«Աշխարհացույց» հարթակը Մանկավարժական մտքի ամենամյա փառատոնին
Uncategorized

«Աշխարհացույց» հարթակը Մանկավարժական մտքի ամենամյա փառատոնին

Դեկտեմբերի 9-ին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական հարթակը ներկայացվեց Մանկավարժական մտքի ամենամյա՝ IV փառատոնում, որն անցկացվեց Գլոբալ Բրիջ դպրոցում և իր շուրջ համախմբեց Հայաստանի բոլոր մարզերից ժամանած ավելի քան 200 խոսնակի և 500 մասնակցի։

Փառատոնի նպատակն էր մեկ հարկի տակ հավաքել Հայաստանի Հանրապետության մանկավարժական համայնքին, նրանց համար ապահովել նոր հարթակների հետ ծանոթանալու, փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և համագործակցության հնարավորություններ։

«Վիզուալ Հայաստան» հիմնադրամի՝ «Ուսուցչի մենթորական կարողությունների զարգացման կրթաթոշակ» ծրագրի մասնակից ուսուցիչներ Տաթև Խաչիկյանը և Հասմիկ Բարսեղյանը «Աշխարհացույց» ծրագրի վերապատրաստող ուսուցիչներ Հայկանուշ Ղևոնդյանի և Մարիամ Խաչատրյանի հետ ներկայացրեցին «Աշխարհացույց» կրթական հարթակի միջոցով դասերի կազմակերպման, ինչպես նաև նախագծային աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները՝ մասնագիտական երկխոսություն ծավալելով մայրաքաղաքի և մարզերի իրենց գործընկերների հետ: «Աշխարհացույց»-ից օգտվող աշակերտները ևս ներկա էին փառատոնին․ նրանք ջանասիրաբար ներկայացնում էին  հարթակի գործիքակազմը և օգնում, որ նոր ուսուցիչները գրանցվեն հարթակում։ 

«Շնորհակալ ենք կազմակերպիչներին և՛ միջոցառման, և՛ մեզ ներգրավվելու համար։ Փառատոնը մտքերի ու փորձի փոխանակման յուրահատուկ հարթակ է, ուսուցիչ-աշակերտ գործակցության հիանալի միջավայր։ Մեր տաղավարի հյուրերի արձագանքը շատ ոգևորող ու պարտավորեցնող էր, կշարունակենք աշխատել», — նշեց «Աշխարհացույց» կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։

«Աշխարհացույց»-ի մասին դրական արձագանքները բազմաթիվ էին․ «Աշխարհացույց հարթակը նոր մոտեցում է, որը մեզ՝ ուսուցիչներիս, այնքան պետք է»,- ասում է փառատոնի մասնակից ուսուցիչներից մեկը, մյուսն էլ հավելում․ «Հրաշալի նախաձեռնություն է։ Հարթակի գործիքակազմը բավարար է, որպեսզի սովորողը լիարժեք գիտելիքներով վերադառնա տուն։ Այն նպաստում է  երեխաների գիտելիքների զարգացմանը։ Շնորհակալություն, այս անչափ կարևոր գործիքի համար»։