը շարունակական է լինելու, և հաջորդ տարի Հայաստանի ևս 50 դպրոց հնարավորություն կունենա սեփական աշխատանքով վաստակելու ժամանակի լավագույն կրթական տեխնիկա։
Հակոբ Կոջոյան կրթահամալիրի պատմության ուսուցիչ Լուսինե Դիլսիզյանն էլ իր ելույթում նշեց․ «Ես շատ եմ զրուցում երեխաների հետ այն մասին, թե ինչ է հայրենիքը։ Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, բառերն այսօր կորցրել են իրենց իրական իմաստը, արժեքներն այսօր շատ են փոխվել։ Բայց մի արժեք անջնջելի է՝ հայրենի հողը, հայրենասիրությունը։ Հենց այստեղ այս պահը հայրենասիրության դրսևորում է, այստեղ հայրենասերներ են հավաքված»։
Նշենք, որ Ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է բարեգործական։ Ծրագրին մասնակցել է 59 հանրակրթական դպրոց։ Հաղթող ճանաչված 40 դպրոցներից Ծրագրում ներգրավված են 70 ուսուցիչ և 460 աշակերտ։ Հաղթողների ընտրությունը կատարել է Ընտրող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են եղել հիմնադրամի և կրթական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Ծրագիրն անցկացվել է երկու փուլով։ Առաջին փուլում ընտրվել են ծրագրի տեխնիկական պահանջներին համապատասխան դպրոցներ, իսկ երկրորդ փուլում մասնակից դպրոցներից պահանջվել է իրականացնել «Իմ բնակավայրը» խորագրով նախագծային աշխատանք՝ հիմնադրամի կողմից սահմանված չափանիշների համաձայն։