Իմ Աշխարհացույցը․ քարտեզագրելով Եղվարդն այլ աչքերով
Uncategorized

Իմ Աշխարհացույցը․ քարտեզագրելով Եղվարդն այլ աչքերով

Շարունակվում է ռադիո «Արևիկի» շարքը՝ նվիրված Վիզուալ Հայաստանի՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» ծրագրին։ Ռադիոյի «Զարթուցիչ» հաղորդաշարի տաղավարում այս անգամ հյուրընկալվել էին «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» ծրագրի մասնակից և հաղթող Եղվարդի համար 1 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մանյա Սահակյանը և խմբի անդամներից Թամարան և Միլենան։

Օրն ու հարցազրույցի թեման պատահական չէին ընտրվել։ Քաղաքների համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 31-ը, ՄԱԿ-ի սահմանած տոներից է և նշվում է 2014 թվականից սկսած։ Քաղաքային թեմատիկային էին անդրադարձել նաև տաղավարի հյուրերը, նրանք մասնակցել և հաղթել էին նախագծային մրցույթին ներկայացնելով՝ «Իմ Աշխարհացույցը․ քարտեզագրելով Եղվարդն այլ աչքերով» նախագծային աշխատանքը։ Այն հարցին, թե ինչո՞ւ սովորողներն ընտրեցին նախագծային աշխատանքի հենց այս թեման, խմբի ղեկավար Մանյա Սահակյանը շեշտեց, որ նպատակ ունեին քաղաքը տեսնել աշակերտների, քաղաքացիների, համայնքի, նոր սերնդի պատկերացումներով ու տեսլականով։ Այս թեման ընտրելով սովորողները փորձել են շեշտադրել ոչ թե Եղվարդի պատմական և մշակութային հարստությունների բացահայտումը, այլև քաղաքի հանդեպ նոր սերնդի ունեցած մոտեցումները, քաղաքի զարգացման ու ապագայի հանդեպ սովորողների տեսլականը։

Տիկին Սահակյանը նաև շեշտեց, որ նախագծային աշխատանքը հնարավորություն տվեց սովորողներին բացահայտել քաղաքի այնպիսի կողմերը, որոնք առօրյայում հնարավոր չէ տեսնել, օրինակ Եղվարդի բնակչուհիներից մեկի տանն է պահվում հնագույն ավետարան, որը ծագում է Երուսաղեմից և թվագրվում է 1464 թ․, Եղվարդում կա քիչ հայտնի բացօթյա թատրոն, մոռացությունից վերագտնվել և նորից մշակվել է Եղվարդին նվիրված երգի երաժշտությունը, որի խոսքերի հեղինակն հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն է եղել։ Այս ամենն ու դեռ ավելին արվեց նախագծային աշխատանքի շնորհիվ, որից հետո սովորողները վերաիմաստավորեցին իրենց արմատները, նորովի վերագնահատեցին քաղաքը՝ բացահայտելով քաղաքի մասին այնպիսի բազմաբովանդակ նյութեր, նոր փաստեր ու տեղեկություններ, որոնք մինչ այդ չէին իմացել։ Սովորողներն անկեղծորեն կիսվեցին, որ նախագծային աշխատանքը հնարավորություն տվեց իրենց ավելի խորությամբ ուսումնասիրել քաղաքը, և մտածել «իսկ ի՞նչ կարելի է անել քաղաքի համար, ինչպե՞ս զարգացնել քաղաքի զբոսաշրջությունը և ինչպե՞ս ավելի շատ լուսաբանել քաղաքը»։ Սովորողները խոստովանում են, որ նախագծային աշխատանքի ավարտից հետո այլ աչքերով են սկսել տեսնել ու սիրել սեփական քաղաքը։

Թամարան և Միլենան պատմեցին նաև, որ սմարթ-էկրանն ապահովում է ինտերակտիվ ուսուցում։ Նրանք նշեցին, որ սմարթ-էկրանն օգնել է հեշտությամբ ճանաչել և ընկալել ժամանակի ու տարածության կապը՝ դասերը դարձնելով ավելի դինամիկ և հետաքրքիր։ «Ակտիվ ուսուցում ենք կազմակերպում հարթակի դինամիկ քարտեզներով, չափումներ ու նշումներ անելու հնարավորություններով․ դրանք պահպանելու հնարավորություն էլ կա, որն օգնում է խնայել ժամանակը։ Էկրանի ու Աշխարհացույց հարթակի շնորհիվ աշակերտները կարողանում են գործակցաբար աշխատել, իրենց գաղափարները կամ լուծումները, թեմայի վերլուծությունն անմիջապես ցուցադրել, պատկերել դասարանում», — հավելեց տիկին Սահակյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ լսելու համար անցեք այս հղումով` https://bit.ly/3AnSc6s, կամ ունկնդրել ստորև.