«Հոսող» գյուղ Ողջաբերդի միակ դպրոցը ստացավ իր վաստակած սմարթ-էկրանը
«Ձեր գործն արդար է․ շնորհակալ եմ և՛ ձեզ, և՛ ձեր ծրագրին, որ գնահատեցիք երեխեքիս աշխատանքը, որ չվախեցաք մեր պայմաններից․․․ էս մեր համար շատ մեծ բան է»,- զսպված հուզմունքով նշում է «հոսող» գյուղի միակ դպրոցի տնօրեն Վահրամ Գրիգորյանը։
Ողջաբերդում դասերը դպրոցի 104 սովորողների համար կազմակերպվում են վագոն-տնակներում, որոնց անմիջապես կողքին լքված ու քանդվող նախկին դպրոցն է։ «Գյուղի խնդիրները մեզնից լավ ոչ ոք չգիտի ու չի պատկերացնում։ Երբ իմացանք «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի նախագծային մրցույթ-ծրագրի մասին, որոշեցինք մենք էլ մասնակցել», — հիշում է նախագծային խմբի ղեկավար, աշխարհագրության ուսուցչուհի Ալիսա Թանդարյանը։
Ստեղծագործական թիմի համար թեմայի ընտրությունն այլընտրանք չուներ՝ «Իմ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԸ․ քարտեզագրելով Ողջաբերդի հիմնախնդիրները»։ «Նախագիծն արդիական է։ Մեր նպատակն էր հանրությանը ևս մեկ անգամ իրազեկել սողանքի ակտիվացման դեմ պայքարի և կանխարգելիչ քայլերի իրականացման հրատապության մասին»,-իրար լրացնելով նշում են սովորողները։
Սմարթ-էկրանը վագոն-դասարանում ամրացնելը հեշտ գործ չեղավ․ տնօրենն ու իր սաները հապճեպ հայթայթեցին անհրաժեշտ ամրացման բոլոր պարագաներն ու տեխնիկական թիմի հետ ձեռնամուխ եղան իրենց վաստակած նորագույն կրթական
տեխնիկայով սենյակի կահավորմանը։
Նախագծային աշխատանք կատարող թիմը բաղկացած է եղել 7-րդ, 9-րդ և 10-րդ դասարանի 10 սովորողներից, որոնք, ըստ կարողունակությունների, բաժանվել են երկրաբանների, քարտեզագիրների, կրթության ոլորտի պատասխանատուների և
լրագրողների։ Աշխարհագրության, հասարակագիտության և պատմության ուսուցիչների օգնությամբ նրանք ուսումնասիրել են գյուղի պատմությունն ու արդիական խնդիրները` ձևավորելով հաղորդակցային, հետազոտական և վերլուծական հմտություններ, իսկ
ինֆորմատիկայի ուսուցչի օգնությամբ կիրառել են ՏՀՏ գործիքներ տվյալների վերլուծության և մեդիանյութերի մշակման համար:
Նախագծային աշխատանքի վերջնարդյունքում ստեղծել են իրազեկող պաստառ և գրքույկ՝ երկարաժամկետ կանխարգելիչ հակասողանքային միջոցառումների առաջարկներով։ «Սողանքավտանգ տարածքում մակերևույթային ջրահոսքերի կառավարման նպատակով կարելի է ստեղծել վերգետնյա ցամաքուրդային համակարգ (լանջառուներ), համայնքի գյուղատնտեսական հողերը
չջրահագեցնելու համար ներդնել նորագույն կաթիլային ոռոգման համակարգեր, պարբերաբար իրականացնել
ծառատունկ, խնայողաբար օգտագործել ոռոգման ջուրը»,-նշում են աշխատանքի նախագծայինի
արդյունքում խնդրի «փորձագետներ» դարձած մեր սովորողները։