«Աշխարհացույցը» ներկայացվեց «Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովին
Uncategorized

«Աշխարհացույցը» ներկայացվեց «Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովին

Նոյեմբերի 12-ին Մանկավարժական համալսարանում կայացավ «Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը։ Այն նվիրված էր պատմության դասավանդման հետևյալ հիմնահարցերին՝

  • պատմության դասավանդման մեթոդիկայի ձևավորման և զարգացման հիմնական փուլեր (ՀՀ, հետխորհրդային երկրների և արևմտյան օրինակով),
  • պատմության դասավանդման ընթացքում քարտեզների օգտագործում,
  • պատմական աղբյուրների վերլուծության մեթոդական մոտեցումներ,
  • նորարարություններ և այլն։

Գիտաժողովին զեկույցներ եղան Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Գերմանիայից։ Գիտաժողովին զեկույցով հանդես եկավ նաև «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական նորարարական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։ Նրա զեկույցի թեման էր՝ «Նորարությունների մուտքը հանրակրթական դպրոց «Աշխարհացույց» կրթական հարթակի օրինակով․ մարտահրավերներ և հնարավորություններ»։ Բանախոսը ներկայացրեց նորարարությունները դպրոց տանելու Հիմնադրամի մշակած և հաջողությամբ ներդրած ճանապարհային քարտեզը՝ ապա առանձնացնելով դպրոցական համալիրի երեք կարևոր բաղադրիչները՝ մանկավարժական ներուժը, կրթական միջավայրը, բովանդակությունն ու ռեսուրսները՝ դրանք վերլուծեց որպես մարտահրավեր և հնարավորություն։

2021 թ․-ից հայկական կրթական միջավայրում ներդրված է կարողունակությունների (կոմպետեցիաների) վրա հիմնված ուսումնական ծրագիր։ Ծրագրի ներդրումը դարձավ մարտահրավերային, որը սակայն միևնույն ժամանակ բարեբեր միջավայր է նորարարությունների և նորարարություններ մշակող կազմակերպությունների համար, քանի որ ներդրված ուսումնական նոր ծրագիրը սահմանում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը, այն չունի ուսուցման և զարգացման բավարար միջավայր՝ աջակցող ծրագրեր, հարթակներ և այլն։ Այստեղ մարտահրավերը դառնում է հնարավորություն։ Օրինակ, «Աշխարհացույց» կրթական հարթակը և՛ բովանդակությամբ, և՛ կառուցվածքով հարմարեցված է պետական ​​նոր ուսումնական ծրագրին՝ առանցքում ունենալով կարողունակությունների առանցքային հարցը։

Հիմնադրամի մենթոր ուսուցիչներ Նաիրա Երկանյանը և Անի Հովհաննիսյանը նույնպես հանդես եկան զեկույցով՝ «Թվային կրթությունը և արհեստական բանականությունը պատմության դասավանդման գործընթացում» խորագրի ներքո։ Բանախոսները շեշտեցին, որ ներկայումս արհեստական բանականության սրընթաց զարգացումը հնարավորություններ է բացել ՄԱԿ-ի Կայուն զարգացման Նպատակ 4-ին՝ Որակյալ կրթությանը հասնելու համար, սակայն պետք է հաշվի առնել նաև մեծ մարտահրավեր տեխնոլոգիական անջրպետը, որը կարող է խորանալ տեխնլոգիապես հագեցած և չհագեցած միջավայրերի միջև։ Զեկույցում ներկայացվեցին նաև ԱԲ-ի ընձեռած այն հնարավորությունների մասին, որոնք զգալիորեն դյուրինացնում են հետազոտողների աշխատանքը, օրինակ՝ մեռած լեզուների և պատմական արձանագրություններ կարդալն ու վերծանելը։

Գիտաժողովը հնարավորություն տվեց մտքեր փոխանակել տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված հանրակրթության ոլորտի առկա խնդիրների շուրջ, օրինակ՝ ինչպե՞ս արդյունավետ կազմակերպել ուսուցիչների վերապատրաստումները, ինչպե՞ս ուսուցչին տալ կարողունակությունների վրա կազմված բովանդակային միջավայր, ի՞նչպես ապահովել ԱԲ-ի և մյուս նորարարական տեխնոլոգիաների գրագետ մուտքն ու կիրառումը և այլն։ Մասնակիցները կարևորեցին, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել արդի հիմնախնդիրները և փորձարկված օրինակներով մշակել հնարավոր լուծումները և այս ամենը դարձնել հաջորդ գիտաժողովի քննարկման նյութ։